Քպ-ական պատգամավոր Արման Եղոյանի՝ դատավոր Վազգեն Ռշտունու որոշմամբ Հրայր սարկավագ Հակոբյանին ազատ արձակելու դեմ ուղղված գրառմանը գնահատական են տվել իրավապաշտպանները։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրել է. «Պատգամավորի այս ձևակերպումը լավագույնն է հիմնավորում տարածված պնդումն առ այն, որ իշխանությունները կալանքն ընկալում [կիրառում] են որպես պատժի գործիք»:
Եղոյանի գրառման տակ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Որպես հին ծանոթ ու իրավաբան (իհարկե՝ ո՛չ այնքան բարձրակարգ, որքան Դուք եք)՝ մի հարց տամ։ Եթե, Աստված չանի, մի օր Դու՛ք էլ հայտնվեք մեղադրյալի աթոռին, կուզեիք Ձեր դատավորը Ռշտունի՞ն լիներ, թե՞, օրինակ, Արմեն Դանիելյանը կամ Մասիս Մելքոնյանը կամ Մնացական Մարտիրոսյանը։ Խնդրում եմ պատասխանել անկեղծ»։
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի արձագանքը. «Հետաքրքիրն այն է, որ քեզ անհանգստացրեց ոչ թե կալանավորումը, այլ ազատ արձակումը։ Ինչ վերաբերում է քո հետաքրքրություններին, դրանք այդպես էլ կմնան քո ներսում՝ որպես հետաքրքրություններ։ Միգուցե գոնե էդպես հետաքրքիր մարդ դառնաս»։
«Իսկ կարող ե՞ք կռահել, թե ինչու է դատավոր Ռշտունին ազատ արձակել Հրայր սարկավագին:
Որովհետև չի կատարել այնպիսի արարք, որի համար կարող էր կալանավորվել», – նկատել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։