Հայաստանյան մերօրյա գործընթացները միանշանակ կարելի է տարօրինակից մինչեւ արտառոց գնահատել: Թե ինչո՞ւ, փորձեմ հիմնավորել: Ասենք երեւանյան որոշ վայրերում տասնյակ հազարավոր քաղաքացիներ են հավաքվում եւ պահանջներ հնչեցնում, որը ներկայացվում է որպես ամբոխի ու խաժամուժի պահվածք, երբ սահմանամերձ գյուղի 7-8 բնակչի հետ զրույցը համարվում է ժողովրդի հետ հանդիպում: Համանման օրինակներ հանդիպում են յուրաքանչյուր պահի եւ ամենուր, սկսած համատիրություն թե բուժհաստատություն այցելությունից մինչեւ ՀՀ կառավարության նիստերի հեռարձակումների դիտումները:
Օրինակ, օրեր առաջ այս կառույցի մտահոգության խնդիր էր դարձել երկրում պահվող մանր եղջերավոր անասունների գլխաքանակի հարցը: Անշուշտ կգտնվեն մարդիկ, որոնք համամիտ կլինեն նման օրակարգի հետ, ինչ-որ ընդհանրական կարծիքներ կհայտնեն, դատողություններ կնշեն, ենթադրություններ կանեն… թերեւս մինչեւ այն պահը, երբ կտեղեկանան ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի աշխատանքային այն հաղորդմանը, ըստ որի 2024 թվականին ՀՀ-ում առկա է 710 հազար մանր եղջերավոր կենդանի, այծ ու ոչխար: Ի դեպ, նիստի պարտադիր մասնակիցներից է ՀՀ ԱՎԿ-ի պետը, որը քննարկմանը որեւէ ձեւով չի մասնակցում: Եվ … նիստի ունկնդիր ՀՀ ակտիվ քաղաքացու մոտ ինքնաբերաբար հարց է առաջանում, ինչո՞ւ է երկրի ոչ հարուստ բյուջեից 700 մլն դրամ հատկացվում մի գործընթացի իրականացման համար, որն արդեն արվել է, թիվն առկա է, այն հրապարակվել է ըստ պատկանելույն: Նկատենք, որ մեր կողմից անգամ աղքատիկ համարվող բյուջեում տվյալ 700 մլն դրամ հատկացումը մեծ թիվ չէ, սակայն այդ գումարով կարելի է 2-3 մանկապարտեզ կառուցել, որը չի իրականացվում տվյալ բյուջետային տարում ֆինանսական միջոցներ չունենալու պատճառաբանությամբ:
Ոչ փոքր շրջապատս հուշում է, ասենք, առնվազն 1.000 ուսանողի ուսման տարեկան վարձի օժանդակումը, գուցե թե` բազմազավակ ընտանիքների խրախուսումը, անկողնային կենսաթոշակառուներին հավելյալ միջոցների հատկացումը… Չափից շատ են մեր հանրության ակնկալիքները, որոնք չեն իրականացվում ՀՀ բյուջեում ֆինանսական միջոցներ չունենալու անհիմն պատճառաբանություններով:
ՀՀ վարչապետի բազմաթիվ կոչերին հետեւող մեր մարդկանցից շատերն են գայթակղվում ու հայտնվում մտահոգ ու ակտիվ քաղաքացիների շարքերում, որոնցից մեկին տրված պատասխանը ներկայացնում են ստորեւ, առանց որեւէ ուղղումի:
«Հարգելի քաղաքացի,
Ի պատասխան Ձեր 2024 թվականի մայիսի 30-ի դիմումի` տեղեկացնում եմ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից ուսումնասիրվել է դիմումով բարձրացված հարցերը, որի կապակցությամբ հայտնում եմ.
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման եւ հաշվառման ծրագրի նպատակն է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ` ԽԵԿ) եւ մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ` ՄԵԿ) տեղաշարժի վերահսկումը եւ հետագծելիության բարելավումը, նախրի կառավարումը եւ տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը, կայուն անասնահամաճարակային իրավիճակը` կենդանիների, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի եւ հետագծելիության ապահովման նոր մեխանիզմի ներդրմամբ, ինչպես նաեւ հանրապետությունում զարգացնել ԽԵԿ-ի եւ ՄԵԿ-ի մսատու եւ կաթնատու ուղղությունները` մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում, գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծման գործընթացը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետ Մելանյա Կարապետյան»
Ուշադրություն դարձրեք. ոչ մի ակնարկ արդեն հրապարակված ՀՀ ԱՎԿ-ի 710 հազար թվի վերաբերյալ, դրա արժանահավատության շուրջ, որն ի դեպ հանրային առումով որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում: Հայերիս խոհանոցում ոչխարի միս հազվադեպ է օգտագործվում, այն բացակայում է մսի վաճառքի կետերում թե՛ համեմատաբար բարձր գնի, թե՛ միս-ոսկոր 40-60 տոկոս հարաբերության առումներով, երբ խոզը 60-40 տոկոս է, թռչնամիսը` շատ ավելին: Իրոք դժվար է պարզել, թե ի՞նչ նպատակ են հետապնդում ՀՀ բյուջեից 700 մլն ծախսել պատրաստվող պաշտոնյաները պարզելու համար 710 հազար մանր եղջերավոր կենդանիների առկայությունը ՀՀ տարածքում: Անհասկանալի է, թե ի՞նչ գնահատական է հնչելու, եթե բացահայտվող թիվը մի քանի տասնյակ հազարով ավելի կամ պակաս ստացվի արդեն հրապարակվածից: Ի՞նչ պատասխան է պահանջվելու գյուղական համայքների ղեկավարներից, մարզպետարանների ճյուղային ոլորտի մասնագետներից, գյուղվարչությունների պետերից, կոմիտեի ու նախարարության պաշտոնյաներից, ընդհուպ` նախկինները. պետական ո՞ր կառույցի ո՞ր պաշտոնյան է մտահոգ, թե երբ կունենանք տարիներ առաջվա 2.500.000 մանր եղջերավորի գլխաքանակը, երբ հայտնի է, որ 340 մլն բնակչությամբ ԱՄՆ-ում ընդամենը 5 մլն ոչխար է պահվում: Թուրքիայում դրանց թիվը նախորդ դարի 80-ականներին 70 մլն էր, 2000-ականնների սկզբին 35 մլն, հիմա էապես է կրճատվել, տեղը զիջելով հավի մսի արտադրությանը, որը մեկ բնակչի հաշվով հասնում է տարեկան 30 կգ-ի, երբ ՀՀ ցուցանիշը չի մոտենում 5 կգ-ի, ներմուծումը` 10-15 կգ է:
Ուր է թե ներմուծումը միայն այս առումով լիներ: Ներմուծվում է շինարարությանն անհարժեշտ այն ամենը, ինչ օգտագործվում է, առեւտրին անհրաժեշտ ցանկացած սարքավորում, վերաարտահանվում են ավտոմեքենաներ ու հեռախոսներ, սուրճի զգալի ծավալներ: Այս ամենը ներկայացվում է որպես տնտեսական հաջողություն, երբ մեր մարդիկ ընդամենը դրանց դիտորդն են:
Այսօրինակ հանրային մտահոգությունները, որոնք նաեւ յուրօրինակ ահազանգումներ են, հարկ է որ արժանանան հանրության կողմից վարձված պետական պաշտոնյաների ուշադրությանը, բարեփոխեն ՀՀ քաղաքացու առօրյան: Ավա՜ղ, պատկեր է ուրվագծվում, որ դրա փոխարեն շարունակվում է մերն ուրիշ է գործընթացների արմատավորումը:
Տեսնենք ի՞նչ կստացվի:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
25.06.2024թ.