Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամների անունից ի խորոց սրտի շնորհավորում ենք Ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։
Ձերդ Սրբության օրհնությամբ Մայր Աթոռի հոգևոր ծառայողները անցնող տարում ևս պատվեցին Միության հայանպաստ և մշակութապահպան ձեռնարկները, ծրագրերը՝ փոխանցելով Ձեր Հայրապետական մաղթանքները։
Պատերազմների արհավիրքներ և կորուստներ կրած հայ ժողովուրդը շարունակում է դժվարին օրեր ապրել, և միայն հավատն է, որ միավորում է աշխարհասփյուռ հավատավոր ժողովրդին։ 2024 թվականին Սրբալույս Մյուռոնի օրհնութունը վերստին շաղկապեց հայ ազգին և մեզ հիշեցրեց հայոց դարձի նվիրական օրերը։
Լիահույս ենք, որ Ձեր հոգևոր առաջնորդությամբ հայ եկեղեցին կշարունակի համախմբել ժողովրդին՝ զերծ պահելով ազգավնաս ընթացքներից, նոր տագնապներից ու մտահոգություններից։ Թող 2025 թվականը լինի համերաշխության, վճռականության և հայոց աշխարհի բարօր ապագա կառուցելու հաստատակամության տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Ձերդ Սրբությանը մաղթում ենք քաջառողջություն, երկա՜ր տարիներ հայ հավատավոր ժողովրդին առաջնորդելու ուժ և ամենայն բարիք։ Թող հայոց աշխարհն այս տարի լինի անվտանգ, ժողովրդի կամքը՝ աննկուն, հավատը՝ պայծառ ու անսասան»։
Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչություն,
Նախագահ՝ ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ