«Եվրոպահայերը հանուն Արցախի» հարթակի համանախագահները բաց նամակ են հղել՝ անհանգստություն հայտնելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով, պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման պայմանավորվածության առթիվ։
«Եվրոպահայերը հանուն Արցախի» հարթակի համանախագահներն իրենց խորին մտահոգությունն ու անհանգստությունն են հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ՝ կապված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով, պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման պայմանավորվածությունը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին է հանձնում վերջինիս պահանջած չորս հայկական բնակավայրեր և տարածքներ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզից։
ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»։ Ավելին, միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան արգելում է ուժի կամ այն կիրառելու սպառնալիքի միջոցով պետությանը միջազգային պայմանագրեր ստորագրելը․ ցանկացած նման պայմանագիր առ ոչինչ է ի սկզբանե։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությունը հակասում է նաև միջազգային իրավունքի դրույթներին։
Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքից միակողմանի զիջումները՝ հօգուտ հայատյացություն քարոզող Ադրբեջանի անօրինական է և որևէ կերպ չեն նպաստելու Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ կամ անգամ կարճաժամկետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ մասի հանձնումը չի կարող արդարացվել պատերազմից խուսափելու պատրվակով։
Ընդհակառակը այն ճանապարհ է հարթում Ադրբեջանի զորքերի համար՝ առաջ ընթանալու և հաստատվելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ տեղի բնակիչների համար առաջացնելով բնակության և կյանքի անվտանգության ապահովման համար լուրջ և մշտական սպառնալիքներ՝ հանգեցնելով ՀՀ տարածքի տվյալ հատվածի փաստացի հայաթափմանը: Մանավանդ, որ պատմական փորձը ցույց է տալիս, որ առավելապաշտական նկրտումներ ունեցող երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային նկրտումները միակողմանի զիջումներից ոչ միայն չեն նվազում, այլև ավելի են մեծանում։
2020թ․ Արցախի մի մասի գրավումից հետո Ադրբեջանը ոչ միայն չդադարեցրեց հայկական տարածքների զավթման փորձերը, այլև կյանքի կոչեց դրանք՝ 2023թ․ սեպտեմբերին ամբողջովին զավթելով Արցախը, իսկ մինչ այդ և դրանից հետո՝ անօրինականորեն Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելով տարբեր հատվածներում։ Ավելին, Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս, պարբերաբար օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթը՝ ի ցույց դնելով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի նկատմամբ իր նկրտումները։
Ադրբեջանի կողմից նման քաղաքականության իրականացման նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքը դարձնել «վիճելի» և հարցականի տակ դնել դրա պատկանելիությունը Հայաստանին և հայ ժողովրդին։
Վերոնշյալից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը զավթելն է, հետևաբար կեղծ է ցանկացած արդարացում առ այն, թե ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ հատվածի հանձնումը կարող է բավարարել Ադրբեջանին և նվազեցնել հնարավոր պատերազմի ռիսկերը:
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ականջալուր լինել վերը նշված հարցերին և հաշվի առնել մեր դիրքորոշումը:
Այս անհեթեթ իրավիճակը ծնեց «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը ինչն այլևս համազգային է դարձել:
Մենք աջակցում ենք Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը` հայտնելով մեր զորակցությունը բոլոր մասնակիցներին: Այն այսօր դարձել է միաբանող ուժ, ինչի կարիքն ունի հայ ազգը: Ժամանակի հրամայական է մի կողմ դնել բոլոր տեսակի տարաձայնությունները` միավորվելով հանուն հայրենիքի փրկության գաղափարի շուրջ»,- ասված է նամակում։