Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ընդհատելով ախատանքային այցը, Հայաստան է վերադառնում. նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն է հայտնել։
Պապիկյանը, հիշեցնենք, դեռ երկու օր առաջ՝ ապրիլի 10-ին էր Բրյուսել մեկնել։ Աշխատանքյաին այցի շրջանակում երեկ նա այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբ:
Թե պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ ՆԱՏՕ-ի շտաբ այցելելը որքանով է խելամիտ քայլ, դրան «Ազգ»-ի առաջիկա համարում կանդրադառնանք։
Այժմ նկատենք, որ Տեղ գյուղի դիրքերում գրանցված արյունոտ մարտի ամբողջ ընթացքում պաշտպանության նախարարը ոչ միայն դեպքի վայրում, այլև ընդհանրապես երկրում չի եղել։
Մենք, փաստացի, այնպիսի մի աբսուրդ իրավիճակում ենք ապրում, որտեղ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ըստ երևույթին, «ցավին անտարբեր, դավին անտեղյակ»՝ հանգիստ խղճով աշխատանքային այցի է մեկնում՝ առանց հաշվի առնելու, որ արդեն ուղիղ երկու շաբաթ առաջ Տեղ գյուղի դիրքերում տնավորված հակառակորդն ամեն պահի նոր սադրանքի կարող է դիմել։
Եթե իմանանք, որ Պապիկյանի՝ Բրյուսել մեկնելու այցն ադրբեջանական զորքերը մեր երկրից դուրս շպրտելու համար է կազմակերպվել, ապա այդ մասին էլ սիրով ու մե՜ծ հաճույքով կգրենք, կլուսաբանենք։
Բայց եթե հակառակորդը տանդ մեջ հանգի՜ստ վերուվար է անում, իսկ դու «աշխատանքային այցերի» ես մեկնում, հետո էլ հայտարարում, թե այցն ընդհատում ու հետ եմ գալիս, ապա բնավ էլ արհեստավարժի կամ պաշտպանական ոլորտը բարեփոխել ցանկացողի տպավորություն չես թողնում։
Սևակ Վարդումյան