Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հաագայի դատարանի որոշմանը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Մարուքյանը նշել է, որ Հաագայի դատարանն այդ որոշմամբ ավելի ամրացրեց և միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորություններն ու դրանով սահմանված կառուցակարգերը։
«Շուրջ երկու տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցակարգերի վերացման համար, սակայն, հակառակ Ադրբեջանի ջանքերի, այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումը և այդ որոշմամբ, ըստ էության, նաև ավելի ամրացրեց և միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորություններն ու դրանով սահմանված կառուցակարգերը։
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրվել են և պետք է շարունակեն գործել հետևյալ կառուցակարգերը՝
- Լեռնային Ղարաբաղ միավորի գոյություն.
Այս մասով՝ Ադրբեջանն անդադար փորձում է հերքել ԼՂ միավորի գոյությունը, իսկ Ադրբեջանի նախագահը միջազգային բոլոր գործընկերներից պահանջում և խնդրում է, որ այլևս չօգտագործեն «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը։
- Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը.
Եռակողմ հայտարարության ստորագրումից օրեր անց Ադրբեջանը բազմաթիվ փորձեր է արել այդ իրողությունը վերացնելու ուղղությամբ։
- Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ.
Եռակողմ հայտարարության ստորագրումից օրեր անց Ադրբեջանի նախաձեռնած բազմաթիվ սադրանքներ ուղղակի հարված են հասցրել ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությանը։
- Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև Լաչինի միջանցքով գործող անխափան կապի՝ Ադրբեջանի երաշխավորությամբ և ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողությամբ ապահովման պարտավորությունը.
Այս մասով, արդեն շուրջ երկու ամիս Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ կրկին փորձելով քանդել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված՝ Լաչինի միջանցքի ճարտարապետությունը։
- Ռազմագերիների, պատանդների և անազատության մեջ պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում․
Հայկական կողմն այս մասով իր պարտավորությունները պատշաճ կատարել է, իսկ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին և անազատության մեջ պահվող քաղաքացիական անձանց պահել գերության մեջ։
- Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում.
30-ամյա շրջափակումը վերացնելուն միտված՝ Հայաստանի բոլոր ընդառաջ քայլերը մինչ օրս պատշաճ արձագանքի չեն արժանացել, և Հայաստանն այժմ էլ շարունակում է մնալ անօրինական շրջափակման մեջ»,- գրել է Մարուքյանը։