Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պատմական», թե «իրական» Հայաստանի հակադրման փոխարեն հանրությանը պետք է ներկայացնել «իրական Ադրբեջանը», որը չի ցանկանում խաղաղվել. Արա Այվազյան

27/01/2025
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էսկալացիոն ճանապարhով չգնալու հիմնավորումով` Հայաստանի իշխանությունները խուսափեցին արձագանքել Ալիևի` վերջերս արած հայտարարություններին, որոնցում նա մեր երկիրը որակեց «ֆաշիստական պետություն» և «սպառնալիք տարածաշրջանի համար», հերթական վերջնագիր ներկայացնելով, որ «Ֆաշիզմը պետք է ոչնչացվի. այն կկործանի կա´մ Հայաստանի ղեկավարությունը, կամ` մենք, այլ ելք չկա»: Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը:

«Փոխարենը նշվեց, թե պետք է հասկանալ` ինչո՞ւ է Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններում իրար հանդեպ նման կարծիք ձևավորվել: Պաշտոնական Երևանն անդրդվելիորեն հավատում է հարևան երկրի հետ խաղաղության հասնելու հնարավորությանը, մի կողմ դնելով, թե ի´նչ տեսակի պետության հետ գործ ունենք և, ըստ այդմ,  ի՞նչ խաղաղություն է ցանկանում Բաքուն և ի՞նչ գին պետք է վճարեն Հայաստանն ու հայ ժողովուրդը: 

Որպես հիշեցում. Ադրբեջանի ղեկավարն ինքն է խոստովանել, որ իր կյանքի առաքելությունն է եղել պատերազմում հաղթելը, ոչ թե՝ քաղաքական կարգավորումը:   Սանձազերծելով պատերազմ և հաղթելով ռազմադաշտում՝ նա խուսափեց քաղաքական գին վճարելուց, քանի որ հասկացել էր, որ ուժի գործոնը կրկին որոշիչ է դառնում միջազգային հարաբերություններում, հետևաբար՝ պատերազմն առաջվա պես չի որակվելու անբարոյական և չի դիտվելու որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: 2020 թվականից ի վեր «Երկաթյա բռունցքը» վերածվել է ադրբեջանցիների ազգային հպարտության աղբյուր և խորհրդանիշ, ինչն աներկբայորեն ի ցույց է դնում, որ ուժն է մնում հարևան երկրի ռազմավարական նպատակներին հասնելու ամենանախընտրելի միջոցը: Ալիևի հետևողական հայտարարություններ-պահանջագրերը կասկածի քիչ տեղ են թողնում, որ արդեն իսկ ձեռք բերածը նրան ոգևորում է՝ բարձրացնել ռազմական և պատերազմական խաղադրույքները:

Պատերազմի նման ֆետիշացումը մեզ հիշեցնում է Չարլզ Դարվինի 1859թ. էվոլյուցիայի տեսությունը, որով նա ներդրեց «ուժեղագույնների գոյատևման» հայեցակարգը: Էվոլյուցիայի հիմնական գաղափարից առաջացած ահռելի ոգևորության մեջ անխուսափելի էր, որ «ուժեղագույնների գոյատևման» հասկացությունը տարածվեր այլ ոլորտներում: Այսպես զարգացավ «սոցիալ-դարվինիզմը», որը ենթադրում էր, որ վերապրում են ա´յն հասարակությունները կամ ազգերը, որոնք առավել պիտանի են գոյատևելու համար:  Իսկ պիտանիության  ավելի ակնհայտ ի՞նչ չափանիշ կարող է լինել, քան՝ պատերազմներ վարելու և հաղթելու՝ ցուցադրված կարողությունը: Սոցիալ-դարվինիզմը հանգեցրեց նոր, տարբերվող և վտանգավոր գաղափարի առաջացմանը, որ ազգային հասարակությունները պատերազմում ունեն իրենց իսկական արժեքը ցուցադրելու բացառիկ հնարավորություն: Գերմանական միլիտարիզմի և ապա ֆաշիզմի ակունքները գալիս են հենց այստեղից: Օրինակի համար, դիտարկենք հետևյալ հաստատումները.

  • «Հավերժական խաղաղությունը երազանք է, ընդ որում՝ ոչ գեղեցիկ: Պատերազմում բացահայտվում են մարդու ամենավեհ առաքինությունները» (Ականավոր զորավար, պրուսական բանակի Գլխավոր շտաբի պետ ֆելդմարշալ Հելմուտ ֆոն Մոլտկե),
  • «Պատերազմն առաջնային կարևորության կենսաբանական անհրաժեշտություն է» (պրուսացի գեներալ և մինչև Առաջին աշխարհամարտն ամենաընթերցված ռազմական պատմաբան Ֆրիդրիխ ֆոն Բերնհարդի),
  • «Մարդկությունն ուժեղացել է հավերժական պայքարներում, և նա կկործանվի միայն հավերժական խաղաղությամբ» (Ադոլֆ Հիտլեր):

Վերադառնանք մեր օրեր: Մինչև ատամները զինված Ադրբեջանը, որն օր ու գիշեր թխկթխկացնում է զենքը, պահանջում է Հայաստանի ամբողջական ապառազմականացում, զրկելով նրան պաշտպանողականության և դիմադրողականության որևէ իմունիտետից՝ իր գիշատիչ նպատակների կենսագործման համար: Տասնամյակներ շարունակ հայերի նկատմամբ ատելություն քարոզող, պատերազմներ և ռազմական հանցագործություններ իրականացրած, նացիստական Ռեյխի ազգային խտրականության «լավագույն փորձը» յուրացրած ու էթնիկ զտումներ և ցեղասպանական ոճրագործություններ իրականացրած Ադրբեջանը պահանջում է Հայաստանի դենացիֆիկացիա, հակառակ պարագայում, եթե չասենք՝ ցանկացած պարագայում, սպառնում և պատրաստվում է նոր պատերազմի: Նման երկիրը, որի բերանն է ընկել հայերի նկատմամբ ռազմական հաղթանակի խենթացնող համը, ամենամեծ վտանգն է տարածաշրջանի կայունության համար:

Ուստի, «պատմական» թե «իրական» Հայաստանի հակադրման փոխարեն հանրությանը պետք է ներկայացնել «իրական Ադրբեջանը», որը չի ցանկանում խաղաղվել: Մինչդեռ գրեթե ամենօրյա ռեժիմով տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ հետզհետէ հանգեցնելով մեր ժողովրդի բարոյական-գաղափարական զինաթափմանը: Վերջին դրվագն էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ «դատողությունների» շրջանառումը, որը ոչ այլ ինչ է, քան՝ ժխտողականության քաղաքականության որդեգրումն ու մեր ազգային ողբերգության ուրացման մեկնարկը: Մեր հավաքական ինքնագիտակցությունն ու մտածելակերպն արհեստականորեն փոխակերպելու փոխարեն պետք է առերեսվել դառը ճշմարտությանը. այս տեսակ հակառակորդի  հետ ոչ մի փաստաթուղթ կամ պայմանավորվածություն չեն բերելու խաղաղություն:  Ամեն գնով հնարավոր չի չեղարկել պատերազմը, քանի որ պատերազմից խուսափելը շատ անգամ բերում է միայն հետաձգված պատերազմի: Այլընտրանքը չի նշանակում հռետորաբանության արմատական կոշտացում, ոչ էլ՝ իրավիճակն անկառավարելի հուն տեղափոխելը: Մեր նպատակը պետք է լինի իրատեսական՝ զսպման արդյունավետ մեխանիզմների ձևավորման միջոցով ապահովել տանելի կայունություն, որը հիմնված կլինի ռազմավարական նոր հավասարակշռության վրա:

Հաջորդը. անպատժելիության հետևանքներն անդրադառնում են նաև այն դերակատարների վրա, որոնք իրենց նպատակների հետապնդման արդյունքում աչք են փակել Բաքվի հանցավոր ինքնահաստատման վրա և այսօր ստանում են իրենց վարած քաղաքականության առաջին պտուղները: «Ուժեղագույնների գոյատևման» հասկացության, ինչպես նաև միլիտարիզմի, նացիզմի և ֆաշիզմի թույնը միշտ կգտնի պարարտ հող և ժամանակի ընթացքում կդառնա անվերահսկելի՝ հակազդեցության բացակայության պայմաններում:

Մի քանի ամսից լրանալու է Մեծ Հաղթանակի 80-ամյակը: Որևէ մեկը չի կարող ուրանալ այն փաստը, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը մեծ և անհերքելի ներդրում են ունեցել ֆաշիզմի ջախջախման գործում: Որևէ մեկը չի կարող անտեսել, որ այսօր առերեսվում ենք ֆաշիզմի նորանոր դրսևորումների: Կարող է թվալ, որ ինչպես անցած դարում Սուդետը և ապա Չեխոսլովակիան, այնպես էլ Արցախն ու Հայաստանն այսօր կարող են զոհաբերվել հանուն ինչ-ինչ նպատակների: Այդուհանդերձ, 1938 թ. Մյունխենի այսպես կոչված «հանդարտեցման» ողբերգական դասերը հենց մեր ժամանակների համար լավագույն հիշեցումն ու նախազգուշացումն են»,- գրել է նա:            

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունը խեղաթյուրում է պատմությունը․ ՌԴ հայերի միություն

Հաջորդ գրառումը

Անկարայում քննարկվել է Կարսի անցակետի հնարավոր բացումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Անկարայում քննարկվել է Կարսի անցակետի հնարավոր բացումը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական