Վերջին երկու-երեք տարիներին մեր հասարակության կյանքը խիստ բեւեռացվել էր: Մինչեւ թավշյան այդ բեւեռացումը հասկանալի էր, բեւեռներն էլ` հստակ: Իշխանություն-ընդդիմություն դաշտում էին առաջ քաշվում պահանջները, դժգոհությունները, իսկ դժգոհողներն էլ պարզ էին ու ճանաչելի: Նրանց միջեւ երբեմն-երբեմն տեղի ունեցող բախումներն էլ հասարակության կողմից ըմբռնելի էին, ճանաչելի:
Թավշյայինից հետո կրքերից շիկացած հանրությանը հանդարտեցնելու նպատակով մի անտեսանելի ձեռք հասարակությանը խցկեց վիրտուալ դաշտ եւ «հնարավորություն ապահովեց» անկաշկանդ արտահայտվելու, սրտի չափ գովաբանելու կամ հայհոյելու ում եւ ինչքան կուզենա եւ դրանով հագուրդ կտա իր զգացմունքներին եւ… կհանգստանա, կխաղաղվի: Իշխանութանն ամբողջովին ձեռնտու այդ վիճակը բնականաբար երկար ձգվել չէր կարող. «հեղափոխության» թմբիրից հասարակությունն սկսել էր աստիճանաբար ուշքի գալ, իշխանատերերին հիշեցնել տրված խոստումները եւ բողոքել օր-օրի իջնող կենսամակարդակի մասին:
Գնալով ուրվագծվում էր իշխանափոխության նոր ուրվականը, սակայն հենց այդ պահին տարածվեց գահավարակը, որը մի տեսակ փրկօղակի դեր կատարեց իշխանությունների համար եւ երկարացրեց նրանց կառավարման ժամկետները: Բոլոր օղակներում եւ բոլոր մակարդակներում Էլ ավելի տարածում գտավ «լայվ»ային քաղաքականությունը, որի միջոցով ամենօրյա ռեժիմով նախ` սկսեցին մեղադրանքներ հնչեցնել հենց իր` հասարակության հասցեին անկարգապահ լինելու եւ վարակը տարածելու համար, հետո էլ սկսեցին նրան շռայլ խոստումներով կերակրել: Լավ, մինչեւ ո՞ւր, մինչեւ ե՞րբ:
Դա բավարար չէր: Բավարար չէր թավշյայի շրջանում գրեթե ամեն օր ու ամեն ժամ արտաքին պարտքը կրճատելու մասին եւ այլ նմանաբովանդակ հայտարարություններ թմբկահարելն ու հետո ինքնագոհ կեցվածքով հայտարարել, որ երկու տարում այն ոչ միայն չի կրճատվել, այլեւ ավելացել է մեկուկես միլիարդ դոլարով: Բավարար չի, որ տրված շռայլ խոստումներին հակառակ օր-օրի մարդկանց կենսամակարդակն իջնում է, երկիրն ` աղքատանում, դեռ կարողանում են ոչ միայն հոխորտալ, սպառնալիքներ տեղալ մարդկանց հասցեին, այլեւ տուգանելու պատրվակով բռնանալ ու ստորացնել մարդկանց:
Օրերս էլ սոցցանցերում տարածվեց մի հայտարարություն, որ առողջապահության նախարարի հրամանով այսուհետեւ 65-ից բարձր տարիք ունեցողներին կարգելվի լսարան մտնել ու դասավանդել: Որքան էլ փորձեցինք, մեզ չհաջողվեց պարզել այդ չարաբաստիկ հրամանի իրական աղբյուրն ու իսկությունը: Սակայն նկատի ունենալով վերջին շրջանում մեր իշխանությունների պահվածքն ու «օրինաստեղծ» գործունեությունը, այդպիսի հրամանի լինելիությունը չենք բացառում: Բայց ակամա հարց է առաջանում. ինչպես կարող է մի գերատեսչության ղեկավարը հրաման արձակել մեկ այլ ոլորտի համար: Հետո էլ այդ ո՛ր գործից անտեղյակ «խելոքն» է մտածում, որ 65-ը գիտությամբ զբաղվելու եւ իր գիտելիքներն ու կենսափորձը երիտասարդ սերնդին փոխանցելու վերջնասահմանն է: Անկեղծ ասած, որքան էլ արդեն գրեթե սովորել եմ անհեթեթ հրամաններ ու կարգադրություններ լսելու, սակայն այդ աստիճանի… կարծում եմ դա անհիմն է ամբողջովին եւ ավելի շուտ հնարովի ինչ որ մի բան:
Առիթը ներկայացել է ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել մեր իմաստուն ժողովրդին, որ մենք, որպես ազգ, մեր բոլոր հիմնական բնութագրերով աշխարհում առանձնակի ենք: Թերեւս ճիշտն այն է, որ մենք եզակի ենք, հետեւաբար արարքներ կան, որոնք մեզ թույլ տալ չենք կարող: Ակնհայտ է եւ վաղուց ապացուցված իրողություն, որ մենք չունենք արյունակից ազգություններ, ինչպես մյուսները (գերմանական ցեղեր, կովկասյան ցեղեր, սլավոններ, արաբներ եւ այլն), որ նույնիսկ մեր լեզուն, որ թեեւ հյուբշմանմարկվարտյան ուժերով տեղադրվեց Հնդեվրոպական էթնոլեզվաընտանիքում, սակայն չի մտնում ոչ մի լեզվախմբի մեջՙ առանձնակի է եւ միակը, որ ունի 36 հնչյուն (ըստ հներիՙ 36 թիվը Տիեզերքն է եւ գերագույն երդումը):
Ավելին, մենք ունենք մեր ուրույն գենոտիպն ու մեր ուրույն մարդաբանական տեսակը (արմենոիդ), որով տարբերվում ենք մնացած մարդկությունից: Իսկ մեր բնօրրանն ու կենսատարածքըՙ Հայկական լեռնաշխարհը, սկսած նախապատմական ժամանակներից, արժանացել է առասպելական բնութագրերի եւ հին աշխարհում ընկալվել որպես արարչության վայր, աստվածների բնակավայր, փրկության երկիր, քաղաքակրթության օջախ եւ այլն: Աշխարհի որեւէ այլ տարածք նման բնութագրերի չի արժանացել: Ուրեմն ինչո՞ւմն է բանը, ի՞նչ խորհուրդ կա այս ամենի մեջ, ո՞վ, ինչո՞ւ եւ ե՞րբ է մեզ զատել մյուսներից:
Սրանք հարցեր են, որոնց սպառիչ պատասխանները չունեմ: Բայց դրանցից ինձ թույլ եմ տալիս եզրակացնելու, որ բարձրյաընտրյալ ժողովրդի ներկա վիճակն իր այդ կոչումից շատ է հեռու եւ ավելի շուտ ցածրաընտրյալի կարգավիճակում է հայտնվել: Այլ կերպ չեմ կարող մտածել, քանի որ մի ժողովրդի ազգընտրյալ իշխանություն եթե իր վերաբերմունքով, չնչին աշխատավարձեր վճարելով (օրինակ` ԳԱԱ առաջատար գիտաշխատող պրոֆեսորին` 121 հազար դրամ) արդեն նաեւ մերժում է 65-ամյա մտավորականին եւ նրան իր կյանքից դուրս է հրավիրում, ապա ընդամենը մտորելու առիթ է տալիս, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ խելացի եւ կենսափորձ ունեցող մարդկանցից վախի ու զգուշանալու անթաքույց զգացողության դրսեւորում:
Բավական է, սթափվե՛ք, այսպես հեռու գնալ հնարավոր չէ: Մի մոռացեք, որ մեր համազգային հպարտություն Հայոց բանակում ծառայում են ու ծառայելու են նաեւ այդ մտավորականության որդիներն ու թոռները, որոնց հայրերն ու պապերը որքան էլ կարողանան «վասն հայրենեաց» ծառայել, այնումենայնիվ նաեւ կենդանի մարդիկ են, կենսաբանական էակներ, որոնք սնվելու, հագուստ կրելու եւ արժանապատիվ կյանքով ապրելու իրավունք էլ ունեն…։
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր