Նիկոլ Փաշինյանը ոչ անսպասելի լայվ մտավ Աշտարակին կից քարե անապատի մերձակայքից և միայն իրեն բնորոշ վստահությամբ ազդարարեց՝ այդ վայրում կառուցվելու է ակադեմիական քաղաք։
Azg.am-ը ներկայացնում է «Համախմբում» շարժման աջակից, տնտեսագետ Հրայր Կամենդատյանի նոր հոդվածը՝ հիմնավորումներ, որ ուղղակի օդը նորից տատանվել է և այս անգամ՝ Աշտարակում։
Հրայր Կամենդատյանը գրել է.
Իհարկե, նրանից ավելի անբռնազբոս հայտարարություններ լսելու տարիների տառապանքը որոշակի իմունիտետ է ձևավորել գիտակից մարդկանց շրջանում, բայց այս անգամ նա գերազանցեց ինքն իրեն։
Իսկ ի՞նչ տեսիլք էր նրա հայտարարած ակադեմիական քաղաքը, ի՞նչ էր երևացել նրա աչքին։
Հերթականությամբ ներկայացնենք։
Ինչպես հասկացանք նրա հուզառատ խոսքից,
1. Ակադեմիական քաղաքը լինելու է, բայց դեռևս չկան մասնագիտական կարծիքներ և ուսումնասիրություններ։ Դա նշանակում է, որ Աշտարակի մոտ ընդամենը օդ է տատանվել, և հայտարարության տակ ոչինչ չկա։
2. Չեղած գիտական քաղաքում լինելու է տրամվայ։ Հաշվի առնելով դասի գնացող-վերադարձող ուսանողների, դասախոսների 5-8000 հոգանոց բազմությունը և մեկ տրամվայի՝ 50 հոգի բեռնատարողունակությունը, ապա դասերը սկսվելուց մեկ ժամ առաջ, դեպի Աշտարակ պետք է շարժվի նույն գծով առնվազն 100 տրամվայ։ Դա էլ նշանակում է, որ Երևանի ծայրամասից ձգվելու է երեք կիլոմետրանոց տրամվայ անակոնդա։
Ասվածի տեխնիկական հեռանկարը պարզորոշ է դարձնում, որ նման բան չի լինելու և դա էլ է ընդամենը օդի տատանում՝ ոչ ավելին։
3. Չեղած գիտական կենտրոնում լինելու է կինոարվեստի կլաստեր։ Տնտեսագիտության մեջ կլաստեր անվանում են ձեռնարկությունների հորիզոնական կենտրոնացումը և գիտական կիրառական լաբորատորիաների հետ նույն տարածքում համատեղությունը։ Հիմա իմ բացատրած կլաստեր բառը ի՞նչ կապ ունի «Հայֆիլմի» ավերակների վրա իբր ստեղծվելիք գեղարվեստի կենտրոնի հետ։ Իհարկե, կապ չունի, պարզապես էլի օդն է տատանվել։
4. Չեղած գիտական քաղաքում լինելու է ռազմական ուսուցման ավագ ինչ-որ դպրոց։ Ինչ- որ մեկը պատկերացնո՞ւմ է, թե քիմիական պաշտպանության հանդերձանքով կուրսանտներն ինչպես են վազքի մրցումներ կատարելու գիտական քաղաքի սրտում, կամ ինչո՞ւ է պատերազմող երկիրը ռազմական նշանակության օբյեկտ տեղակայում գերթանկարժեք քաղաքի տարածքում։ Ի՞նչ է դա վկայում։ Ճիշտ է, դարձյալ օդն է տատանվել։
5. Չեղած գիտական քաղաքում լինելու է ԴԱՀԼԻՃ։ Ճիշտն ասած՝ ես երկար եմ մտածել, թե դա ինչ դահլիճ է կամ գիտության ինչի՞ն է ծառայելու, հետո հասկացա, որ կարծես թե համերգային դահլիճ է նախատեսվում։ Պատկերացնո՞ւմ եք՝ Կիրկորովի համերգը գիտական քաղաքի սրտում։ Չեղած գիտական քաղաքում երաժշտական աղմկոտ դահլիճի միտքը ևս օդի տատանում էր՝ ոչ ավելին։
6. Չեղած գիտական քաղաքի թեման պահանջում է ներդրումներ, ահռելի՝ 5 և ավելի մլրդ ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ, որոնք այս պահին և մոտ ապագայում չեն լինելու։ Բավական է մեկ հայացք նետել ազգային վիճակագրական ծառայության տեղեկանքներին, որպեսզի հասկանանք, որ արտերկրից ՀՀ ներդրումներ չեն կատարվում, ընդհակառակը՝ նախկին ներդրողները հեռանում են երկրից՝ իրենց փողերով հանդերձ։ Ներքին ներդրողներ ևս չկան,Պետությունը ևս չունի մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար չեղած գիտական քաղաքի կառուցման համար։Փաստորեն ծրագրի տակ փող չկա,իսկ դա նորից վկայում է,որ ընդամենը օդ են տատանել։
7.Մոտեցանք յոթերորդ կետին։ Տնտեսագիտական, արդյունաբերության զարգացման պլանավորման, գիտական տեխնոլոգիական կրթության, գիտելիքի, փորձի հետ կապ չունեցող մարդկանց թվում է, որ գիտական քաղաքը շենքերն են, և եթե դրանք կառուցվեն, ապա գիտությունը միանգամից կծաղկի, կտա կիրառական հավելյալ արժեք։ Դա թյուր ըմբռնում է, կարելի է ասել՝ օրթոդոքս պարզունակ այսպիսի գաղափարների կրողները հիմնականում ծիծաղի առարկա են դառնում ավելի լուրջ գիտական հանրության շրջանում։
Հիշել և կրկնել է պետք մի քանի ճշմարտություն՝ կառավարչական ղեկի մոտ հայտնված անձանց համար։
1. Արդի աշխարհում խոշոր պետությունները տեխնոլոգիաներ չեն վաճառում։
2. Կենսամակարդակի ահռելի տարբերության հաշվին խոշոր պետությունները փոքր երկրներից դուրս են քաշում գիտական ներուժը։
3. Գիտակիրառական կլաստերային լաբորատորիաների հաջողության համար պետությունը ստիպված է լինելու մասշտաբայնության համար կիրառել պետական պատվեր, որի համար դեռ երկար տարիներ փող չի լինելու։
4. ՀՀ գիտության տխուր վիճակը և դասախոսական կազմի թույլ ինտեգրվածությունը միջազգային գիտական հոսքերին ենթադրում է մի քանի տարվա ժամանակային լագ, որը շատ արագ զարգացող աշխարհում բարոյապես հնանալու ակնհայտ ռիսկ է պարունակում։ Իմ սիրելի գիտակից մարդիկ հասկացան, որ Աշտարակի մոտակայքում նման «հրաշք քաղաք» չի լինելու, դրա մասին հուզավառ խոսքն էլ ԲԼԵՖ է, սուտ, կեղծիք, խաբեություն, մոլորեցնում, ապատեղեկատվություն։
Իմիջիայլոց, մանրակրկիտ ուսումնասիրեցի գիտական քաղաքի «լայվի» տակ արձագանքած քաղաքացիների գրառումները։ Մարդկանց 99 տոկոսը գրել էր, որ առաջին հերթին պետք է սահմանն ամրացնել, զենք գնել, զինել ժողովրդին, կահավորել պաշտպանական բնագծերը և պատրաստ լինել անխուսափելի «Սարդարապատին»։ Ժողովրդին պետք է լսել։