Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շնորհակալություն Գլխավոր շտաբի պետ՝ Օնիկ Գասպարյանին և ողջ շտաբին, այս պատմական և վճռական պահին հայի և Հայաստանի Հանրապետության կողքին կանգնելու համար։ Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ և դավաճան իշխանությունը պետք է հեռանա և վերջ պետք է դրվի այս դավաճանական պրոցեսսին, որի արդյունքում մենք ժամ-ժամ հայրենիք ենք կորցնում»։
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը պահանջում է քաղաքացիական բարձր իրավագիտակցություն։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող իրեն սպառած անձը ի զորու չէ սթափ գնահատել դրությունը և կամովին վայր դնել իշխանությունը, ավելին, իր ոչ ադեկվատ գործելակերպով կարծես փորձում է երկիրը տանել նոր ցնցումների, հրահրել քաղաքացիական բախումներ, ժողովրդի ու բանակի միջև ընդհարումներ։ Սա անթույլատրելի, ազգադավ քաղաքականություն է։ Վստահ եմ որ ժողովուրդը սթափ կգնահատի իրավիճակը և կկանգնի Հայոց բանակի կողքին։ Անձամբ ճանաչելով Օնիկ Գասպարյանին` համոզմունք եմ հայտնում, որ նրա քայլերը բխում են մեր պետականության, բանակի ու ժողովրդի շահերից և կոչ եմ անում միասնաբար սատարել ՀՀ Զինված ուժերին, դիմագրավել մեր երկրին պատուհասած չարիքը»։
Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից այսօր արված հայտարարությունը շրջադարձային է, այն ևս մեկ անգամ փաստում է, որ մեր Զինված ուժերը գործում են բացառապես հայոց պետականության, երկրի անվտանգության և ժողովրդի շահերից ելնելով: Ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջի հայտարարությունը: Սատարելով ՀՀ Զինված ուժերին՝ բոլորիդ կոչ եմ անում անձնական շահերից վեր կանգնել, իրավիճակը սթափ դատել ու միասնաբար պաշտպանել մեր՝ օր օրի բզկտվող ու հուսահատության եզրին հասնող հայրենիքը»: