ՀՀ-ի տնտեսա-քաղաքական միջավայրում դժվար գտնվի մեկը, որ կկասկածի երկրում տնտեսության աճի մասին հաղորդագրություններին: Միաժամանակ դժվար գտնվի մեկը, այդ թվում հրապարակումների համար պատասխանատու պաշտոնյա, որը հիմնավոր ներկայացնի, թե ինչո՞ւ այդ հաճախ հիշատակվող աննախադեպ աճը չեն զգում ՀՀ հարյուր հազարավոր շարքային քաղաքացիները, նույնիսկ այն 170 հազար մարդիկ, որոնք աշխատանք են գտել վերջին հինգ տարիներին` ըստ վարչապետի հայտարարությունների: Ո՛չ տասնյակ հազարավոր ուսանողներն են իրենց նվազագույն անհրաժեշտությունները բավարարող կրթաթոշակ ստանում, ո՛չ էլ ավագ տարիքի կենսաթոշակառուներն են անգամ նվազագույն պարենային զամբյուղին մոտ գումար ստանում, ոլորտներ կան, ուր աշխատող մարդիկ իրենց ամսվա ստացածը աղքատավարձ են համարում, անգամ պետական հաշվարկներով աղքատության սահմանին հայտնված հարյուր հազարավոր ընտանիքներում չափավոր սննդակարգն է խնդիր համարվում, մի խոսքով` ոգեւորվելու տեղ չկա, իսկ 1.000.000- 1.500.000 դրամ ամսավճար ստացող պետական պաշտոնյաներին դա բոլորովին չի մտահոգում:
Մի հարցնող լինի. այդ 170 հազար նոր աշխատողները մեր խոշորացված համայնքներից որոնցո՞ւմ են աշխատում: Դրանցից յուրաքանչյուրում առնվազն մեկ տասնյակ մինչեւ հազար աշխատողով ձեռնարկություն պետք է որ բացված լիներ, դրանք արտադրանք տային, ՀՀ համախառն ներքին տարեկան արդյունքը ոչ թե ներկայիս գրեթե աննշան 25 միլիարդ դոլարը լիներ, այլ նվազագույնը 75 մլրդ դոլարը, ինչու ոչ` գուցե 100 մլրդ դոլարը, բյուջե հավաքագրումն էլ հասցվեր 30-40 տոկոսի, ասել է թե` 30-40 մլրդ դոլարի, ներկայիս հազիվ 5 մլրդ դոլարի փոխարեն… Ունենք չէ՞ մեր խորհրդային շրջանի բախտակից մերձբալթյան հանրապետությունների օրինակը, ասենք` Լիտվայի, ուր 2.6 մլն բնակչության հաշվով ՀՆԱ-ն 50 մլրդ դոլար է, բյուջեն` մոտ 20 մլրդ դոլար: Այսօրինակ ցուցանիշի անգամ 15 տոկոսը մեզ մտահոգող ռազմական նպատակով ծախսելու պարագայում հատկացնելու դեպքում կունենայինք 3 մլրդ դոլար, որքան թե ավելի մեր անբարյացակամ, հոխորտացող հակառակորդը. թե ի՞նչ կդառնար, դժվար չէ գուշակել:
Զգում եմ ոմանց վրդովմունքը, այլոց էլ` անգամ զայրույթը. թուղթ ու գրչով հեշտ է երեւակայությունների տիրությում հայտնվել, որը խնդրահարույց է իրական հարաբերություններում գազի ու նավթի բացակայության պարագայում, դեպի ծով սահման չունենալու պայմաններում, ֆինանսական միջոցների պակասի դեպքում… Անգործությունն անզորության վահան դարձնել փորձող պատասխանատուներին հարցնենք. արդյո՞ք վերոհիշյալ խնդիրներն են խոչընդոտը, որ ՀՀ տնտեսությունում չի արտադրվում բավարար քանակի ու որակի, ասենք, ամանորի ընթացքում ու հետագա շրջանում օգտագործվող հարյուր հազարավոր տուփեր խտացված կաթ կոչվող պահանջարկ վայելող նկարում պատկերված մթերքը: Այն ներմուծվում է պատերազմող երկրից, բաղադրությունում նշվում է ինչ-որ կաթնային յուղի փոխարինիչի մասին, վաճառքի գինն է կգ-ը մոտ 2000 դրամ: Մեր 3 մլն-ի պարագայում, թող որ սիրողական մակարդակով արված հաշվարկի արդյունքում, տարեկան թերեւս 8-10 մլրդ դրամի վաճառք կարելի է ակնկալել, մինչեւ 2 մլրդ հարկային մուտքեր: Ինչ որ մեկը կարո՞ղ է պնդել, որ թիվը փոքր է, անգամ աննշան: Այդ պարագայում պարտավոր է բացատրել, թե ինչու է պատերազմող երկիրը շարունակում այն արտադրել: Եվ ի՞նչ տրամաբանված հիմնավորում ունի այսօրինակ այլ ապրանքների արտադրության անտեսումը, ասենք, Հայաստանը խաղողի երկիր հռչակելով հանդերձ հեռու հեռավոր Չիլի պետությունից «ջամբո» մակնշմամբ չամիչի ներկրումը, որի կգ-ը վաճառվում է 3500 դրամով: Մեր խաղողագործները հայտարարում են, որ իրենց մշակած այգիներում մոտ 200 տեսակի խաղող են աճեցնում, որոնցից որեւէ մեկի վերամշակված տարբերակը չիլիական առեւտրային ցանցում վաճառվելու մասին ակնարկ անգամ չկա: Ինչո՞ւ:
Ընդամենը տեսանելի ու մատչելի օրինակներով տնտեսվարման պարզ գործընթացների հանդեպ անզօրությունը չի՞ փաստում արդյոք մեր առավել կարեւոր հարցերում անկարողության մասին: ՀՀ լիարժեք կայացմամբ շահառու շարքային հարյուր հազարավոր քաղաքացիներն այս առումով երկընտրանքի մեջ են: Ասենք ինչպե՞ս հեծանիվ հայտնագործել:
Ապրենք Աստծուն ապավինելով:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ