Քվեարկելը արժանապատվության հարց է այն իրավիճակում, որում ներկայում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը: Ընդ որում, մի պահ նույնիսկ դուրս գանք քաղաքական այս կամ այն ուժի համատեքստից: Դիտարկենք պարզապես Հայաստանի ներկայիս իրավիճակը ցանկացած ուժի տեսանկյունից, նույնիսկ՝ կառավարող ՔՊ-ի:
Եթե հայտարարվում է, թե՝ «տերկանգնիր խաղաղությանը», եւ դուք լոյալ եք այդ հարցադրմանը, ապա դարձյալ՝ առնվազն արժանապատվությունն ու պատասխանատվությունը ձեզ պետք է տանի տեղամաս, որ «տեր կանգնեք», որպեսզի հետո էլ արժանապատիվ պատասխանատվություն կրեք ձեր այդ քվեարկության համար: Եվ ուրեմն, եթե դուք աջակցում եք կառավարող ուժին ու դրա վերընտրությանը, ապա դա էլ պետք է անեք արժաապատվորեն, ոչ թե լղոզված ու քողարկված՝ մնալով տանը:
Իսկ եթե դուք համաձայն չեք, որ եկողը խաղաղությունն է, եւ համաձայն եք այն գնահատականին, որ այս գործընթացը խաղաղություն բերելու փոխարեն Հայաստանն է տանում դեպի Ադրբեջանի «վարչատարածքային ենթակայության» տրամաբանություն, ապա առավել եւս արժանապատվության հարց է գնալ ու քվեարկությամբ փորձել կանխել այդ գործընթացը: Եվ այդ դեպքում արդեն հարցը ոչ թե արհեստական ու պարզապես քարոզչական «խաղաղությանը» տեր կանգնելու, այլ իրապես հայկական պետականությանը տեր կանգնելու հարց է:
Եվ ուրեմն, ցանկացած պարագայում կա արժանապատվության համապատասխան ռակուրսը, որպեսզի մարդը գնա եւ քվեարկի:
Ես սա դիտարկում եմ այսպես ասած՝ բոլոր ուժերի տրամաբանությամբ:
Իսկ բուն իրողությունների համատեքստում խնդիրն իրապես հայկական պետականության հայկական ընթացին տեր կանգնելն է, քանի դեռ կա դրա հնարավորությունը: Եվս մեկ ընտրական ցիկլ անցնելու պարագայում իրավիճակը լինելու է առավել բարդ: Ավելին, եթե դուք հիմա չգնաք քվեարկության՝ հանուն պետականության հայկականությունը պահելու, ներկայիս քաղաքականության եւս մեկ ընտրական ցիկլի հետեւանքով դուք առավել եւս զուրկ եք լինելու քվեարկության գնալու մոտիվացիայից, որովհետեւ դուք շտապելու եք որքան հնարավոր է շուտ գնալ Հայաստանից, այն Հայաստանից, որի ենթարկումը Ադրբեջանի ռազմավարությանը ստանալու է առավել ընդգրկուն թափ:
Եվ, եթե չեք ուզում հինգ տարի անց մտածել Հայաստանից գնալու մասին, հունիսի 7-ին պետք է առանց վարանելու գնաք ընտրատեղամաս ու քվեարկեք:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան








