ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Ամառվա ավարտի հետ հաճախ գալիս է նաև նետած քարերը հավաքելու ժամանակը։
Վերջին մեկ ամսվա ընթացքում «Հայոց լեզու և գրականություն» առարկաների չափորոշիչների շուրջ ծավալվեցին բորբոք քննարկումներ, որոնց ակտիվորեն մասնակցեցի, երբեմն նախաձեռնողաբար, նաև ես։ Դրդապատճառներից մեկը այն անհիմն, անարդար և վիրավորական վերաբերմունքն էր, որ ասուլիսների ընթացքում հնչում էր մեր բուհերում գրականության դասավանդման կերպի և որակի մասին։
Այս հարցում շատ խիստ են դատում հատկապես Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի որոշակի շրջանավարտներ, ընդ որում զարմանալիորեն նրանք լավ սովորած և հետագայում մասնագիտական մեծ հաջողություններ արձանագրած սաներ են, որոնք դեռ այս բանավեճից առաջ էլ ժամանակ առ ժամանակ հայտարարում էին, թե հայկական բանասիրականը չունի գրականության դասավանդման պահանջվող բարձր մակարդակը։
Ինձ միշտ հուշել են, թե այդպես մտածում են հատկապես նրանք, ովքեր համոզված էին, որ իրենց որպես գրականության դասախոսի պիտի «պահեին» համալսարանում, բայց չեն պահել։ Սակայն ինձ համար էականը շարժառիթները չեն, այլ իսկությունը։
Կարծեմ շատ ժամանակ չի անցել այն պահից, երբ մեր լավագույն շրջանավարտներից մեկը հայտարարում էր, թե ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դասախոսներից շատերը վերջին գիրքը կարդացել են 30 տարի առաջ։ Ընդ որում, ավելի հաճախ խոսքը ժամանակակից հայ գրականություն չկարդալու մասին է։
Եվ ահա չափորոշիչային կռվի հենց սկզբում՝ օգոստոսի 1-ին, «Հրապարակ» թերթում հայտնվում է հարցազրույց Հակոբ Մովսեսի հետ, հարցազրույց, որը վերնագրից սկսած և մինչև վերջ շարադրված է մեղադրանքների և վիրավորանքների ոճով (վերնագիրը՝ «Ինձ համար Հենրիկ Էդոյանը հարյուր անգամ ավելի հզոր ու մեծ ընդգրկումների բանաստեղծ է, քան ցօրս ուսուցանված Վահագն Դավթյանը կամ Հրաչյա Հովհաննիսյանը»):
Այս խոսքի տարբեր մտքերի ես անդրադարձել եմ, իսկ հիմա ուշադրություն եմ հրավիրում մեկ ուրիշ տեսանկյունի վրա։ Հակոբ Հակոբյանը (գրական կեղծանուն դարձած «Մովսեսը» նրա հայրանուն է)՝ ծնունդով Աշոցքից, ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, առաջին հերթին այդ ուսումնառության շնորհիվ աշխատել գյուղական մի դպրոցում, այնուհետև՝ բժշկական ինստիտուտի թերթում, հետո հաջողությամբ վարել է նշանավոր «Գարուն» ամսագրի պոեզիայի բաժինը։ Չեմ կարծում, թե այդ ճանապարհին բանասիրական կրթությունը և հենց գրականության դասավանդումը որևէ դեր չեն խաղացել նրա աշխատանքային գործունեության մեջ (թեև բոլորիս պարագայում վճռորոշ է նաև ինքնակրթությունը)։
Բայց տեսե’ք, թե ինչ է ասում Հակոբ Մովսեսը օգոստոսի մեկի այդ հարցազրույցում․ «Դպրոցներում ու բուհերում մեր գրականությունը դասավանդվել է իբրև պրիմիտիվ չուկչիական գրականություն։ Բանասիրական ֆակուլտետները մեթոդների, ծրագրերի ու գործառույթի իսպառ բացակայությամբ և միայն վարձավճարի կարևորությամբ սպանել են բանասիրությունը,- մե՞ծ քաջություն է պետք խոստովանելու համար, որ Հայաստանի նորանկախ հանրապետությունում բանասիրական և հումանիտար կրթություն պարզապես գոյություն չունի։ Եվ մե՞ծ քաջություն է պետք խոստովանելու համար, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում գրականությունը, առաջին հերթին՝ հենց հայ, սպանել են այն մեթոդներն ու մոտեցումները, որոնցով գրականության հանդեպ ոչ թե սեր, այլ զզվանք է սերմանվում, որովհետև, պարզվում է, գրականությունը ոչ թե գեղեցիկի արվեստ է, այլ՝ գաղափարախոսություն։ Բանասիրական ֆակուլտետի ուսանողը ոչ մի գաղափար չունի, թե ինչ բան է հայ գրականության ոճը, կազմաբանությունը, ձևաբանությունը, միջավայրը, որոնք են նրա փուլերը, ինչ բան է նրա առոգանությունն ու տաղաչափութունը, ինչն է այնտեղ գեղագիտությունը, ինչ է նրա գործառույթը, այն ինչ գոյաբանական և կենսական միջավայր է, ինչ առասպելական և իրական մակաբերություններ ունի և այլն»։
Ահա այստե՛ղ է հնչել աղմկահարույց «չուկչիականը», և երևի նկատեցիք, որ Հակոբ Մովսեսը այդպես է արտահայտվում մեր ԲՈԼՈՐ բանասիրականների մասին։
Մասամբ այս մտքերի ներգործությամբ, մասամբ վերոհիշյալ «նեղացածության» դրդիչով, մասամբ էլ այլ հակափաստարկ չունենալու պատճառով մեկամսյա քննարկումների ընթացքում ամենաշատը հնչել է բանասիրականի դասախոսի պարագան։ Գոնե իմ դեպքում հաստատ եղել է այդպես, և որևէ գրառում, ռեպլիկ, անգամ բանաստեղծության կամ հատվածի հրապարակում ուղեկցվել է այսպիսի մտքերով․ ո՞վ է այս մարդը, ինչպե՞ս թե, գրականության դասախո՞ս է, նույնիսկ ամբիոնի վարի՞չ է, այդպե՞ս է սովորեցնում իր ուսանողներին։
Տեղյակներին հիշեցնեմ, անտեղյակներին ասեմ, որ ես ամբողջ կյանքս (երեսուն տարուց ավելի) գրականություն եմ դասավանդել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում։ Ամբողջ այդ ընթացքւմ մեր գրականությունը իբրև «պրիմիտիվ չուկչիական գրականություն» դասավանդելուց բացի՝ ես զբաղվել եմ նաև ժամանակակից գրականությամբ։ Մոտ մեկ տասնամյակ՝ 1990-ական թթ․, եղել եմ կենդանի գրական պրոցեսի ամենաակտիվ մեկնաբանը և հանրայնացնողը։ Գրել եմ հոդվածներ, գրախոսություններ, գրական դիմանկար, տարեկան տեսություն, պոեզիայի մեկ տասնամյակի պատմություն և տեսություն (որտեղ իր արժանի տեղն է ունեցել նաև Հակոբ Մովսեսի պոեզիան), մղել գրական բանավեճեր, այդ թվում՝ Սերգեյ Սարինյանի, Լևոն Հախվերդյանի, Ռաֆայել Իշխանյանի նման մեծությունների հետ։ Իմ գրաքննադատական գործունեությունն արժանացել է Հրանտ Մաթևոսյանի դրվատանքին։
Իսկ տասնամյակի արդյունքներն ամփոփել եմ իմ «Բանասիրություն և բանավեճ» (Երևան, «Զանգակ-97», 2002) գրքում։
Մոտավորապես նույն ժամանակ՝ 2000-ականների սկզբին, բացվել է ԵՊՀ մագիստրատուրան, որի «Հայ նորագույն գրականություն» ծրագրի շրջանակում հիմնադրել և մինչև հիմա վարում եմ «Անկախության շրջանի հայ գրականություն» մագիստրոսական դասընթացը, որը ցարդ ժամանակակից հայ գրականությանը նվիրված միակ ամբողջական դասընթացն է Հայաստանի Հանրապետությունում։
Ճիշտն ասած, ես մեծ ուրախությամբ գրականություն կդասավանդեի նաև Չուկոտկայում։ Դա սեր է, որ ազգություն և աշխարհագրություն չի ճանաչում։ Բայց ճակատագիրն այնպես է նախասահմանել, որ ես բակալավրիատում դասավանդում եմ 20-րդ դարի երկրորդ կեսի գրականություն, որի գլխավոր դեմքերից են, արձակագիրներին զուգահեռ, նաև բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Պարույր Սևակը, Վահագն Դավթյանը, հեղինակներ, որոնց մասին ամենաշատ անհիմն և սխալ մտքերն են հնչել Հակոբ Մովսեսի և նրա համախոհների խոսքում։
Ասում են՝ նա զարգացած մարդ է և իրավունք ունի ունենալու իր կարծիքը։ Լիովին համաձայն եմ։ Բայց Հակոբ Մովսեսը և իր արբանյակները իրավունք ունեն լսելու նաև ուրիշների կարծիքը այդ կարծիքի վերաբերյալ։
Զգալով, որ ուսումնական տարին սկսելուց առաջ հաստատ կարիք կունենամ ամփոփելու թեժ ամառվա արդյունքները, անկախ չափորոշիչների հարցից, արտահայտում եմ իմ խորին վիրավորվածությունը Հակոբ Մովսեսից և նրա այն պաշտպաններից, ովքեր համոզված են, թե ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում գրականություն են սովորեցնում անմակարդակ ձևով, չեն ներկայացնում «հայ գրականության ոճը, կազմաբանությունը, ձևաբանությունը, միջավայրը, ․․․նրա փուլերը, ․․․ նրա առոգանությունն ու տաղաչափութունը, ․․․գեղագիտությունը, ․․․ նրա գործառույթը»։
Բայց դա, ասեմ այսպես, «բանական» վիրավորվածություն է։ Ես գիտեմ ճշմարտությունը և որոշեցի անկեղծ խոստովանությամբ ավարտել ամառը։ Ուստի խնդրեցի բանասիրականի իմ սան, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Հակոբյանին (թեմա՝ ժամանակակից հայ պոեզիա, հաստատություն՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, գիտական ղեկավար՝ Սեյրան Գրիգորյան, տարեթիվ՝ 2015), որ թվայնացնի և «Գրանիշ» կայքում տեղադրի իմ մի հոդվածը։
Հոդվածը գրվել է 1997 թ․ և ներկայացնում է իմ, հումորով ասած, վաղ շրջանի գրականագիտությունը։ Այն մաս է կազմել իմ մի դասընթացի՝ «Եղիշե Չարենցի կյանքը և ստեղծագործությունը 1934-37 թթ․», իսկ վերջերս ընդգրկվեց մի նոր մագիստրոսական դասընթացում, որ կոչվում է «Հայ նորագույն գրականությունը համաշխարհային գրականության համատեքստում»։
Ցանկացողները կարող են կարդալ և տեսնել, թե ինչպես են գրականություն սովորեցնում Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
ՀԳ Այս խոսքը կարող էր նաև չգրվել։ Բայց գրվեց, և մի տեսակ հանգստացա։ Ինչպես իմ շատ սիրած լատինացիներն էին ասում, ասացի և դրանով հանգստացրի իմ հոգին։
Dixi et animam meam levāvi.
Սեյրան ԳՐԻԳՈՐՅԱՆ