Ադրբեջանը բավականաչափ ռեսուրս չունի՝ ռազմական ուժով ՀՀ տարածքում որևէ խնդիր լուծելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ու ավելացրել, որ այսօր ադրբեջանցիների կողմից բանակցությունների չներկայանալը դեռ չի նշանակում ռազմական գործողությունների վերսկսում:
«Հատելով ՀՀ սահմանը ադրբեջանցիները խնդիր են առաջացրել ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՀԱՊԿ-ի դաշնակիցների համար: Ըստ էության, խնդիրը կարգավորելու համար ադրբեջանական կողմը պայմաններ է դնում, նրանք խոսում են դեմարկացիայի մասին, բայց ակնհայտ է, որ առանց Արցախի կարգավիճակի խնդիրը լուծման, նման գործընթաց չի կարող սկսվել: Սակայն, նրանց անհրաժեշտ է արագ իրավական տեսակետից պատերազմի արդյունքների ամրագրում։ Նման շտապողականությունը վտանգներ է ներառում բոլոր այն ծրագրերի համար, որոնք ռուսական կողմի միջնորդությամբ պայմանավորվեն են իրականացնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Հատկապես խոսքը գնում է կոմունիկացիաների ապաշրջափակման և միջանցքների հարցերին»,- շեշտել է քաղաքագետը:
Մելիք-Շահնազարյանի խոսքերով՝ Ադրբեջանը հույս ունի ստանալ ավելին, քան նախապես կողմերը պայմանավորվել էին, և այդ ձգտումների մեջ նրանք փորձում են առաջնագծում, փորձում են ռազմական ուժով պարտադրել իրենց կամքը:
«Սա լուրջ սպառնալիք է: Քանի որ նրանց այդ ծրագրերը կենսական վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար: Մեզ մոտ ոչ թե բանակցություններ էին, այլ լոկալ քննարկումներ: Նման դեպքերում բանակցությունները պետք է շատ ավելի բարձր մակարդակով տեղի ունենան»,- շեշտել է նա ու ավելացրել. «Հայաստանը շատ լուրջ սխալներ է թույլ տվել, երբ չի ընդդիմացել Ադրբեջանի այդ քայլերին: Ըստ էության պետք էր նրանց դուրս վռնդել այնտեղից, թույլ չտալ, որ նրանք ՀՀ տարածք ներխուժեն, այս առումով մեր բացթողումը լուրջ է»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Երևանի պահանջները պետք է ավելի կոնկրետ լինեն և գործնական: Օրինակ` պետք է նշել այն ողջամիտ ժամկետները, քանի որ երկու կողմի համար ժամկետները կարող են տարբեր լինել։ «Ես հասկանում եմ, որ Երևանը ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի էսկալացիայից, բայց այսպիսի քայլերով մենք նպաստում ենք նրան, որ Ադրբեջանը ավելի է համոզվում իր որոշման արդյունավետության մեջ: Այս պահի դրությամբ պետք է բարձրաձայնվեն այդ վերջնաժամկետները»,-ասել է նա:
Իրավիճակի սրմանը զուգահեռ ԱՄՆ-ն այսօր հայտարարություն է տարածել եւ իր քաղաքացիների կոչ արել ձեռնպահ մնալ Հայաստան ճամփորդելուց։ Սա, մեր զրուցակցի կարծիքով, պայմանավորված է պատերազմի վտանգով:
«Նրանք տեսնում են ռիսկ, և այդ մասին բարձրաձայնում են: Ես շատ իրատեսական եմ համարում պատերազմի վերսկսման հավանականությունը, բայց հույս ունեմ, որ ռազմաքաղաքական ճիշտ աշխատանքի դեպքում, հնարավոր է լուծել այս խնդիրը առանց ռազմական գործողությունների»,- նշել է քաղաքագետը եւ ընդգծել, որ չպետք է տրվել Ադրբեջանի շանտաժին գիտակցելով, որ ռազմական ուժով ՀՀ տարածքում նրանք որևէ խնդիր լուծելու պոտենցիալ չունեն:
«Ադրբեջանն այդ պոտենցիալը չունի և եթե մենք ավելի վստահ լինենք մեր գործողություններում, միանշանակ հաջողություններ ենք ունենալու: Մենք չպետք է ենթարկվենք այդ շանտաժին և, ըստ էության, մենք այսօր բանակցելու որևէ բան չունենք: Պետք է դրվի հստակ պահանջ, զորքերը դուրս բերելու և այդ պայամնը չկատարելու դեպքում անցնել այլ ճանապարհով այդ խնդիրը լուծելուն»,- եզրափակել է Մելիք-Շահնազարյանը:
Աղբյուր` Փաստինֆո