ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն երեկ բացեիբաց հայտարարեց ՔՊ «պոլիտբյուրոյի» հերթական ազգակործան որոշման մասին՝ Հայաստանը ողողել այլազգի զանգվածներով։
Իրականում այս ծրագիրը խունտան սկսել է իրագործել դեռ տարիներ առաջ։ Վերջին 4-5 տարում Հայաստան են բերվել ավելի քան 100,000 օտարացեղ, այլակրոն և այլամշակույթ մարդիկ, ովքեր երբեք չեն դառնալու հայկական մշակույթի և ավանդույթների կրողը, և ովքեր երբեք չեն նվիրվելու Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի ու անվտանգության պաշտպանությանը։
Խունտայի ներկայացուցիչները վաղուց դադարել են խոսել ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ կազմակերպման մասին, որը 2018 թ. ապրիլին Նիկոլ Փաշինյանը գովազդում էր որպես իր իշխանության գլխավոր նպատակներից մեկը։ Այնինչ Հայաստանի փրկության միակ գործուն ճանապարհը հենց համահայկական ներգաղթն է՝ ՀԱՅԱՀԱՎԱՔԸ։ Միայն համահայկական ջանքերով աշխարհասփյուռ հայության լայն հատվածների կազմակերպված հայրենադարձությունը կարող է կանխել նրանց անխուսափելի ձուլումը օտար երկրներում և միաժամանակ Հայաստանն ապահովել անհրաժեշտ ազգային կադրային ու ժողովրդագրական ներուժով։
Մեկ միլիոնից ավելի ՀՀ քաղաքացու արտագաղթը լիովին անտեսելով՝ այս օտարագար և հայազերծ իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, թե երկիրը կարող է շահել հարյուր հազարավոր այլազգիների ներհոսքից։
Մինչդեռ աշխարհի հզորագույն պետությունները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և այլք, չկարողանալով մարսել և ինտեգրել Մերձավոր Արևելքից, Ասիայից և Աֆրիկայից ներգաղթած զանգվածներին, այսօր պաշտոնապես խոստովանում են, որ բազմամշակութայնության (մուլտիկուլտուրիզմի) մոդելը լիովին ձախողվել է։ Նրանցից շատերը արդեն նախաձեռնում են հետադարձ գործընթացներ՝ այդ զանգվածների գոնե մի մասին վերադարձնելու համար։
Ի տարբերություն այդ երկրների՝ Հայաստանը չունի ո՛չ նրանց ուժեղ ու կայուն պետական ապարատը, ո՛չ էլ նրանց տնտեսական և ժողովրդագրական ներուժը։ Այս պայմաններում օտար զանգվածների զանգվածային ներմուծումը վտանգում է ազգային ինքնությունը, սրում սոցիալական ու տնտեսական մրցակցությունը, ավելացնում լրտեսության, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության ռիսկերն ու թուլացնում հայկական պետականության անվտանգության հիմքերը։
Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական հիբրիդային գործողությունները՝ ներառյալ ազդեցության գործակալների ցանցերի ձևավորումը Հայաստանում, օտար քաղաքացիների անվերահսկելի ներհոսքը կարող է հանգեցնել լրտեսական բջիջների ակտիվացմանը, ռազմավարական օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության արտահոսքին, իսկ ծայրահեղ հանգամանքներում՝ ներքին ահաբեկչական գործողությունների իրականացմանը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում։
Բոլորը պետք է հասկանան, որ վերջին տասնամյակներում, երբ Հայաստանի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներ՝ տնտեսությունից մինչև գիտություն ու անվտանգություն, ենթարկվել են համակարգային կազմաքանդման, իսկ ժողովրդագրական պատկերը խաթարվել է զանգվածային արտագաղթով, ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒ ԳՐԵԹԵ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ ԵՂԵԼ Է ՀԵՆՑ ՀԱՅ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ։ Այդ բացառիկ ազգային համաչափությունն է, որ թույլ է տվել պահպանել որոշակի ինքնիշխանություն, հանրային համախմբվածություն և դիմադրողականություն։ Այժմ այդ վերջին անվտանգության պատնեշն էլ փորձում են վերացնել՝ հայրենիքը աստիճանաբար զրկելով իր հայեցի դեմքից և ազգային հիմքից։
Սա ուրիշ բան չէ, քան պետական դավաճանություն։
Քաղաքագետ Արմեն Այվազյան