Մասնակիցները քննարկել են Սիրիայի “տարածքային ա,բողջականության պահպանման” հարցը
Մարտի 11-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում հրավիրվել է եռակողմ հանդիպում, որին մասնակցել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ինչպես նաև Կատարի փոխվարչապետ և արտգործնախարար Շեյխ Մոհամմադ բին Աբդուրահման Ալ Սանին: Հանդիպման օրակաւգի առաջնահերթ խնդիրը, ըստ թուրքական էլեկտրոնային մամուլի, եղել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Հանդիպման ավարտին մասնակից 3 երկրների արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հաղորդագրությամբ, ընդգծելով Սիրիայում անջատողական դրսևորումների դեմ պայքարելու իրենց վճռականությունը:
Հանդիպմանը, ինչ խոսք, ելույթ է ունեցել Չավուշօլուն: Ի՞նչ է ասել նա Սիրիայի ամբողջականության մասին: Նախքան դրա անդրադառնալը, նշենք, որ նա Լավրովի ներկայությամբ կրկին արծարծել է ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգերի հարցը, հավանաբար, որպես ազդանշան, ուղղված ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի գծով մյուս դաշնակիցներին:
Չավուշօղլուն մասնավորապես ասել է. “Երբ Թուրքիան հակաօդային պաշտպանության համակարգերի կարիքն էր զգում, դիմեց ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որ նրանցից գնի: Ցավոք, մեր դաշնակիցները տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին դրանք տրամադրել Թուրքիային: Բացի այդ, ՆԱՏՕ-ի որոշ երկրներ, որոնք “Patriot” համակարգեր էին տեղակայել Թուրքիայի սիրիական սահմանին, հետ տարան դրանք: Ստեղծված իրավիճակում մենք դիմեցինք Ռուսաստանին և գնեցինք S-400 համակարգերը: Նորերն ենք գնելու, դրա կարիքն ունենք և այդ մասին իրազեկել ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցներին”:
Գալով Սիրիային, Չավուշօղլուն մատնանշել է. “Թուրքիան շարունակելու է վճռականորեն պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, պաշտպանելով խաղաղ բնակչությանն ու պայքարել ահանեկչական կազմամակերպությունների դեմ: Սակայն այս առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ է, որ սիրիական իշխանությունները որդեգրեն կառուցողական դիրքորոշում: Եթե մենք կենտրոնանանք Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման վրա, երկիրը կկայունանա և կխաղաղվի: Սակայն իշխող վարչակարգը չի համակերպվում այդ մտքի հետ և շարունակում ռազմական լուծում առաջադրել: Դա երկրին խաղաղությու և կայունություն չի բերի”:
Ի դեպ՝ Կատարն արաբական թերևս միակ երկիրն է, որ համագործակցում է Թուրքիայի հետ: Ինչ վերաբերում է Ռուսաստան- Թուրքիա-Կատար եռակողմ հանդիպմանը, ապա դա կազմակերված պետք է լինի ոչ այնքան Սիրիայում անջատողական դրսևորումների դեմ պայքարելու, որքան տարածաշրջան վերադարձող ԱՄՆ-ի ազդեցության ենթադրվող աճը հակաշռելու նկատառումով, ինչը, հավանաբար, որպես սպառնալիք է դիտարկվում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայությանը այդ երկրում:
Ռուսաստանը Սիրիայում ունի երկու ռազմաբազա, մեկը Թարթուսի ռազմածովային ռազմաբազան է, մյուսը՝ Խմեյմիմի ռազմատիեզերական բազան, իսկ Թուրքիան զորքեր շուրջ 20 հազար, տեղակայված Իդլիբում և 2019-ին Սիրիայի հյուսիս-արևելքում, Թել Աբիադ-Ռաս ուլ Այն հատվածում ձևավորված “անվտանգ գոտում”: Այս վայրերում թուրքական և ռուսական զորքերը, “Սիրիայի ազգային բանակի” աջակցությամբ, որը թուրքերն են կազմավորել ահաբեկիչներից, համատեղ պարեկություն են անցկացնում: Մինչ այդ, 2017-ին Թուրքիան գրավել էր սիրիական սահմանամերձ Ջարաբլուս, Ազազ և Ալ Բաբ քաղաքները, 2018-ին՝ նաև Աֆրինը, ապա մտել Իդլիբ: Գրավելը դեռ մի կողմ, նա սկսել է յուրացնել գրավյալ այս քաղաքները, այն առումով, որ դրանցում բացել է թուրքական համալսանների մասնաճյուղեր, շրջանառության մեջ է դրել թուրքական լիրան, ավելին դատարաններն ու դատախազություններն անգամ արդեն թուրքական են, իսկ Չավուշօղլուն Սիրայի տարածքային ամբողջականությունից է խոսում, նաև ահաբեկչության դեմ պայքարից, նկատի ունենալով քրդական ուժերին, որոնց ամերիկացիները, ի հեճուկս թուրքերի, անվանում են “Սիրիայի դեմոկրատական ուժեր”: