Ոստիկանության մայոր, ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Դավիթ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել. «Հետեւելով պատվախնդիր ներքին ձայնիս՝ միանում եմ ոստիկանությունում ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ գործընկերներիս որոշմանն ու ներկայացնում եմ սեփական զեկուցագիրս։ Անշուշտ, բարդ որոշում է, սակայն սա որոշում չէ լոկ ինձ համար, այս որոշումս հանուն բոլորիս է, հանուն մեր պետության։ Պատեհապաշտություն, աթոռակռիվ, պաշտոնամոլություն, նյութապաշտություն՝ միթե այս ամենը կարող է գերակշռել սերն ու պարտավորությունն առ սեփական ժողովուրդն ու հայրենիքն, ինչպե՞ս կարող է ցանկացած շահ առավել ծանրակշիռ լինել, քան սպայի երդումն ու արժանապատվությունը. պատիվ ունե՛մ՝ չափազանց պատասխանատու այս խոսքն էլ հենց մղեց ինձ ու ընկերներիս առաջնագիծ, կռվեցինք ոչ թե մեզ, այլ բոլորիս համար, կռվեցինք ոչ թե անձնական շահի, փողի, պաշտոնի, այլ ազատության ու արժանապատվության համար, բայց եղավ այն, ինչ եղավ … Ես հայրենասեր եմ, պետականամետ եմ ու չեմ կարող հանդուրժել, համակերպվել այս իրականությանը։
Համածառայակիցնե՛ր, տիկնայք եւ պարոնայք ոստիկաննե՛ր, լավ մտածե՜ք, ո՞րն է կոչումը մեր, ո՞րն է նպատակը, ի՞նչն է առաջնային, ինչը՝ երկրորդական, իրավացի եք՝ պետական շահն ամենից է վեր, ուստի ես եւս լքում եմ մեր շարքերը, քանզի անկարող եմ այլեւս ծառայել այդ շահին, իսկ որեւէ այլ շահ նման իրավիճակում ինձ համար ոչինչ է:
Ցավակցում եմ ընկած գործընկերներիս եւ բոլոր Տղերքի հարազատներին, խոնարհու՜մս։ Աստված հոգիներդ լույս դարձնի եւ պահապան լինի մեր պետությանն ու ժողովրդին»: