«Ալիևը մեզ ստիպում է խոսել «Զանգեզուրի միջանցքից»։ Նա «Զանգեզուրի միջանցքը» համեմատում է Լաչինի միջանցքի հետ»,- նկատում է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի արդեն իրականացվող ծրագրին՝ ոչնչացնել Սյունիքը։
«ԱԺ-ում լսումների ժամանակ ես ասացի, որ ՀՀ ԱԺ-ը պետք է ճանաչի ԼՂ-ի լեգիտիմությունը, որ Արցախը օրինական ճանապարհով անկախ սուբյեկտ է՝ անկախ Ադրբեջանից։ Այս քայլն անհրաժեշտություն է, ապշում եմ, որ այս տարրական հասկացությունը պատգամավորները չեն ընկալում։
Եթե դու չես հաստատում, որ Արցախն օրինական ճանապարհով է դուրս եկել Ադրբեջանի կողմից, եթե Հայաստանը դա չի ընդունում, մեկ այլ պետություն, միջազգային հանրությունն ինչպե՞ս ընդունի»,-ոչ հռետորական հարց է հղում Արամ Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ հույս կա, որ ռուս խաղաղապահները կմնան, ու Արցախի այդ փոքրիկ հատվածը գոնե կմնա։ Արամ Սարգսյանը համոզված ասում է՝ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ուզում Հայաստանի հետ խաղաղ ապրել, նրանք ուզում են, որ հայերը Հայաստանից հեռանան։
«11 միլիոն հայ կա աշխարհում, եթե չենք կարողանում ինքնակազմակերպվել, կործանումը անխուսափելի է։ Պետք ստեղծվի քաղաքական էլիտա, պետք է ազգը համախմբվի։
Սփյուռքն էլ է նվաստացած։ Ադրբեջանցիները ոհմակներ են կազմում ու հարձակվում հայերի վրա։ Նման բան երբեք չի եղել։ Մինչև հիմա ոչ մի անգամ հայերը չեն պարտվել Ադրբեջանին՝ ոչ պատերազմում, ոչ գաղափարապես։ Սրան տանեմ բանտ նստեցնեմ, որովհետև ինձ բան է ասել, նրան ձերբակալեմ. Փաշինյանն ուրիշ ճանապարհ չունի, որովհետև չգիտի՝ ոնց վարվի, որ իր առջև դրված ծրագիրն իրականացնի»,-ներքաղաքական իրավիճակն այսպես է գնահատում Արամ Սարգսյանը ։







