Ստացվում է, որ Կապանի Փելա սարը բանավոր պայմանավորվածությամբ է հանձնվել Ադրբեջանին, քանի որ գրավոր որևէ փաստաթուղթ տեսանելի չէ:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ այսօր Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ Փելա սարը, որի մի հատվածում հայ զինծառայողներն էին վերահսկողություն իրականացնում, մյուսում՝ ադրբեջանցիները, արդեն երկու օր է ամբողջությամբ անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, ադրբեջանցիները փակել են նաև դրան հարակից ճանապարհահատվածը:
Պատգամավորի արձանագրմամբ՝ սա գալիս է լրացնելու դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Ադրբեջանին առանց փաստաթղթի հանձնված տարածքների շարքը և ամրագրում, որ «այս իշխանությունն իր գլխավոր առաքելությունը տեսնում է միայն տարածքներ հանձնելու և Հայաստանի ինքնիշխանությունը նվիրելու մեջ»:
Խոսելով սարի ռազմավարական նշանակության մասին՝ պատգամավորն արձանագրեց, որ այստեղ, ռազմավարական նշանակությունից զատ, առաջին խնդիրն այն է, որ կա հայկական տարածք, որի վերահսկողությունը հանձնվել է Ադրբեջանին.
«Ցանկացած բարձունք, բնակավայր, ճանապարհ կարևոր նշանակություն ունի, բայց գլխավոր խնդիրն է այն է, որ կա տարածք, որի վերահսկողությունն անցել է Ադրբեջանին:
Ռազմավարական առումով՝ այս հատվածում ադրբեջանական դիրքերը գնալով ամրապնդվում են, խնդիրներ են ստեղծվում նաև քաղաքացիների տեղաշարժի առումով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Խորհրդարանում կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ, ըստ էության, դեռևս հստակեցված չեն այն քարտեզները, որոնք պետք է հիմք կհանդիսանան սահմանազատման և սահմանագծման աշխատանքների համար:
Հարցին՝ թե այս դեպքում իրավական ի՞նչ հենքով են ՀՀ սուվերեն շատ տարածքներ անցել և շարունակում անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ, պատգամավորն արձագանքեց.
«Մենք էլ ենք ուզում հասկանալ՝ ի՞նչ հիմքով է տարածքների հանձնումն իրականացվում, դրանով է պայմանավորված մեր բազմաթիվ հարցումները կառավարությանը, ստացվում է բանավոր պայմանավորվածությամբ է հանձնվել, քանի որ գրավոր փաստաթուղթ տեսանելի չէ»:
Պատգամավորը նաև հայտնեց, որ այսօր հերթական գրությունն է ուղարկել ԱԱԾ՝ կոնկրետ Փելա սարի հանձման հետ կապված հարցերի պատասխաններ ստանալու համար:
Աղբյուր` Փաստինֆո




