Հարցազրույց սոցիոլոգ, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի հետ:
-Տիկին Հարությունյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ ձախողվեցին Արցախի հարցով բանակցությունները, ինչն էլ հանգեցրեց Հայաստանի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմին:
-Ես կարծում եմ, որ բոլոր խնդիրները քննարկելուց առաջ պետք է հասկանանք, թե ուր ենք հասել: Այսինքն՝ պետք է նկարագրել եղած իրավիճակը, որպեսզի հետո ինչ-ինչ հետեւություններ անենք: Ըստ իս՝ տեղի ունեցավ աշխարհաքաղաքական հզոր պատերազմ, որից հաղթած դուրս եկավ Ռուսաստանը: Թուրքիան պարտվեց: Հիմա Թուրքիայում ընթանում են շատ լուրջ խոսակցություններ այն մասին, որ իրենք շատ մեծ գումարներ են ծախսել, սակայն ոչինչ չեն ստացել: Նրանք միայն կարող են ռուսների ենթակայության ներքո նստել Բաքվում, մոնիտորինգի խմբում եւ դիտարկել, թե ինչ է տեղի ունենում: Ադրբեջանը մեզնից ավելի ուժեղ է պարտվել: Բացի նրանից, որ նա մեծաթիվ զոհեր է տվել, կորցրել է նաեւ Արցախի մի մասն ամբողջությամբ: Ավելին՝ նա թույլ տվեց, որ իր հողում ՌԴ-ն կառուցի նաեւ ռազմական բազա, որը չի ենթարկվելու Ադրբեջանին: Նա թույլ տվեց, որ Թուրքիայի եւ ՌԴ-ի սահմանն անցնի Արցախով: Ռուսները հստակ հայտարարեցին, որ իրենց սահմանն այնտեղ է, եւ այն ոչ թե Ադրբեջանի հետ է, այլ՝ Թուրքիայի: Արցախը խուսափեց եղեռնից, թեեւ շատ զոհեր տվեց, բայց պահպանեց պետականությունը: Նաեւ՝ ստացավ շանս՝ ճանաչվելու որպես հանրապետություն: Եվ այդ պրոցեսն արդեն սկսված է: Ադրբեջանը խարխլել է իր երկրի կայունությունը եւ կանգնած է ֆեդերատիվ երկիր դառնալու վտանգի առջեւ: Նա ընդամենը ձեւացնում է, թե ինքը հաղթել է: Հայաստանը բախվել է թուրքական ուժին, մեծաթիվ զոհեր է տվել, քանի որ ուժերն անհավասար էին, բայց փրկվել է եղեռնից: Հայաստանը հզորագույն ակնկալիքից՝ <Հաղթելու ենք> ակնկալիքից, ընկել է ծանր ու կոշտ իրականություն: Մենք զոհեր ենք տվել եւ կորցրել Արցախի մի մասը:
-Նաեւ Մեղրիով Ադրբեջանին տրվող միջանցքի հետ կապված կան մտահոգություններ:
-Ես կարծում եմ, որ Մեղրիի միջանցքը մեզ բոլորովին չի խանգարում: Մեղրիի միջանցքը խանգարում է Իրանին: Ես ուրախ եմ Լաչինի միջանցքի համար, քանի որ այն կյանքի ճանապարհ է Արցախի համար:
-90-ականներից սկսած՝ Արցախի հարցի լուծման բազմաթիվ տարբերակներ են եղել բանակցությունների սեղանին: Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը մերժվեց, կար Լավրովի պլանը, կային նաեւ Կազանի փաստաթուղթը, <Մադրիդյան սկզբունքները>: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի համաձայնությունն առաջարկված ո?ր փաստաթղթի շրջանակներում է:
-Մենք այսօր ապրում ենք առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքները: Աշխարհաքաղաքական պայքարը մեզ հասցրել է այս հանգրվանին: Հիմա խնդիրն այն է, թե Հայաստանը կդիմանա?, արդյոք, այս պարտությանը:
-Անխուսափելի? է իշխանափոխությունը:
-Հարցն այն է, թե ինչ է տեղի ունենում հասարակությունում: Հայ հասարակությունը բաժանվել է մասերի. ընտանիքներ, որոնք ողբում են իրենց կորուստները, ամբոխ, որը հիստերիկայի մեջ է եւ օգտագործում է այդ սուգը եւ մի զանգված, որն իրեն էլիտա եւ իշխանություն է համարում եւ չի կատարում իր պարտքը: Գործադիր եւ օրենսդիր իշխանությունները չեն կատարում իրենց ֆունկցիաները, ինչը նշանակում է, որ երկրում չկա իշխանություն: Իսկ դրա հետեւանքով փլուզվում են ինստիտուտները:
-Ինչպե?ս եք վերաբերում այն փաստին, որ ՀՀ նախագահը, ԱԺ իշխանական մեծամասնության պատգամավորները հայտարարում են, թե մամուլից են տեղեկացել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հրադադարի համաձայնագրի մասին:
-Դա մեր իշխանության որակի մասին է վկայում եւ ցույց է տալիս, որ պետական համակարգը չի աշխատում: Գործող ինստիտուտներից պահպանվել է միայն ՀՀ նախագահի ինստիտուտը: ՀՀ նախագահն էլ զբաղված է իմիտացիայով: Այս պահին պետք է մտածել պետական ինստիտուտները վերականգնելու եւ հասարակությանը համախմբելու մասին: Հասարակությունը հայտնվել է սոցիալական պսիխոզի եւ ֆրուստրացիայի մեջ: Իսկ ֆրուստրացիայից հասարակությունը դուրս է գալիս ագրեսիայով: Ի?նչ պետք է անել: Ըստ իս՝ պետք է դադարեցնել այդ հիստերիկան: Մենք պետք է հողին հանձնենք մեր զոհերին: Այսօր աղաղակելու եւ բարձրաձայն լաց լինելու իրավունք ունեն միայն այն ընտանիքները, որոնք հարազատ են կորցրել: 17 կուսակցություններից բաղկացած ամբոխը պետք է դադարեցնի շահարկել սուգը, որովհետեւ ազգի ոգին է կոտրում եւ չի թողնում լուծել խնդիրները: ԱԺ ընդդիմությունը պետք է իր դերը կատարի, պետք է վայր դնեն մանդատները, նախաձեռնեն խորհրդարանի լուծարումը: Իսկ արտախորհրդարանական ուժերը ոչ թե նամակներ պետք է գրեն գոյություն չունեցող վարչապետին եւ չաշխատող ԱԺ-ին, այլ հասարակությանը մոբիլիզացնեն եւ ստեղծեն ճգնաժամային կառավարման ինստիտուտների համակարգ: Պետք է գործեն հետեւյալ շատբները՝ բոլոր շտաբների աշխատանքը կոորդինացնող շտաբ, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության շտաբ, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շտաբ, գյուղատնտեսության զարգացման շտաբ, տրանսպորտի եւ կապի զարգացման շտաբ, սպառման առարկաների եւ ծառայությունների ոլորտի շտաբ, քաղաքների եւ տերիտորիալ զարգացման շտաբ: Պետք է լինի նաեւ ուժային կառույցների շտաբ, քանի որ ուժային կառույցներն այսօր օգտագործվում են, եւ կա վտանգ, որ ՀՀ-ն կդառնա ոստիկանական պետություն: Պետք է լինեն նաեւ գիտության զարգացման, առողջապահության, COVID-ի դեմ պայքարի, բնակչության սոցիալական պաշտպանության, պատերազմի հաշմանդամների խնդիրները լուծող, փախստականների եւ տեղահանված անձանց, բնակչության վերարտադրության, մայրության եւ մանկության պաշտպանության, լեզվի եւ մշակույթի, սփյուռքի, արտաքին հարաբերությունների շտաբներ: Պետք է լինի նաեւ Արցախի ճանաչման շտաբ, Մոսկվայի հետ բանակցությունների շտաբ, նոր գաղափարների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների շտաբ: Այդ շտաբների միջոցով էլ հնարավոր կլինի կառավարել երկիրը: Ուժային մեթոդները ոչ մի հարց չեն լուծում: Իսկ այսօրվա խնդիրները լուծելու համար աշխատող մեխանիզմներ պետք է ստեղծել:
-Ընդդիմադիր ուժերը պահանջում են չեղարկել նոյեմբերի 9-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի միջեւ ստորագրված հրադադարի համաձայնությունը:
-Չեղարկման պահանջն աշխարհաքաղաքական է, որովհետեւ ՌԴ-ն հաղթեց: Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Թուրքիան ուզում են չեղարկել այդ համաձայնությունը: Չեմ կարծում, թե Հայաստանը պետք է նորից մտնի աշխարհաքաղաքական պատերազմի մեջ: Եթե նման պահանջ ներկայացվի Հայաստանի կողմից, ապա մենք կոչնչանանք: Մեր դեմ աշխատող ուժերը շահարկում են մեր զգացմունքներն այնպես, ինչպես նախկինում աշխատում էին <հինգերորդ շարասյան> միջոցով: Պատասխանատու մարդիկ պետք է կանգնեն եւ ասեն՝ մենք չենք կորցրել պետականության բնազդը: Պատերազմներն ավարտվում են, մնում է անարդարությունը, հետպատերազմական պրոցեսները պետք է այսօր հաղթահարել: Կարեւոր է հասարակության փլուզումը թույլ չտալը: ՀՀ նախագահի ինստիտուտն այսօր շանս է ստացել անելու որոշիչ քայլեր: Մենք պարտություն չենք կրել, բայց պարտության եզրին ենք: Մենք տանուլ ենք տվել մարտը, բայց պատերազմում էլ տանուլ կտանք, եթե թույլ տանք, որ հայ հասարակությունը փլուզվի: Այս պատերազմի նպատակը Հայաստանի վերացումն էր: Եվ որպեսզի չպարտվենք, պետք է Հայաստանում ձեւավորել ճգնաժամային կառավարման համակարգ:
Թագուհի Հակոբյան