Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ՀՅԴ-ը պահանջում է Հայաստանի իրավապահ մարմիններից զերծ մնալ հակաօրինական, իշխանության ապօրինի պատվերներով գործողություններ կատարելուց

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Արդեն տևական ժամանակ է ինչ օրվա քաղաքական իշխանությունը հանցավոր հետևողականությամբ զավթում է դատական իշխանությունը՝ ձգտելով երկրում վերջնականապես հաստատել մեկ անձի իշխանություն:

Առերևույթ բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարմանը զուգընթաց, վերջինս նաև անողոք է իրավունքի գերակայությամբ առաջնորդվող և արդար դատաքննություն իրականացնող դատավորների նկատմամբ:

Իրավական պետությունը ոչնչացնող պետական ահաբեկման այս մթնոլորտում լռություն է տիրում մարդու իրավունքների պաշտպանության տեղական և միջազգային կազմակերպություններում: Սա այն դեպքում, նման դեպքերը պետք է դառնան տեղական և միջազգային լայն քննարկումների առարկա:

Այս վիճակը սպառնում է Հայոց պետականությանը: Այն անթույլատրելի է:

Ելնելով նշվածից ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը՝

  1. Դատապարտում է օրվա իշխանությունների պետականաքանդ այս վարքագիծը:
  1. Պահանջում է Հայաստանի իրավապահ մարմիններից զերծ մնալ հակաօրինական, իշխանության ապօրինի պատվերներով գործողություններ կատարելուց:
  1. Կոչ է անում հայաստանյան քաղաքացիական հասարակությանը և երկրի ապագայով մտագոված մեր հայրենակիցներին՝ համախմբվել և ընդդիմանալ Սահմանադրությունը ոտնահարող գործողություններին:
  1. Ժողովրդավարությամբ և իրավունքի գերակայությամբ մտահոգ միջազգային հանրության ուշադրություն է հրավիրում օրվա քաղաքական իշխանությունների հակաիրավական այս վարքագծի վրա:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին