Յուրաքանչյուր առաջնորդի ամենամեծ մարտահրավերը ճշմարտության հետ առերեսվելն է. գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Բոլոր առաջնորդներն են կանգնում այդ խնդրի առաջ, անկախ նրանից թե ինչ են առաջնորդում` իշխանություն, ընդդիմություն, բիզնես, թե այլ բան: Իհարկե ամենածանրը իշխանության մեջ եղած անձանց համար է դիմագրավել այդ մարտահրավերին, բայց դա պակաս ծանր էլ չէ ընդդիմության առաջնորդների համար:
Սովորաբար քաղաքական առաջնորդերին շրջապատում են նաև այնպիսի մարդիկ, որոնք որևէ վատ լուր չեն ուզում հաղորդեն նրան, որպեսզի հանկարծ վատ արձագանքի չարժանանան և կախված առաջնորդի անձնային հատկանիշներից նման մարդիկ կամ մեծամասնություն են կազմում նրա շրջապատում կամ փոքրամասնություն:
Հիմա ինչ է տեղի ունենանում «Սրբազան» շարժման հետ: Արդյո՞ք Գալստանյանին շրջապատած անձինք ասում են նրան ճշմարտությունը, թե սնում են նրան խաբկանքներով և կեղծիքով, ինչի հիման վրա էլ նրան թվում է, թե շարժումը թափ է հավաքում և ավելի մեծ մասսայականություն վայելում: Արդյո՞ք տարատեսակ «փորձագետները», կլինի դիվանագետ, մեդիափորձագետ կամ այլ մասնագետ պարզապես ավելի մեծ ձախողման չեն տանում նրան:
Կարծում եմ կողքից անաչառ հայացքով այս շարժումը դիտարկող անձանց համար վաղուց պարզ է, որ Գալստանյանի քաղաքական շրջապատը նրան ընդամենը մեկ խորհուրդ պետք է տար, եթե ուզում էր, որ վերջինս վերջնականապես չհեղինակազրկվի:
Եվ այդ խորհուրդն է` գնալ տուն, բայց կարծես թե Գալստանյանն այլ բան է ուզում լսել բոլորից, քանի որ հավատում է, որ նա է փրկիչը, ալֆան և օմեգան»,-նշել է նա: