Արտակ Զաքարյանը գրում է. «Ընկերներիցս մեկը, մի ենթադրյալ համոզմունք հայտնեց` ասելով. «եթե 2020թ. սեպտեմբերի 26-ին Ալիևին թուղթ ու գրիչ տային և ասեին, նկարի´ր քո պատկերացրած Արցախի քարտեզը, ապա այնտեղ հաստատ կլինեին Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները»:
Այս դիտարկմանը մնում է ավելացնել, որ Նիկոլից նվեր ստացած տարածքների, Երևանի հետ համատեղ պլանով բնակչության բռնի տեղահանման ու Ստեփանակերտի զորահանդեսի մասին Ալիևը երազել անգամ չէր կարող:
Հարիֆների մի զանգված էլ կարծում են, թե դավաճան հայեր տեսած թուրքն իրենց հետ խաղաղ ապրելու է: Տեսե´ք, թե Բաքվի պաշտոնական քարոզչությունն ամեն օր ինչեր է խոսում Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Տավուշի, Սևանա լճի և Հայաստանի մի շարք այլ բնակավայրերի մասին:
Վարչապե´տ Նիկոլը, եթե 2016թ.-ի պատգամավոր Նիկոլի ձեռքն ընկներ` այսօրվա վիճակի համար, ամենավերջին հայհոյանքները կստանար (եթե միայն այդքանով պրծներ):
Ե՞րբ նա հասցրեց դառնալ այս կարգի դավաճան ու իր հետ միասին դավաճանության քարոզիչ դարձրեց նաև 71 գլուխ պատգամավորների:
Եվ սրանց ինչու՞ է թվում, թե ինչ-որ կերպ վիճակը կձգեն, հետո կմարսվի կգնա: Իսկ չե՞ն մտածել արդյոք, որ 2018թ. իրենց իշխանության բերող և 2021թ.-ին պահող օտար ուժերը, ծրագրերն ավարտելուց հետո, կարող են շահագրգիռ լինել, որպեսզի ՀՀ-ում օրիական իշխանությունը զավթելու, հայ ժողովրդի հայրենազրկումը կազմակերպելու և բազմաթիվ զոհերով արհեստական պատերազմներ պլանավորելու բոլոր հետքերը ծածկվեն:
Պարադոքս է, բայց այսօրվա դավադիր իշխանությունը, ապագայում հարկավոր է լինելու միայն Հայաստանի ազգային ընդդիմադիր ուժերին` (իհարկե համապատասխան վայրերում) համազգային ողբերգության իրական հեղինակների շրջանակն ու դավադրությունների ամբողջ խորությունը մինչև վերջ բացահայտելու ակնկալիքով:
Այլապես` Հայաստանի Հանրապետությունը չի կարողանալու վերականգնել իր ներքին և արտաքին անվտանգությունը»: