ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նամակ է գրել Օնիկ Գասպարյանին.
Բարեւ Ձեզ, պարոն գեներալ-գնդապետ։
Շոգ Է։ Ահավոր շոգ։ Ու էս շոգին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք առաջադրելուց եւ կալանավորելուց հետո, քիչ առաջ ՀՀ Քննչական կոմիտեն, ինչպես եւ սպասելի էր, մեղադրանք առաջադրեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին եւս մեկ հրամանատարի՝ Ջալալ Հարությունյանին, ում առաջադրված մի քանի լիստ ծանր մեղադրանքը եթե կարճ ամփոփեմ՝ Ջալալի անփութության, անգործության եւ դիլետանտիզմի պատճառով մենք ունեցել ենք մարդկային եւ տարածքային լրջագույն կորուստներ։
Փաստորեն, Միքայել Արզումանյանի պատճառով մենք կորցրել ենք Շուշին, Ջալալ Հարությունյանի պատճառով՝ բազմաթիվ այլ բնակավայրեր ենք հանձնել ու անմեղ զոհեր տվել։
Հաջորդը Դուք եք, պարոն գներալ-գնդապատ։ Ջալալ Հարությունյանն էլ էր Ձեզ նման կարծում, որ իր հնազանդ լռությունը, իր նիկոլահպտակությունն ու՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» բոլոր մորթապաշտների սիրած ֆրազը իրեն փրկելու են քավության նոխազ լինելուց, ու Նիկոլը Շուշին, Հադրութը, Փառուխը, Քարագլուխը, մի քանի հազար զոհերն իր գրպանը չի գցելու։
Հերթը Ձերն է։ Դուք եղել եք Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ եւ ուղղակի պատասխանատվություն եք կրել պատերազմի համար։
Ու հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ձեր գրպանը Նիկոլը մեծ հավեսով ինչեր է գցելու՝ մնացած ողջ փաթեթը՝ Շուշին ու Հադրութն էր հետը, 5 հազար զոհերն ու գերիներն էլ հետը՝ Նիկոլը հեզաճկուն գցելու է ձեր ջեբը։
Ի դեպ, փոխացնում եմ Ձեզ հանրության գերակշիռ մասի տեսակետը՝ լավ է անելու, քանզի դուք բոլորդ, էդ միֆական գեներալներդ, որ Նիկոլի հրաժարականը պահանջող ահասարսուռ մի հայտարարություն արեցիք, հայրենիքի փրկության շարժումը քիչ մնաց Ձեզ հռչակի նոր գեներալ-գնդապետ-մեսիա, որից հետո սպաներն իրենց պագոնները գցեցին Նիկոլի ոտքերի տակ, իսկ Դուք գնացիք Սահմանադրական դատարան՝ Ձեր պատիվը օրենքի եւ սահմանադրության շրջանակներում վերականգնելու։
Ձեզ մեղադրանք առաջադրելուց հետո կամ առաջ էլ, Նիկոլը հասնելու է Վիտալի Բալասանյանին ու Արայիկ Հարությունյանին, եւ իրենք հանկարծ չմտածեն, թե ռուսները թույլ չեն տա։ Էն էլ ոնց թույլ կտան։
Նիկոլը հասնելու է բոլորին։ Բոլորին։ Բոլոր նրանց, ում ջեբը տեսականորեն հնարավոր է լինելու գցել անամոթ, սարսափելի էս պարտությունն ու անմեղ զոհերի մահվան պատասխանատվությունը։
Նա բոլորիդ սարքելու է սերիալ մարդասպաններ, ովքեր 18 տարեկան ու դեռ անգամ ուչեբկա չանցած երեխաներին տարան եւ մորթեցին բայրաքթարների տակ։
Հա, չմոռանամ Մովսես Հակոբյանին, ով եւս արդեն «քաղաքականությամբ չի զբաղվում»։
Այս արհավիրքի մեղավորն ու պատասխանատուն բոլորիդ սարքելու է դավաճան, դասալիք ու սերիալ մարդասպան եւ հեչ պատահական չի, որ հեռացող գլխավոր դատախազը, բնականաբար, Նիկոլի հանձնարարականով, պետական դավաճանության համար մահապատիժը վերականգնելու օրենսդրական առաջարկ է անում։
Դուք, Հայաստանի եւ Արցախի մնացած միֆական գեներալներդ, ունեիք շանս չլռելու, խոսելու, եթե իրապես ասելու բան ունեիք, ինչպես խոսում էիք պատերի տակ եւ կիսաակնարկներ էիք անում հարցազրույցներում։
Բայց դուք նախընտրեցիք վախը։ Վախը Նիկոլից։
Մի մարդուց, ով սարսափում է Ալիեւի ստվերից անգամ։
Դա ձեր բոլորի ընտրությունն էր։
Շարունակեք լռել։