Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չեխուհի Դանան, որ եկել էր օգնելու հայերին…

11/09/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կյանքից հեռացավ հայ ժողովրդի նվիրյալըՙ չեխ լրագրող Դանա Մազալովան

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Հայ ժողովրդի բարեկամների բանակը կամաց նոսրանում է: Վացլավ Չեռնիից, Էվժեն Կինդլերից հետո, չեխահայության համար վերջին տարիների ամենամեծ կորուստը Դանա Մազալովայի անժամանակ մահն էր: 2020թ սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ ժողովրդի նվիրյալ բարեկամը:

Հեռուստալրագրող, հրապարակախոս, իրավաբան, հայտնի մտավորական Դանա Մազալովան ծնվել էր 1954 թվականի նոյեմբերի 18-ին չեխական Օպատով քաղաքում, ուր սովորել եւ ավարտել էր միջնակարգ դպրոցն ու գիմնազիան: Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել էր Պրահայի Կարոլինյան համալսարանում:

Դանա Մազալովային թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում շատերն էին ճանաչում, թե՛ ղեկավարները եւ թե՛ քաղաքագետներն ու լրագրողները, հատկապես նրանք, ովքեր երկար տարիներ զբաղվում են Ղարաբաղի հիմնախնդրով: Ուստի պատահական չէ, որ Դանայի մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Դանա Մազալովան միշտ աչքի է ընկել պրոֆեսիոնալ լրագրողին բնորոշող հատկանիշներով ՙ սկզբունքային դիրքորոշմամբ եւ անկողմնակալությամբ»,- գրել է «Թվիթերի» իր էջում Արցախի նախագահը: «Նրա հարուստ փաստագրական ժառանգությունը մեծ հետք է թողել Արցախի խնդրի անաչառ լուսաբանման հարցում»,- գրել է «Թվիթերի» իր էջում վարչապետ Փաշինյանը: Իսկ արտգործնախարար Մնացականյանը ընդգծել է. «Նա թողեց ճշմարտության եւ արդարության քարոզչի մեծ ժառանգություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկողմնակալ եւ պրոֆեսիոնալ լուսաբանման հարցում»:

Դանան բազմաթիվ անգամներ այցելել էր Հայաստան, բայց ինչպես դեռեւս 1998թ. «ԱԶԳ»ին տված հարցազրույցում էր ասել, առաջին անգամ Հայաստան գնացել է պատահաբար, երբ կոմունիստական իշխանության օրոք Իսպանիայի մուտքի արտոնագիր չի ստացել, եւ որոշել է ճամփորդել Հայաստանում, քանի որ գրքերից արդեն տեղեկացել էր հայկական հուշարձանների մասին: Այդ ճամփորդության ընթացքում արդեն զգացել է, որ Խորհրդային Միությունում եւ հատկապես Հայաստանում ավելի շատ ազատություն կա, քան այն ժամանակվա Չեխոսլովակիայում: Հետագայում նրա այցերն ստացան մասնագիտական ուղղվածություն, երբ նա սկսեց աշխատել նախ երիտասարդական «Մլադա ֆրոնտա», ապա անկախությունից հետոՙ «Ազատ խոսք» թերթերում, թղթակցել «Ռեֆլեքս» ամսագրին: Այնուհետեւ եղավ Սպիտակի երկրաշարժը, որից հետո անցավ հայ ժողովրդին օգնելու ծրագրին:

Դեռեւս 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի օրերին նա ոչ միայն մի խումբ համախոհների հետ կազմակերպեց Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը, գրեց «Երկիր Արարատի ներքո» վավերագրական ֆիլմի սցենարը, որը մեծ հաջողություն ունեցավ չեխական հեռուստաեթերում, այլեւ «Արմենիա» ակումբի հետ համատեղ կազմակերպեց երկրաշարժից հետո որբ մնացած 80 հայ երեխաների հանգիստը Չեխիայում: Ինչպես ինքն է հիշում, 15 միլիոն կրոն էին հավաքել, ինչն այն ժամանակ շատ մեծ գումար էր: Փաստորեն Չեխոսլովակիայի 15 միլիոն բնակիչ մեկական կրոն էր փոխանցել Հայաստանի օգնության հաշվեհամարին: «Համենայնդեպս, մինչեւ օրս չեխերի կողմից նման համերաշխության դրսեւորում չեմ հիշում»,- ասում էր նա: Հայաստանում օգնությունը բաժանելիս հանդիպել է հրաշալի մարդկանց, որոնց հետ տարիներ շարունակ ընկերություն է արել, իսկ բժիշկ Արայիկ Գեւորգյանը դարձել էր նրա «Մերկ Հայաստան» ֆիլմի գլխավոր հերոսը:

Դանայի ակտիվ լրագրողական գործունեությունը սկսվեց 1990-ականների սկզբին, երբ նա նշանակվեց Չեխական հեռուստատեսության սեփական թղթակից Մոսկվայում: Այդ 1-2 տարիների ընթացքում նա մեկնել էր Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղՙ լուսաբանել նորանկախ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները , մեկնել Արցախ եւ տեղում ծանոթացել իրավիճակին: Նա մեզ հետ զրույցում ասում էր, որ Հայաստանը ճանաչելու համար պետք է պատմությունը լավ իմանաս, իսկ պատմությունն ուսումնասիրելուց հետո եկել էր այն եզրակցության, որ եթե հայերի եղեռնից հետո Նյուրենբերգ լիներ, ապա հրեաների հոլոքոսթ չէր լինի:

Ղարաբաղյան խնդրի լուծումը նա տեսնում էր Կովկասի երկրների կոնֆեդերացիա կամ տնտեսական միություն ստեղծելու ճանապարհով, ինչպես Եվրոպական Միությունն է:

«Բայց այսօր դժվար թե այդ հարցը լուծվի, որովհետեւ երկուստեք հասցրած հարվածների սպիները դեռ թարմ են»,- ասում էր Դանան դեռեւս 1998 թվականին:

Նա շատ էր սիրում Հայաստանի բնությունը, հայկական խոհանոցն ու կոնյակը, իր հայ ընկերներին ու բարեկամներին, հատկապես ջերմ կապեր ուներ Երեւանում Չեխ Հովիկի հետ (վաղամեռիկ Հովհաննես Հարությունյանի), իսկ Պրահայումՙ նկարիչ Տիգրան Աբրահամյանի հետ:

Դանան լինելով իրավաբան, չէր հանդուրժում նաեւ որեւէ անարդարություն, հատկապես իր մասնագիտական գործունեության հարցերում. երկար տարիներ դատարաններում պաշտպանում էր իր իրավունքները:

Անցած տարիների ընթացքում թե՛ չեխական մամուլում, եւ թե՛ հեռուստատեսությամբ նա շարունակեց արծածել Արցախի խնդիրը: Նրա հայտնի հարցազրույցը Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հետ, որը տպագրվեց ռուսական «Նիզավիսիմայա գազետա» թերթում, մինչ օրս մնում է Ադրբեջանի կողմից արված հիմնական փաստացի հաստատումն այն իրողության, որ Խոջալուի ողբերգությունը կազմակերպել էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատը:

Ինչպես հետագայում, արդեն «ՕՐԵՐ» ամսագրին տված հարցազրույցում նա վկայեց, որ 1992-1995 թվականներին հրապարկել է ոչ միայն Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հետ իր հարցազրույցը, այլեւ ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաեւի Խոջալուի իրական նկարահանումների մասին տեղեկություններ: Նրա ասելով, այն, ինչ այսօր ցուցադրում են ադրբեջանցիները Խոջալուի մասին, իրականությանը չի համապատասխանում, քանի որ Մուստաֆաեւի նկարած ֆիլմում մերկ աղջիկներ չկային: Ինձ մի բան է հայտնի, որ Խոջալուի թուրք մսխեթցիներին նկարել է միայն Չինգիզը, հետեւաբար այն ինչ որ այստեղ ցուցադրում են, դա լրիվ կեղծված է եւ չի համապատասխանում իրականությանը: (Նկատի ունի Լիդիցեում բացված ցուցահանդեսը-հեղ.): Այնտեղ ցուցադրեցին տեսահոլովակ, որտեղ սեւամորթները երգում էին Խոջալուի լույսի համար, բայց բացառությամբ առաջին կադրի, մնացածները կեղծված էին: Միայն մեկ կադրն է Չինգիզնը: Ես տեսել եմ նրա նկարահանած ողջ նյութը»,- պատմում էր Դանան:

Այսպես, անցած տարիներին Դանան շարունակեց պաշտպանել հայ ժողովրդի արդար պայքարըՙ լինի դա Չեխիայի խորհրդարանում, թե Բրյուսելում ՙ Եվրոպական խորհրդարանում:

Մազալովան ակտիվորեն պաշտպանում էր նաեւ Հայ դատը, բազմիցս ելույթներ է ունեցել Չեխիայում կազմակերպված տարբեր ձեռնարկների ընթացքումՙ կոչ անելով Չեխիայի խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Դանան քաջատեղյակ էր նաեւ Հայաստանի ներքաղաքական անցուդարձին: Մեզ հետ զրույցում թե՛ Հայաստանի եւ թե՛ Չեխիայի իշխանավորներին խորհուրդ էր տալիս դասեր քաղել անձնական սխալներից, հետեւլ Չերչիլի օրինակին, որ կարողացավ վերականգնել իր վարկը: «Մենք պետք է մեր Չերչիլներին նախապատրաստենք»,- ասում էր նա:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույց էր վարել, որ այդ տարիներին մեծ աղմուկ հանեց: Ռոբերտ Քոչարյանի եւ Պարույր Հայրիկյանի հետ ծանոթացել էր դեռեւս 1990 թվականին, երբ նրանք եկել էին Պրահաՙ մասնակցելու Խարտիա-77 այլախոհական կազմակերպության համաժողովին: Իսկ Մազալովան 1989 թվականից օգնում էր այդ կազմակերպության նախագահ Դանա Նեմցովային:

Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականին Սպիտակի երկրաշարժի օրերին ցույց տված աջակցության համար Դանային պարգեւատրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոբելյանական մեդալով: Այդ օրը նա շատ ուրախ էր: Թեեւ դա նրա առաջին պարգեւը չէր: Տարիներ առաջ նա Չեխիայում արժանացել էր «Լավագույն լրագրող» մրցանակին:

Դանան բնավորությամբ ուղղամիտ էր, ամեն խնդրի մասին ուներ իր հստակ տեսակետը: Հետեւում էր համաշխարհային լրատվական անցուդարձին, ու թեեւ վերջին տարիներին առողջական խնդիրներ ուներ, սակայն շարունակում էր ակտիվորեն վերլուծել հատկապես նախկին Խորհրդային Միության տարածքումՙ Ռուսաստանում ու Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները: Սիրում էր աշխատել գիշերային ժամերին, երբ քաղաքը հանդարտվում էր:

Նա նաեւ շատ համարձակ էր: Քանիցս ադրբեջանցիներն ու թուրքերը նամակներով կամ զանգերով փորձել են ճնշել նրան, սակայն Դանան մնում էր անդրդվելի: Ինձ համար հիշարժան է հատկապես նրա փայլուն ելույթը Եվրոպական խորհրդարանում 2015-ի աշնանը, ուր նա խոսեց Հայ դատի կազմակերպած լսումներում, եւ արժանի պատասխան տվեց ադրբեջանցիների հարձակումներին: Դանայի մասին երկար կարելի է գրել, սակայն դժվար է պատկերացնել, որ նա այլեւս մեզ հետ չէ, քանի որ Հայաստանի ու Արցախի համար ամենաճակատագրական պահերին նա միշտ միացել է մեր պայքարին: Եվ դա արել է անշահախնդիր, առանց որեւէ ակնկալիքի: Դանայի նման անձնազոհ ու նվիրյալ, խիզախ ու ճշմարտախոս լրագրողներ այսօր գրեթե չկան: Նա բացառիկներից էր:

Նկար 1. Դանան Մազալովան Հայաստանի մեդալը ստանալուց հետո, 2019թ հունվար: Լուսանկարըՙ Հակոբ Ասատրյանի

Նկար 2. 22 տարի առաջ Մազալովայի հարցազրույցը «Ազգ»ին, 1998թ. դեկտեմբեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զեկույց․ Մինչև 2050թ․ երկրագնդի բնակչության թիվը կանցնի 10 միլիարդից

Հաջորդ գրառումը

Կարանտինի պայմաններն ու պահանջները. բնակության տարածքից դուրս գտնվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Հաջորդ գրառումը

Կարանտինի պայմաններն ու պահանջները. բնակության տարածքից դուրս գտնվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ այսօր բարբարջել է, թե առնվազն մեր տարածաշրջանի...

ԿարդալDetails

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025

Արցախում հուշարձանների ոչնչացումը պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն է. հայտարարություն

11/05/2025

Թրամփը ստորագրել է անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու հրամանագիրը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական