Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Բնապահպանական պահանջները» հասան Հայաստանի 8 գյուղերին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է երեկվանից շրջանառվող տեղեկություններին, որոնք տարածել է ադրբեջանական կողմը։

«Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի հիմնական թեման, ինչպես որ ակնկալվում էր, Հարավային Կովկասում և, մասնավորապես, Արցախում ստեղծված ծանր իրադրությունն է։

Ի տարբերություն հեռախոսազրույցի առնչությամբ ֆրանսիական պաշտոնական հաղորդագրության՝ ադրբեջանցիներն իրենց հաղորդագրությունում ևս մեկ նախադասություն են մտցրել՝ կապված Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի 8 գյուղերի (Տիգրանաշեն և այլն) նկատմամբ ներկայացրած տարածքային պահանջների մասին»,-հայտնում է պատգամավորը։

«Բնապահպանական պահանջներն» աստիճանաբար ընդլայնվեցին՝ Հայաստանն Արցախին կապող միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն, Հայաստանի տարածքով միջանցք, հիմա էլ՝ ՀՀ 8 գյուղերի նկատմամբ (7-ը՝ Տավուշի մարզից) տարածքային պահանջներ։

«Ի դեպ, ադրբեջանական պահանջների հանրայնացումը բավականին տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանի հնարավոր ջանքերի և Հայաստանի նկատմամբ հավանական ագրեսիայի ուղղությունների մասին»,-նկատում է Տիգրան Աբրահամյանը։