Այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ «բանակցությունների» ավարտի մասին հայտարարություններից անմիջապես հետո ադրբեջանական գրեթե բոլոր մեդիա հարթակներով տարբեր պետական-քաղաքական գործիչներ առաջ են բերում (հետևում կանգնած է ադրբեջանական իշխանությունը) լրացուցիչ պահանջներ`
*Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձ և նրանց անարգել ելումուտ Հայաստան:
*Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացում այնպես, ինչպես դեռ 2021 թ. նոյեմբերին Թուրքիայի նախագահի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, այն է «Զանգեզուրի միջանցքը» իրար է կապելու ողջ թյուրքական աշխարհը։
*ՀՀ սահմանադրության փոփոխություն ըստ ադրբեջանական պահանջների։
*Հայաստանը պետք է հատուցում վճարի Ադրբեջանին:
*Հայաստանը պետք է հանդես գա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախաձեռնությամբ:
*Պետք է տեղի ունենա Հայաստանի ապառազմականացում և գնված զենքերի հանձնում կամ վերադարձ։
*Հայաստանում պետք է դադարեցվի Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի և պատերազմի մասնակիցների հերոսացումը:
Հայաստանում պետք է փակվեն այն բոլոր կառույցներն ու կազմակերպությունները, որոնք զբաղված են ազգային արժեքների տարածմամբ։
*Ըստ ադրբեջանական իշխանական քարոզչության` սրանք այն խնդիրներ են, որ պետք է լուծվեն «խաղաղության համաձայնագրի» ստորագրումից դուրս և նախքան ստորագրումը։
Այնպես որ, բացի այն, որ Հայաստանի իշխանությունը սեփական ժողովրդից գաղտնի է պահում այս կենսական կարևորություն ունեցող հարցերը, իշխանության մնալու մոլեռանդությամբ թաքցնում են այս ամենը` տպավորություն ստեղծելով, թե իրենք տիրապետում են իրավիճակին, և այդ համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից` ակնհայտ իմանալով, որ դա այդպես չէ:
Արման Թաթոյան, ՀՀ նախկին ՄԻՊ