Եթե կարճ ձևակերպեմ իրավիճակը սա է՝ մեր զինված ուժերը կարիք ունենք մեծ բարեփոխումների, որոնք այս իշխանության պայմաններում հնարավոր չէ ակնկալել։ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր Հայելի ակումբում տված ասուլիսի ժամանակ անդրադառնալով Զինվախ ուժերին, առկա խնդիրներին և ներկա իրողություններին՝ նկատեց, որ ներկայիս իշխանություններն ամեն ինչ անելու են զինված ուժերում ներկայիս պրոցեսները քողարկելու համար:
Պատգամավորի խոսքով՝ զինված ուժերի հետ կապված կարծիք կազմելու համար բավական է առհասարակ սահմանամերձ համայնքներ այցելել և զինվորականների տարբեր խմբերի հետ շփվել: Նա նկատում է, որ կան լրջագույն խնդիրներ, որոնք հաղթահարված չեն։
Անդրադառնալով այն իրողությանը, երբ ՀՀ պաշտպանության նախարարը երկրի պատմության մեջ առաջին անգամ բանակի կազմավորման առիթով՝ հունվարի 28-ին, ուղերձով հանդես չեկավ, երկրի վարչապետը նորից հիվանդացավ և չգնաց Եռաբլուր, երկիրն այդ պահի դրությամբ նախագահ չուներ, պատգամավորը նկատեց.
«Միգուցե սա այն բացառիկ օրերից է եղել, որ այդ անձինք ազնվություն են դրսևորել և համարել են, որ իրենք ոչինչ չունեն, որևէ աղերս չունեն 3-րդ Հանրապետության զինված ուժերի որևէ փուլի հետ և ուղղակի ազնվություն են դրսևորել և չեն ներկայացել վայրեր, որտեղ պետք է լինեին, բայց իրականում, ուղերձային առումով իր մեջ մռայլ երանգ է պարունակում, բայց շատ-շատերի համար էլ կարևոր էր, որ այդ օրը այդ մարդիկ չերևացին Եռաբլուրում, կեղծ ուղերձներ չհղեցին»,-նշեց Աբրահամյանը:
Աղբյուր` Փաստինֆո







