ԱԺ 7 պատգամավորով անձնական երաշխավորություն ենք ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Մարգարյան,
Ձեր վարույթում է գտնվում թիվ 62210621 քրեական գործը։
Գիտակցելով հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ քննության կարևորությունը, կարևորելով գործի բոլոր հանգամանքների բացահայտումը և դրա իրականացումը բացառապես իրավունքի գերակայության շրջանակներում, հաշվի առնելով Արմեն Գերասիմի Չարչյանի մեծ վաստակը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտում, բժշկական ոլորտում արձանագրած աննախադեպ հաջողությունները, այդ թվում մարդկանց բժշկական օգնության և սպասարկման ստանալու տեսանկյունից, նրա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի կոչումը, անբասիր կենսագրությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արմեն Չարչյանի վերաբերյալ հայտարարությունը և այն հանգամանքը, որ ներկայումս Արմեն Չարչյանի մոտ առկա են առողջական խնդիրներ՝
երաշխավորում եմ, որ Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարությն իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի քրեական օրենքով արգելված արարք։ Երաշխավորում եմ ազատության պայմաններում գործի քննության ողջ ընթացքում դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում եմ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով։
Հայտնում եմ, որ սույն երաշխավորության հիմքով կալանավորումը ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու նպատակով պատրաստվում եմ իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգային պարտավորությունները»:
Երաշխավորագիրը ստորագրել են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Սոֆյա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, Արկադի Խաչատրյանը, Աննա Կոստանյանը, Վարդան Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։
Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։