Մայր տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնեքի առնչությամբ Մայր Աթոռի հայտարարությունը հասկանալիորեն մեծ ոգևորություն է առաջացրել: Ցավոք, այս թեման ևս որոշ շրջանակներում ընկալվեց իբրև շահարկման հարմար նյութ: Դեռ առիթ կլինի հանգամանորեն արձագանքելու այդ շահարկումներին, իսկ այս ձևաչափով հակիրճ անդրադառնամ առնվազն երկու «պնդմանը»: Այս մասին իր էջում գրել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ա) Վերականգնողական աշխատանքներն իբրև միտումնավոր ձգձգելու կտրվածքով հեղինակներին հիշեցնեմ, որ նոր եկեղեցի կառուցելն ավելի դյուրին է, քան հին եկեղեցին հիմնովին վերականգնելը, իսկ ահռելի ծավալի աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար և հանգամանորեն հանրությունը իրազեկվել է՝ թե «Շողակաթ» Հեռուստաընկերության և թե Մայր Աթոռի լրատվության ծառայության միջոցով. առանվազն երեք շերտ որմնանկար է հեռացվել պատերից և ամբողջությամբ վերականգնվել:
Իսկ եթե ժամկետն է իրենց «անհանգստացրել», ապա համեմատության համար թող հիշեն, որ Փարիզի Աստվածամոր Տաճարը վերանորոգման մեջ է՝ սկսած 2019 թ. ապրիլի 15-ից և դեռ չի ավարտվել: Այդ տաճարի վերաօծումը նախատեսված է 2024 թ. դեկտեմբերին, բայց պաշտոնապես հայտարարվել է, որ վերականգնողական աշխատանքները կշարունակվեն նաև դրանից հետո (այնպես որ «Տաճարը բացումից մեկ ամիս առաջ անավարտ է» վերտառությունը առնվազն տեղին չէ): Ընդ որում, Աստվածամոր Տաճարի վերականգման համար արդեն ծախսվել է 1 մլրդ եվրոից ավել,
բ) Երբեք որևէ հոգևորական չի արտահայտվել Մայր Տաճարի վերաօծումը հետաձգելու օգտին, միակ մտահոգությունը եղել է առկա խոչընդոտները (այդ թվում, հարկային ու մաքսային վարչարարության կողմից հրամցված) հնարավորինս արագ հաղթահարելու հարցը:
Սա այն հարցերից է, որ Գերագույն Հոգևոր Խորհրդում դե ֆակտո եղել է առավել քննարկված և լուսաբանված, իհարկե՝ Արցախի և Հայաստանի կացության ծանր վիճակի հարցերից հետո: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հարկադրված է եղել Երկրի ծանր կացությունը հաղթահարելու գործին ամեն գնով աջակցելուն զուգահեռ, ինչը չնախատեսված հսկայական ներուժ է պահանջել և պահանջում, ավարտին հասցնել այդ խիստ կարևոր գործը:
Հարցադրումները չափազանց շատ են, բայց բավարարվենք այսքանով:
Աստված Հայ Եկեղեցուն և Հայ ազգին պահապան …»։