Հաղթելու օրը գալու է
Ազգերին իրենց պատմության ընթացքում ունենում են իրար հաջորդող զարթոնքներ ու ջախջախումներ։ Եվրոպական երկրների մեծ մասը, որոնք այսօր ընդունված է դասել աշխարհի հզորների շարքը, իրենց ողջ պատմության ընթացքում մարտնչել են՝ հաղթել ու պարտվել, այս կարգավիճակին հասնելու համար։
Հայոց պատմության էջերում, ցավոք, ողբերգական դրվագները գերակշռում են։ Դա կարելի է բացատրել բազում հանգամանքներով, բայց դրանց պատճառների մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում այն հանգամանքը, որ մենք մեր պատմության վերջին հազարամյակի ընթացքում, գրեթե երբեք մեր ազգային կռիվը մինչև վերջ չենք տվել։ Ամեն անգամ՝ պարտությունից հետո, մեզնից տասնյակ տարիներ, իսկ ավելի հաճախ դարեր են պահանջվել՝ պարտվածի ու զոհի հոգեբանությունը հաղթահարելու ու զարթոնքի հասնելու համար։
Այս իմաստով՝ 20-րդ դարը մեր պատմության մեջ բացառիկներից էր։
20-րդ դարասկզբի ցեղասպանությունից հետո (նույնիսկ կարելի է ասել՝ դրա իրականացման ընթացքում) մենք կարողացանք ուժ գտնել ու հաղթանակներ տանելով՝ ձևավորել մեր՝ դարերով երազած պետությունը։ 20-րդ դարավերջին ևս՝ չնայած ծանր իրավիճակին, երկրաշարժին, տնտեսական ու սոցիալական քաոսին, մենք կարողացանք ուժ գտնել, ստեղծել հանրապետություն ու որպես արժևորում մեր պետությանն ու գոյությանը՝ ազատագրել գերությունից մեր Արցախը։
Արցախյան վերջին պատերազմից անցավ ուղիղ կես տարի։ Այս պատերազմը ևս մեկ՝ շատ թանկ արժեցած դաս էր՝ ազգային միանության կարևորության, մեզ քարոզվող արժեքների դատարկության, դավաճանության ու շատ դեպքերում՝ բացառիկ հերոսության մասին։ Այս պատերազմում մենք կորցրինք մեր պետության գոյության միակ իմաստն ու մեծագույն արժեքը՝ հաղթանակը։ Այսօր մեզ փորձում են համոզել՝ մոռանալ ռևանշի մասին, համակերպվել իրողության հետ ու նույնիսկ հաշտ ու խաղաղ ապրել մեր թշնամիների կողքին։ Ռևանշիզմի ու նոր պատերազմի նախապատրաստվելու կարևորությունը ընդգծող անհատներին փորձում են թիրախավորել, հաճախ նաև ներկայացնել՝ որպես անլուրջ ու անհույս երազող։ Բայց մի պահ պատկերացրեք, թե 1994-ին մեր թշնամիների համար որքա՜ն հեռու ու անիրական էր թվում այսօրվա կատարվածը, և այս թեզերը կփշրվեն։
Մենք պարտավոր ենք ուշքի գալ ու մտածել հաջորդ հաղթանակի մասին, թույլ չտալ, որ հերթական զարթոնքը լինի 100 տարի անց միայն։ Մենք պարտավոր ենք լռեցնել՝ մեզ պարտության հետ համակերվելու կոչեր անող ձայները, որովհետև հենց այդ թեզերն են մեզ տանում վերջնական կործանման, որից վերականգնվելու համար (եթե նույնիսկ վերականգնվելը հնարավոր լինի) կրկին դարեր են պահանջվելու։ Պարտավոր ենք, քանի որ Արցախն ու հաղթանակը մեր պետության գոյության միակ հենասյուներն են և իրական իմաստը։