Յուլիս 24-ին Osservatore Romano թերթին մէջ լոյս տեսած այսպէս կոչուած ալպանական եկեղեցւոյ կեղծ թեզին ի պատասխան, նոյն թերթի Օգոստոս 1-ի համարին մէջ Վատիկանի մէջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի պաշտօնական ներկայացուցիչ եւ Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի` իտալերէն յօդուածի հայերէն թարգմանութիւնը` ստորեւ.
«Կովկասեան Ալպանիա. Պատմութեան ժողովրդականացումը չպէտք է այն աղաւաղի
Յուլիսի 24-ին հրապարակուած ՙՃամբորդութիւն հին Կովկասեան Ալպանիայում. Դէպի Քրիստոնէութեան արմատները՚ յօդուածում հեղինակ Ռոսելա Ֆաբիանին փորձում է ընթերցողին ծանօթացնել, Արեւմուտքում լայնօրէն անտեսուած, արեւելեան Կովկասի քրիստոնէութեան ակունքների եւ նրա մշակութային ժառանգութեան հետ: Սակայն այդ տեքստում նշմարուող ոգեւորուածութեանը չի կարող զոհ գնալ պատմական տեղեկատուութեան ճշգրտութիւնը, որը յօդուածի մի շարք հատուածներում թերի է: Անցեալի վերարտադրութիւնը առաջին հերթին պահանջում է աղբիւրների եւ դրանց օգտագործման մեթոդների ճանաչողութիւն եւ նրանց հանդէպ հաւատարմութիւն, հակառակ դէպքում կարելի է ստանալ պատմութեան խեղաթիւրուած եւ շեղող պատկեր, նպաստելով թիւրիմացութեանը, յատկապէս այնտեղ, որտեղ դեռ չի ձեւաւորուել պատմական փաստերի վերականգնման միասնական մօտեցում:
Մանրամասն պատմական վերլուծութիւն կատարելու փոխարէն, ցանկանում եմ անդրադառնալ միայն յօդուածի որոշ կէտերին:
Օրինակ, զարմացնում է հին Կովկասեան Ալպանիայի աշխարհագրական սահմանումը` որպէս տարածք, որն ՙսփռւում էր լեռներից` հիւսիսում, մինչեւ Արաքս գետը` հարաւում, եւ Կասպից ծովից` արեւելքում մինչեւ Վրաստանի (այն ժամանակ Իբերիայի) սահմանները` արեւմուտքում՚: Առաջին հերթին, անտեսւում է Հայաստանի գոյութիւնը` Կովկասի հին թագաւորութիւններից մէկը, որի հետ ըստ բոլոր դասական եւ հայ աղբիւրների` սահմանակցում էր Ալպանիան: Միւս կողմից, Ալպանիայի տարածումը մինչեւ Արաքս գետ հակասում է այդ նոյն աղբիւրների վկայութիւններին: Մինչդեռ այս աղբիւրները հաստատում են, որ Ալբանիան տարածւում էր Կուրայ գետից դէպի հիւսիս, որտեղ գտնւում էին երկրի քաղաքական եւ կրօնական կեդրոնը, աղուանական եկեղեցիներից աւանդաբար առաջինը համարուողը եւ որտեղ յայտնաբերուել են մինչ այսօր յայտնի միակ եօթ աղուանական արձանագրութիւնները: Միայն IV-րդ դարի վերջում հարաւային հողերը, որոնք տարածւում էին մինչեւ Արաքս գետը, միացուեցին Ալբանիայի սկզբնական տարածքին:
Քրիստոնէութեան ներթափանցումը Կովկասում եւ այդ տարածաշրջանում ձեւաւորուած երեք` աղուանից, հայ եւ վրաց ազգային եկեղեցիների միջեւ յարաբերութիւնները բարդ թեմա է, որը դեռ ամբողջութեամբ պարզուած չէ: Կովկասեան քրիստոնէութեան ծագումը I-ին դարում համարւում է օրինականօրէն ձեռքբերուած աւանդութիւն, որ տարածաշրջանային բոլոր Եկեղեցիները ընդունում են եւ տեսնում են դրանում իրենց առաքելականութեան հիմնաւորումը: Նմանապէս, միասնականօրէն ընդունում են քրիստոնէացման գործընթացի երկրորդ փուլը, որը սկսում է IV դարից, երբ կովկասեան թագաւորութիւնների վերնախաւը դառնում է քրիստոնեայ, եւ քրիստոնէութիւնը վերածւում է պետական կրօնի: Այս համատեքստում տարօրինակ է, որ յօդուածի հեղինակը, խօսելով Սինայի աղուանական պալիմփսեստների կարեւոր յայտնագործութեան մասին, պնդում է, որ դրանք հաստատում են Կովկասեան Ալպանիայի առաջին եկեղեցիների գոյութիւնը արդէն I-ին դարում:
Պալիմփսեստների նշանակալի ներդրումը Աղուանքի պատմութեան եւ ընդհանրապէս Կովկասի ուսումնասիրութեան մէջ չի վերաբերում քրիստոնէութեան այնտեղ հասնելու ժամկէտին: Նրանք ապացուցում են, որ հայ աղբիւրները, յատկապէս պատմիչ Կորիւնը իրաւացիօրէն վկայում էին Կովկասում առկայ երեք այբուբենների մասին` հայերէն, աղուաներէն եւ վրացերէն, որոնք ծառայում էին Աստուածաշնչի թարգմանութեանը արդէն V դարի սկզբին:
Հայ եւ Աղուանից եկեղեցիների փոխյարաբերութիւնները դժուար էին արդէն իրենց գոյութեան առաջին դարերից: Հայ եկեղեցին խորը ազդեցութիւն է ունեցել Աղուանից եկեղեցու վրայ, այնքան, որ վերջինս միջնադարում զգալիօրէն հայկականացուած էր: Այս երեւոյթի վերաբերեալ պալիմփսեստները եւս կարող են նոր լուսաբանութիւնների աղբիւր ներկայանալ: Այս ձեռագրերի խմբագիրներից մէկը` Եոստ Գիպերտը, արդարացիօրէն յայտնի է դարձնում, որ երկու պալիմփսեստներից մէկում առկայ ՙՅովհաննէսի աւետարանի՚ աղուանական տարբերակը կրում է հայկական տարբերակի ազդեցութիւնը: Սակայն, այդ յարաբերութիւնների բարդութիւնը անտեսելով, Ռոսելա Ֆաբիանին պնդում է, որ Աղուանից եկեղեցու ՙհայկականացումը՚ սկսւում է XIX դարի սկզբներից` նշելով 1828 թուականի Թուրքմէնչայի պայմանագիրը եւ 1836 թուականին Նիկոլայ I-ի հրամանով Աղուանից եկեղեցու լուծարումը եւ Հայ եկեղեցուն ենթարկումը:
Եթէ ճիշդ է, ապա ինչպէ՞ս կարելի է բացատրել, որ 1724 թուականին Աղուանից եկեղեցու հաւատացեալների կողմից ռուսաց ցար Պետրոս I-ին ուղղուած խնդրագիրը, որտեղ նրանք հայցում էին կայսեր պաշտպանութիւնը, գրուած է հայերէն, եւ որ այն ժամանակուայ Աղուանից եկեղեցու կաթողիկոս Էսայի Հասան-ջալալեանը (1702-1728), որն ազնուական ընտանիքից էր եւ գլխաւորում էր կաթողիկոսութիւնը, գրել էր իր ՙՊատմութիւն յամառօտ Աղուանից երկրի՚ հայերէն` իր գործի սկզբում թուարկելով նախորդ պատմիչներին, այդ թւում ՙմեր հայ ազգի՚ պատմիչներին:
Եւ ինչպէ՞ս է, որ Արցախի (այդպէս են հայերն անուանում այդ հողերը) եկեղեցիները, որոնք ենթարկւում էին Աղուանից կաթողիկոսութեան իրաւասութեանը, ունեն միայն հայերէն արձանագրութիւններ, որոնք թուագրւում են առնուազն XI-XII դարերով, մինչդեռ աղուանականների հետք չկայ:
Արեւելագէտ Յովսէփ Օրբէլու ուսումնասիրած շուրջ հազար արձանագրութիւնները, որոնք պատկանում են Աղուանաց եկեղեցուն, եւ որոնց անդրադառնում է Ռոսելա Ֆաբիանին, արդարեւ բոլորը հայերէն են եւ կատարուել են այդ եկեղեցու` XIX դարի սկզբին Հայ եկեղեցուն ենթարկուելուց մի քանի դար առաջ:
Նման թեմաներով խօսելը, առանց սեփական կարծիքների ծանրութիւնը հաշուի առնելու, էթիկական խնդիր է առաջացնում: Դա յատկապէս մտահոգիչ է, երբ պատմական հարցերը ներխուժում են իրականութեան մէջ` սրելով լարուածութիւնը, պատճառելով հազարաւոր մարդկանց մահը եւ ստիպելով տասնեակ հազար հայերի լքելու իրենց պատմական հայրենիքը»: