Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Նշանակում է՝ պետք է ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և անդրադարձել հոկտեմբերի 6-ին, Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպման արդյունքում արված համատեղ հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են երկրների տարածքային ամբողջականությունը։

Մարուքյանը գրել է.

«Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արձանագրումներն են.

1. Ադրբեջանը համաձայնել է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ, որը կլինի սահմանի երկայնքով։ Հետևաբար Ադրբեջանի ապագա ագրեսսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, ավելին նաև կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի արդեն, իսկ օկուպացված հատվածը:

Հիշեցնեմ, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը 2022թ. հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում էր դիտորդական առաքելություն ուղարկել շփման գոտի, սակայն Ադրբեջանի դեմ լինելու պատճառով առաքելությունն այդպես էլ չուղարկվեց։

2. Ադրբեջանը համաձայնել է Հայաստանը ճանաչել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի Հռչակագրի համաձայն, որից հետո դելիմիտացիայի գործընթացում Ադրբեջանը այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը նշանակում է նաև, որ պետք է ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից»։

Հիշեցնենք, որ երեկ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպումը, ինչից հետո հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ճանաչել  երկու երկրների տարածքային ամբողջականությունը, իսկ սահմանի հայկական կողմում ԵՄ քաղաքացիական առաքելություն է տեղակայվելու։

Ըստ հայտարարության՝ առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: