Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Ադրբեջանական քարոզչությունը շատ ակտիվ է աշխատում այս պահին։ Տեղի ունեցող զարգացումների մեղքը փորձում են հայկական կողմի վրա բարդել՝ ասելով, իբր սադրանքների հեղինակը հենց ՀՀ զինված ուժերն են։
Մինչդեռ ադրբեջանական այս հարձակումը կանխատեսելի էր դարձել ճիշտ այն պահից, երբ հայտնի դարձավ, որ ուկրաինական բանակը հաջող հակահարձակում է իրականացրել Խարկովի ուղղությամբ և ռուսներից մի քանի քաղաք հետ գրավել։ Սա Խարկովի արձագանքն է Հարավային Կովկասում։ Եվ այս փաստը պետք է անպայման արձանագրել։
Ադրբեջանի հարվածներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և ՀԱՊԿ դեմ։ Դրանք հարվածներ են նաև Իրանի տարածաշրջանային շահերին։ Այո, թուրք-ադրբեջանական դաշինքը մի քանի խնդիր է լուծում։ Եվ եթե մենք այս ամենը հիմա շատ հստակ չարձանագրենք, ապա հերթական անգամ խայտառակ միայնության և նոր կորուստների առջև ենք կանգնելու։
ՀՀ քաղաքականությունը հիմա բացառապես մեկը պետք է լինի՝ ձևավորել հակաադրբեջանական կոալիցիա և ամեն ինչ անել, որպեսզի թշնամու այս գործողություններն անհետևանք չմնան նրա համար։ Ադրբեջանը Քարվաճառն ու Քաշաթաղը ազատագրելու հերթական լեգիտիմ առիթներն է տալիս Հայաստանին։ Բայց, հայտնի պատճառներից ելնելով՝ ցավոք կրկին համոզմունք կա, որ դավաճան այս իշխանությունները ճիշտ հակառակը կանեն և Հայրենիք ազատագրելու փոխարեն կմտածեն, թե էլ ինչ հանձնեն Ադրբեջանին, որ «խաղաղության դարաշրջան» բացվի…»