Ընթացիկ տարվա ապրիլից ի վեր անգլիական մամուլի որոշ օրգաններ արձագանքում են խորհրդարանական շրջանակներում քննարկվող իրարամերժ տեսակետներին, որոնք վերաբերում են Օքսֆորդի համալսարանին նվիրաբերված 10 մլն ստերլինգին, որի նպատակը, ըստ նույն համալսարանի պաշտոնական հաղորդագրության, համալսարանում Ադրբեջանի եւ ընդհանրապես Կովկասի հարցերի ուսումնասիրության կենտրոն ստեղծելն է։ Արտաքուստ շատ ընդունելի նախաձեռնություն, որը, սակայն, կասկածների տեղիք է տվել խորհրդարանի պատգամավորների, մամուլի եւ հասարակական կազմակերպությունների, մասնավորաբար՝ Տեղեկատվության ազատություն ՀԿ-ի մոտ։
Կասկածելին, առաջին հերթին, գումարի մեծությունն է՝ շուրջ 16 միլիոն դոլար։ Երկրորդ՝ նվիրատուի անձը՝ Իլհամ Ալիեւի քենին, Մեհրիբան Ալիեւայի քույրը, որի շռայլ «գիտակրթասիրությունը» կասկածներ է առաջացրել Տեղեկատվության ազատության ջատագովների մոտ, որոնք կոռուպցիոն ռիսկեր են տեսել եղածի մեջ, կաշառատվության տարրեր, ու դիմել են դատարան՝ նվիրատվության փաստաթղթերին ծանոթանալու պահանջով։
Հուլիսի 24-ին Լոնդոնի դատարանը քննեց վարույթ ընդունած այդ գործը եւ արձակեց վճիռ, ըստ որի անօրինական ոչինչ չկա գործարքի մեջ եւ, միաժամանակ, մերժեց հայցվորի պահանջը ծանոթանալու փաստաթղթերին, առարկելով, որ դրանք կողմերի անձեռնմխելի սեփականությունն են։
Սակայն, լավատեղյակ դիտորդների կարծիքով, դատարանի այդ որոշմամբ հարցը չի փակվում. շահագրգիռ կողմը դեռեւս չունի պատասխան այն հարցին, թե Ալիեւի քենին ինչո՞ւ այդքան «ջոմարդ» է եղել մի՝ անվանապես գիտահետազոտական ծրագրի նկատմամբ։
Այս առիթով հիշեցնենք. Ալիեւ ընտանիքը, ի հեճուկս ադրբեջանական մտածող հասարակության, եվրոպական շրջանակներում հայտնի է կաշառատվության, կաշառքով տարբեր հարցեր՝ քաղաքականից մինչեւ պատմական, մշակութային ու գիտական, լուծելու հմտությամբ։ Հիշողություններում դեռ թարմ են նույնիսկ UNESCO-ի ղեկավարությանը կաշառքով առնելու փաստերը։ Հերթական՝ կամավոր զոհը այսօր Օքսֆորդի հեղինակավոր համալսարանն է, որը 10 միլիոն ֆունտ ստերլինգով իր պատկառելի հարթակները տրամադրելու է ադրբեջանական հակագիտական, այս դեպքում՝ հակահայկական, հակապատմագիտական նենգափոխությունների ամբիոնի ստեղծմանը, այն էլ՝ բրիտանական դատարանի մեղսավոր թողտվությամբ։
Ահա՛ մի նոր ճակատ մեր գիտահետազոտական ամբիոնների, գիտական հասարակության եւ Ազգային Ակադեմիայի համար։ Պատրաստ լինենք վերցնելու մեր ուղղությամբ նետված ձեռնոցը՝ չունենալով հանդերձ փող, պետական նեցուկ եւ հասարակական աջակցություն։ Բայց մեզ հետ է ճշմարտությունը։ Կառչենք դրանից։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ