Որտեղ ենք.
1. Իշխանությունը գնում է մարման. սա հուշում է հավաքական փորձառությունը և շարժման ընթացքը։
2. Ամենադժվար փուլը հաջողել է. ստեղծվել է զգալի կայուն կորիզ։ Հայաստանում ձևավորվել է նոր խոշոր ընտրազանգված, որի պահանջը խորքային փոփոխությունն է։
3. Շարժումը մի քանի ճշգրիտ ձևակերպումների շնորհիվ արտաքին աշխարհի համար սկսել է ընկալվել որպես Հայաստանի ներքին գործ, որը սպառնալիք չէ տարածաշրջանի համար։
4. Շարժումը թակել է ամենամեծ ընտրազանգվածի՝ մշտական դիտորդների, տատանվողների դուռը։ Եվ այդ դռները սկսում են բացվել։
Այսպիսով՝ ունենք դրական ալիքի վրա ընթացող շարժում, որն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ։ Եվ եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է։
Ինչ անում իշխանությունը. փորձում է պահել իր իշխանությունը։ Ինչպե՞ս.
a. Հակաքարոզչություն(Արվում է առավելագույնը, արդյունքը խիստ սահմանափակ է)
b. Բիրտ ուժ, ռեպրեսիաներ (արվում է և արվելու է, բայց սա ունի իր հակաթույնը, որի մասին՝ հաջորդ անգամ)։
c. Սպասում է Շարժման սեփական սխալներին (ամենավտանգավորը սա է, եթե չլինեն այդ սխալները կամ հասցվեն հնարավոր մինիմումին, իշխանության դիմադրելու ռեսուրսները մաշվելու-վերջանալու են)։
Շարժման պարտությունն ամբողջ հասարակության պարտությունն է, հետևաբար այն պետք է հաղթի
1. Թրենդը պետք է մնա նույնը. դրական ալիքն ունի աճելու զգալի պոտենցիալ։ Պետք է գնալ հենց այդ ուղղությամբ։
2. Շարժումը չպետք է վերածվի ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ։ Համաժողովրդական շարժումն իր հանդարտությամբ, համառությամբ, հաշտության հաստատակամությամբ, իր բովանդակությամբ, կադրերով, ծրագրերով, ապագայի տեսլականով, պատրաստվածությամբ, հանրային ահռելի ճնշման ալիքով պետք է վերածվի իշխանության։ Սա հանրային առողջացման պրոցես է, ոչ թե քաղաքական պայքար։ Այստեղ «եթե» չկա, շարժման պարտությունը հերթական ընդդիմության պարտությունը չէ, այն ամբողջ հասարակության ու մեր հեռանկարի պարտությունն է։
3. Պետք է ընդունենք նաև, որ հասարակության մեջ կան կարևոր հարցեր, որոնց շարժումը դեռ չի անդրադարձել (սոցիալական թեմաներ, սոցիալական արդարության հարցեր, համակեցության խնդիրներ և այլն, որոնք կան հանրային հավաքական մտքում և սրանք պատասխանների են սպասում)։ Դրանք այն հարցերն են, որոնք կարող են շարժման շուրջ մարդկային և հանրային համախմբման նոր ռեսուրս ստեղծել։ Իսկ սա արդեն ֆիզիկա է, ոչ թե քաղաքագիտություն։ Նման ճնշմանը ոչ մի իշխանություն չի դիմանա։
4. Իշխանության ամենագործուն լծակը բերետավորն է։ Շարժումը պետք է ամեն կերպ զրկի իշխանությանն այդ գործիքը կիրառելու հնարավորությունից։ Նախորդ շաբաթներին Սրբազանն ունենում էր բազմաթիվ կարևոր հանդիպումներ սոցիալական և մասնագիտական շրջանակների հետ, խոսում էր կարևորագույն թեմաներից և տալիս էր կարևոր ուղերձներ՝ հասարակությանը և արտաքին աշխարհին։ Նիկոլ, ըստ էության, Երևանում և երկրում չկար, դա էր ընթացքը, և դա էր շարժման թափ հավաքելու պատճառը։ ՄԵԿ հոգին զրկված էր իր սիրած գործիքը՝ բերետավորին օգտագործելու հնարավորությունից։ Իշխանական հակաթեզերը արհեստական էին ու չաշխատեցին։ ՄԵԿ հոգին դա ֆիքսեց։ Իշխանությունը մոտ տասը օր չգիտեր՝ ինչ աներ։ Այս պայմաններում իշխանությունը երազում է, որ դու ստեղծես հնարավորություն, թույլ տաս, որ նա կիրառի իր միակ զենքը՝ բերետավորին։ Շարժման խնդիրն է՝ այս պահին սա թույլ չտալ։
Վահե Հովհաննիսյան, «Այլընտրանքային նախագծեր» խումբ