Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը. գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՊՆ նախկին շենքը պայթեցնելուն:
Նա, մասնավորապես, նշել է.
«Իսկ մանկությունը մի թռչուն է՝ թելով կապված մեր սրտերից.
Թելը պոկվում է, նա թռչում ու հեռանում է մեզանից…
Շենքը, որ երեկ պայթեցվեց, մինչև ՊՆ-ին հանձնելը եղել էր «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորման շենքը։ Միութենական նշանակության հիմնարկ էր, Սովետում ամենամեծերից մեկը։ Միավորումը երեք մասից էր կազմված՝ գիտահետազոտական ինստիտուտ, փորձարարական գործարան և հատուկ մասնագիտացված կոնստրուկտորա-տեխնիկական բյուրո։
Հայրս բյուրոյի տնօրենն էր, հետո դարձավ միավորման գլխ․ ինժեները և գլխ․ տնօրենի տեղակալը։ ՍՍՀՄ վաստակավոր ինժեներ էր։ Գլխ․ տնօրենն ակադեմիկոս էր։ Լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
92-ին շենքը փոխանցեցին ՊՆ հաշվեկշիռ։ Այդ մասը բաց թողնեմ․․․ Բայց հիշում եմ, որ մի 20 տարի առաջ, երբ ԵԱՀԿ-ում էի աշխատում, այցելեցի ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյայի։ Հորս բյորոյի աշխատասենյակում էր նստում։ Երևի մի 15 տարի չէի եղել։ Ուշադիր կողքս էի նայում։ Հարցրեց․
– Այստեղ եղե՞լ եք։
– Շատ։
– Ե՞րբ,- զարմացած հարցրեց գեներալը։
– Այ է՜ս տարիքից․․․․
ՊՆ-ից հետո շենքը մնաց անտեր։ Իսկ երեկ պայթեցրեցին։ Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը։ Լավ է հայրս չտեսավ․․․»։