Մի քանի օր առաջ Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը, դառնալով ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից 143-րդը: Հայաստանից առաջ ուրիշ շատ երկրների թվում այդ երկրի անկախությունը արդեն ճանաչել էին մեծ տերություններ, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, Իսպանիան, Նորվեգիան, Թուրքիան եւ Չինաստանը: Անկախ այն բանից, որ համաձա՞յն ենք ՀՀ-ի այս որոշման հետ, թե՞ ոչ, կատարվածը կարելի է որակել պատմական, եւ ինչպես հաճախ է պատահում ՀՀ կառավարության գործողությունների կամ որոշումների հետ, այս մեկն էլ բազմաթիվ ենթադրությունների եւ քննարկումների առիթ տվեց:
Լուրը հայտարարեց Հայաստանի արտգործնախարարությունը ուղիղ երկու օր անց Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից: Ժամանակի նման ընտրությունը տեղիք տվեց ենթադրությունների, որ միգուցե Էրդողանն էր ճնշում գործադրելով ՀՀ վարչապետի վրա, հորդորել նրան ճանաչել Պաղեստինի անկախությունը:
Արտգործնախարարության հայտարարությունից ժամեր անց, Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունեց Հայաստանի որոշումը: Սա է՛լ ավելի թեժացրեց հայկական հասարակության մեջ քննարկումներն այն մասին, որ «թուրքական սցենարն էր գործի դրվում ՀՀ կառավարության կողմից»: Իսրայելի արձագանքն, անշուշտ, չուշացավ: Այն շատ նման էր Հայաստանի դեմ բարձրաձայնված սպառնալիքի:
Այդուհադերձ, հայկական շրջանակներում կարծիքները տարաբնույթ էին: Որոշ փորձագետներ ողջունեցին որոշումը, ուրիշներ՝ քննադատաբար մոտեցան դրան: Քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանն, օրինակ, պնդում էր, որ «Հայաստանը ժամանակին չէր ճանաչել Արցախի հանրապետությունը, որը փաստացի գոյություն ուներ եւ առաջնահերթ կարեւորության քաղաքական միավոր էր, մինչդեռ հիմա ճանաչում է գոյություն չունեցող մի պետություն, որը բոլորովին էլ կարեւոր առաջնահերթություն չի հանդիսանում: Այստեղ քաղաքական բարոյականության խնդիր կա. ինչպիսի՞ չճանաչված երկիր է Պաղեստինը, որ ողջունեց եւ շնորհավորեց Ալիեւին Արցախ անունով մեկ այլ չճանաչված պետությունը քարուքանդ անելու համար»:
Ջոնի Մելիքյանի նման ուրիշ քաղաքագետներ էլ գտնում են, որ «Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը անտրամաբանագկան է»: Նրանք պնդում են, որ անկախ պաշտոնական պատճառներից, Հայաստանի որոշումը ենթադրաբար բխում է այն հանգամանքից, որ Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ռազմական օգնություն է ցուցաբերում Արդբեջանին: Սա լուրջ հարցեր է առաջացնում Հայաստանի դիվանագիտական ռազմավարության ոլորտում: Իսրայելի հետ հարաբերությունները սրելով, Հայաստանը սերտացնում է իր հարաբերությունները մի կողմից Թուրքիայի հետ, որ Հայոց ցեղասպանության իրական մտահղացողն ու իրականացնողն է, եւ մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ, որ իսրայելական (եւ ոչ միայն) զենքերով ագրեսիա է սանձազերծում արցախահայության դեմ՝ առանց պատասխանատվության ենթարկվելու:
Փորձագետների մի այլ խմբավորում, որոնց թվում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ողջունելի է համարում նման որոշումը, գտնելով, որ այն «կոռեկտ» եւ «արդարացված» է, նույնիսկ եթե այն կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի հետեւանքում: «Արժե մտածել, թե ինչ հետեւանքներ կունենար չճանաչումը: Հաշվի առնելով Իսրայելի թշնամական դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, ամոթալի կլիներ Իսրայելի ցեղասպանական քաղաքականության կողմնակիցների խմբում ընդգրկված լինել»:
Որոշ անհատ քաղաքացիներ էլ նման ճգնաժամային որոշման ժամանակի ընտրությունն են քննարկել եւ նշել, որ ավելի ճիշտ կլիներ ճանաչել Պաղեստինը, երբ 2020-ին Իսրայելը պաշտպանում էր Ադրբեջանին եւ զինամթերք մատակարարում նրան, նպաստելով նրա հաղթանակին, եւ կամ երբ աջակցում էր նրան 2023-ին Արցախի դեմ ծավալված ագրեսիային եւ երկար շրջափակման ժամանակ:
Պետք է արձանագրել, որ Հայաստանի անկախությունից ի վեր Պաղեստին պետության ճանաչումը շարունակական քննարկումների թեմա է եղել, բայց Հայաստանը ձեռնպահ է մնացել նման քայլ կատարելուց, փորձելով պահպանել իր հարաբերությունները Իսրայելի հետ: Եվ թեեւ դիվանագիտական կապեր հաստատվել են երկու երկրների միջեւ, Հայաստանն ու Իսրայելը նախընտրել են, մի շարք պատճառներով, դեսպաններ չնշանակել: Երեւանը զգուշավոր է եղել, որ հարաբերությունները ավելի չսրվեն: Ավելին, Երեւանը անտրամաբանական է համարել ճանաչել Պաղեստին պետությունը առանց նախ ճանաչելու Արցախի անկախությունը:
Այսօր, ճիշտ հասկանալու համար Հայաստանի ճանաչումը, մենք պետք է նախ պարզենք նման որոշման ետին թաքնված դրդապատճառները: Եթե Թուրքիան իրոք մղել է Հայաստանին կայացնելու նման որոշում, նշանակում է՝ Հայաստանը կորուստ է կրել, քանի որ փոխարենը ոչինչ չի ստանում Թուրքիայից: Վերջինս ոչ մի ձեւ չի արձագանքում Հայաստանի կողմից կատարված միակողմանի զիջումներին:
Ճանաչման ժամանակը շատ հարցեր է առաջացնում Էրդողանի կապակցվածության վերաբերյալ: Լինի այն ճիշտ թե սխալ, հիմնավորված, թե անհիմն, միեւնույն է, որոշման հորդորումը Էրդողանին վերագրելը նշանակում է փառաբանել Թուրքիայի նախագահին: Իսկ եթե որոշման պատճառը Իսրայելի օժանդակությունն ու պաշտպանությունն էր Ադրբեջանին, եւ Հայաստանը պարզապես մտադիր էր հայանպաստ քայլ կատարելով հակադրվել Իսրայելին եւ հաստատել իր դիրքորոշումը պաղեստինյան ճգնաժամի վերաբերյալ, ապա նշենք, որ հանրային կարծիքը չափազանց բեւեռացված է այս հարցում:
Ժամանակի ընտրության հետ կապված մյուս հարցն այն է, թե ինչու հիմա Հայաստանը որոշեց ճանաչել Պաղեստին պետությունը, երբ Գազայում դեռ թափով ընթանում է պատերազմը: Հայաստանն իր այս քայլով ոչ միայն հակադրվում է Իսրայելին, այլեւ նրա անմիջական դաշնակիցներին, որոնք իրականում ոչ միայն ժխտում են Պաղեստինի գոյությունը, այլեւ համագործակցում Իսրայելի հետ, ինչպիսին Մ. Նահանգներն է, որ ներկայիս շատ ակտիվ դերակատարություն է ծավալում Հարավային Կովկասում որպես միջնորդ հանդես գալով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական մերձեցման բանակցություններում: Այդ առումով պաշտոնական Հայաստանի այս որոշումը անկասկած բախվելու է ամերիկյան շահերի հետ:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)