Մենք միջազգային մակարդակի ծառայություններ մատուցող հայկական ստատափերը բերում ենք Հայաստան. ԲՏԱ փոխնախարար. News.am

13

Մեր նախարարությունը կոչվում է բարձր տեխնոլոգիաների նախարարություն է, եւ ոչ թե IT նախարարություն. սա հատկանշական է նրանով, որ ամբողջ գործունեությունը նախարարությունն ուղղում է բարձր տեխնոլոգիաների ոլորտ, ոչ միայն ՏՏ ոլորտ: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, Orion-2022 գագաթնաժողովի ժմանակ նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների փոխնախարար Դավիթ Սահակյանը:

Նա հիշեցրեց, որ գոյություն ունի ՏՏ ոլորտի աջակցման օրենք, որն արտոնություններ է նախատեսում, սակայն այդ օրենքն ուժի մեջ է մինչեւ տարեվերջ. «Ներկայումս մշակվում է նոր օրենք, որն արդեն ուղղված կլինի բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների աջակցմանը: Այսօր կա ընկերությունների աջակցման կառավարության որոշում, սակայն այստեղ սահմանափակում դրված չի եղել. ՏՏ ընկերությունների հետ միաժամանակ նշված են բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները, որոնք կարող են օգտվել աշխարտավարձերի 50 %-ի քեշբեքի հնարավորությունից:

Նախարարության եւս մեկ ծրագիր կա, որը ցույց է տալիս, որ մենք ՏՏ-ից անցնում ենք ԲՏ-ի, եւ դա թրեյնինգային ծրագրերն է. «Նախկին երկու տարիներին նախարարությունն իրականացրել է մոտ 18 ուղղությամբ ծրագրավորման դասընթացներ, իսկ այս տարի մենք ընտրել ենք որոշ թիրախային ուղղություններ՝ կիբեռանվտանգություն, ինժեներություն, բլոքչեյն, արհեստական բանականություն: Այս տարի առաջին անգամ մենք ավելացրել ենք տեխնոլոգիական ձեռներեցություն ուղղությամբ դասընթացները, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ չնայած այն բանին, որ մենք ունենք հրաշալի ուղեղներ, որոնք տեխնոլոգիական ոլորտում տալիս են հրաշալի լուծումներ, սակայն մենք ունենք ձեռներեցության մասով բաց: Այդ պատճառով մենք կարեւոր համարեցինք ունակությունների եւ գիտելիքների տրամադրումը մեր ոլորտային ընկերություններին, որպեսզի իրենց աշխատանքը լինի ավելի արդյունավետ»,-ընդգծեց փոխնախարարը:

Դավիթ Սահակյանի խոսքով, կարեւոր է, որ կարիքների բացահայտումը եւ դրանց համապատասխան լուծումների տրամադրումը լինի ինչ-որ սինխրոն հարթակի վրա, եւ այդ հարթակի ֆունկցիան այս պահին նախարարությունը վերցնում է իր վրա:

«Մենք առաջարկում ենք մեր ինդուստրիայում առկա լուծումները: Շատ կարեւոր է, որ այս շղթան մի քիչ այլ կողմից ենք տանում. մենք վերցնում ենք մեր հայկական ստարտափները, որոնք գլոբալ ընկերություններ են, միջազգային մակարդակի ծառայություններ են մատուցում, եւ այդ ընկերություններին բերում ենք Հայաստան, որ իրենք ներդնեն իրենց լուծումը, որպեսզի Հայաստանն օգտվի այդ միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններից: Եվ ոչ թե մենք վերցնենք մեր կարիքները եւ այդ կարիքներին համապատասխան լուծում տանք, որովհետեւ դա կլինի շատ լոկալ, միայն Հայաստանի համար»,-ընդգծեց նա: