«Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին»
ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
Թումանյանական այս զուլալ տողերն իմ ականջում զնգում են՝ հիշեցնելով մեր փառահեղ կերպարներից մեկին՝ Դուշման Վարդանին, որին դուշմանն էր հենց կնքել «Դուշման» մականվամբ։ Նա, այս ֆենոմենալ ռազմիկը, նվիրումի չտեսնված օրինակ է և հոգատարությամբ հաղթողի անեղծ մի անուն, որ հեքիաթային պատրվակով գրքից իրականություն էր տեղափոխվել՝ ճիշտ պահին, ճիշտ տեղում։
Ժամանակի սողանքից ու տարիների փշրումից հետո, վստահ եմ՝ դեռ ողջ են նրա շնորհիվ փրկված կանայք՝ իրենց աշխարհ բերածներով հանդերձ, որ ապրում են թշնամական անդաստաններում։ Նրանք գիտեն, հիշում են ու թեև օրն սկսում են մեզ ուղղված շռայլ անեծքներով, բայց պետականամետ այդ նողկանքի քողի տակ՝ իրենց մտքում, իրենց «ալլահ»-ին օրհնում են հերոսի անունը. Դուշման, որ բարեկամից էլ, արյունակցից էլ հոգատար էր։ Նրանց քիմքերում, վստահ եմ՝ դեռ հալվում է զրկանքներով ձեռք գցած այն խտացրած կաթի համը, որը Վարդանը բաշխում էր իր զինվորներից կտրելով։