Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակին՝ ուղղված Պուտինին, Բայդենին ու Մակրոնին։
«Ես ստորագրում եմ…
Կարդացի հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներին։
Որպես լրագրող եւ պատգամավոր նախկին իշխանության ամենախիստ քննադատն եմ եղել, բայց հիմա ստորագրում եմ երրորդ նախագահի ուղերձի յուրաքանչյուր բառի տակ։
Ստորագրում եմ, որովհետեւ այո, այսօր 120 հազար արցախցիների ֆիզիկական գոյությունը վտանգի տակ է եւ այսօր, 108 տարի անց, մենք կրկին մոտ ենք ցեղասպանության նոր շրջափուլին։ Ստորագրում եմ՝ կրկին անգամ ընդունելով իմ անձնական մեղավորությունը, որ 2018 թվականին ես եւս դարձա հասարակության հուզական ընտրության զոհն, ու իշխանությունը հանձնվեց պետության ընկալման հետ որեւէ աղերս չունեցող մեկին:
Ստորագրում եմ այս ուղերձի տակ եւ այո, համաձայն եմ, որ իշխանությունը դեռ իր ձեռքում պահող անձը չունի մեր ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որեւէ այլ երկրի կազմում։ Նա չունի ամենակարեւորը, արցախցիների քվեն՝ ինքնակամ որոշելու նրանց ճակատագիրը:
Ստորագրում եմ այս ուղերձի յուրաքանչյուր տողի տակ, որովհետեւ, այո, տարիներ առաջ Հայաստանը բանակցային սեղանին քննարկում էր լուծումներ, որոնցով արցախցիները արժանապատվորեն կապրեին իրենց երկրում, հիմա մենք խոսում ենք նրանց՝ գոնե ապրելու հնարավորության, ապրելու իրավունքի մասին: Հիմա մենք խոսում ենք արցախցիների էկզիստենցիալ խնդրի մասին։
Ստորագրում եմ երրորդ նախագահի ուղերձի տակ, որովհետեւ, այո, փորձառու դիկտատորի և անլուրջ, անկարող մեկի ուղիղ բանակցությունները չեն կարող որեւէ տրամաբանական կետում ավարտվել եւ թելադրող կողմի ամեն բավարարված պահանջ ծնելու է նոր՝ էլ ավելի դժվար բավարարելի պահանջներ, որոնց հանգրավանը լինելու է շատ ավելի մեծ աղետը։
Ստորագրում եմ, քանզի համաձան եմ, որ միջազգային հանրության եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների լռությունը նշանակելու է, որ շատ շուտով այդ երկրները ստիպված են լինելու զբաղվել արդեն «Հայաստանի հարցով»:
Երրորդ նախագահի բաց նամակը, ով արցախյան հիմնախնդրի վերջին եւ հիմնական բանակցողն էր, սթափ ու ծանր ուղերձ էր միջազգային հանրությանը, որովհետեւ այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, այլեւս մահաբեր այս մսաղացը, որ տարավ ընդամենը հաց փնտրող փոքրիկ Լեոյի ու փոքրիկ Գիտայի կյանքը, այդ մահաբեր մսաղացն այլեւս չի կանգնելու։
Ու վաղը, այո, ուշ է լինելու, շատ ուշ»։