ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«1. Ցավում եմ, որ զրկված եմ այս օրերին մեր Զինված ուժերին օգտակար լինելու հնարավորությունից: Խոնարհվում եմ կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած եւ Հայոց բանակի պատիվը բարձր պահած զինծառայողների ծնողների առջև։
2. Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողություններից ընդամենը մի քանի օր առաջ ելույթ ունենալով Վլադիվոստոկում՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թիրախավորեց ՀՀ Զինված ուժերը՝ կրկին փորձելով 2020թ. պատերազմի արդյունքների ողջ պատասխանատվությունը բարդել զինվորականների վրա։
3. Սեպտեմբերի 14-ին, երբ ռազմական գործողությունները դեռ ընթանում էին, Ազգային Ժողովի ամբիոնից խոսելով «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի» մասին, վարչապետը նորից ապացուցեց, որ «յուրատեսակ» մոտեցում ունի իր պաշտոնեական պարտականությունների կատարման հանդեպ։ Ինչ վերաբերում է զրահաբաճկոններին եւ սաղավարտներին, այդ թեմային արդեն անդրադարձել եմ 2022թ. ապրիլին եւ ի տարբերություն ոմանց՝ կրկնվելու սովորություն չունեմ։
4. Հերթական անգամ շեշտում եմ, որ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին վերաբերող որոշումներս, որոնք կայացրել եմ լիազորություններիս սահմաններում, հիմնավորված են եղել։ Դրանցից մեկի՝ ավիացիոն հրիթիռների ԱՆՎՃԱՐ, առանց որևէ պարտավորության զիջման ՀՀ ԶՈւ պահեստ մուտքագրելու համար, շուրջ մեկ տարի ապօրինի գտնվում եմ անազատության մեջ։
5. Դատաքննության հրապարակային լինելու մասին Հեռավոր Արեւելքից արված վարչապետի «ցուցումը» կարծես չի ընդունվում Հակակոռուպցիոն դատարանի կողմից: Ուստի, հաշվի առնելով դատաքննության դռնփակ լինելը, Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ այս այլևս չարտահայտվել գործի վերաբերյալ»։