Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տրամադրված դրամական միջոցների ենթադրյալ մսխումների գործով 11 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Երեւանի փոխքաղաքապետը, առողջապահության նախարարի խորհրդականը, «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրենը:
Ձերբակալված անձինք էլ մեծ մասամբ «Մեդլայն» բկ-ից են։
Դատելով մի քանի ժամում ձերբակալված անձանց ընդլայնված ցանկից՝ չի բացառվում, որ ձերբակալումները շարունակվեն։ Մամուլում շրջանառվում է նաև Արսեն Թորոսյանի անունը, որը քովիդի բռնկման ժամանակ եղել է ՀՀ Առողջապահության նախարարը։
Քովիդի կարանտինային ժամանակներից 3 տարի է անցել, մինչև հիմա պաշտոնական տեղեկություն չկա, թե քանի մարդ է մահացել քովիդից։ Բոլորը միայն հիշում են այդ ժամանակվա տարերային, խուճապային իրավիճակը, երբ մարդիկ անգամ վերջին հրաժեշտը չէին կարողանում տալ իրենց հարազատին, չէին կարող մոտենալ դիակին, տեսնել նրան, քանի որ սարսափի մթնոլորտում այդ ամենն արգելված էր։ Ու շատերը, կասկածը սրտում, այդպես էլ չստացան հարցերի պատասխանները՝ 10 տոկոս ախտահարումով իրենց հարազատն ինչպե՞ս հաշված ժամերի ընթացքում մահացավ կամ ինչպե՞ս չկարողացան հիվանդանոց տեղափոխված իրենց հարազատի հետ գոնե վերջին անգամ խոսել՝ տեղեկանալու՝ ինչ վիճակում է նա, ինչ դեղորայք է ստանում, կամ բուժումն արդյունավե՞տ է, թե ոչ։
Քովիդի բռնկումին հաջորդած համաճարակի ժամանակներում ծածկադմփոցի համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին էր սեղմում օղակը, ամբողջ մոլորակը ենթարկեցնում սահմանափակումների իր քմահաճույքներին, Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին էին հանրությանը լռեցնելու, ավելորդ հարցերից խուսափելու համար վախի մթնոլորտը սրում։ Դրան ավելացավ պատերազմը, երբ ամեն օր հարյուրավոր երիտասարդ տղաների զոհվելու մասին լուրերի ֆոնին քովիդի զոհերի թվերին շատերն ուշադրություն չէին դարձնում։
Հիմա ի՞նչ թատրոն է ցուցադրում Հայաստանի իշխանությունը։
Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրի շրջանակում 606 մլն դրամի գնումներ է կատարել ընկերությունից, որը պատկանում է Երևանի փոխքաղաքապետ, Տիգրան Ավինյանի թիմակից Գեւորգ Սիմոնյանին:
Ի դեպ, Սիմոնյանը փոխնախարարի պաշտոնին նշանակվել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ Առողջապահության նախարար եղած ժամանակ։ Այսինքն՝ Արսեն Թորոսյանը տեղյակ չի՞ եղել իր տեղակալի կատարած ապօրինություններին։
Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը:
26 միլիարդ դրամ, 606 միլիոն դրամ. աստղաբաշխական այս թվերը դուրս են գրվել պետբյուջեից՝ այն էլ Հայաստանի համար ծանրագույն՝ քովիդի ու պատերզմի ժամանակներում։
Ու այս իշխանությունը թմբկահարում է, թե պայքարում է կոռուպցիայի ու թալանի դե՞մ։ Ու Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ հայտարարեց, թե Հայաստանում կոռուպցիան արմատախի՞լ է արված։
Լավ, այս իշխանությունն է՞լ ինչ պետք է անի, որ ժողովուրդը թմբիրից դուրս գա, այս աղաղակող փաստերից ավելի է՞լ ինչ է պետք, որպեսզի Փաշինյանին մինչև հիմա անվերապահորեն հավատացող 680 հազար ընտրազանգվածը հասկանա, որ իրեն թալանել են, կողոպտել են, մանիպուլացրել են, խաբել են ու մինչև հիմա խաբում են։
Ու խաբում է մեկ հոգի. այդ ո՞ր միամիտը կարող է հավատալ, թե բոլորին վերահսկող, անգամ իր թիմակիցներին չվստահող ու նրանց հագուստի կոճակների դասավարությանը, նրանց կերապ բորշչին տեղյակ Փաշինյանը պետբյուջեի թալանին տեղյակ չի եղել։
Ու նա հիմա էլ կգործի ավանդական մեխանիզմով՝ անգամ իր թիմակիցներին «փուռը կտա»՝ հերթական անգամ թոզ փչելով հանրության աչքերին, թե տեսեք-տեսե՜ք, ես այնքան անաչառ եմ, որ անգամ իմ համախոհների ապօրինությունները չեմ ներում։
Ու հարյուր հազարավորները էլի կասեն՝ խեղճ մեր ազնիվ վարչապետ, էլի իրենք մեն-մենակ կերել են, թալանել են, մեր վարչապետը բոլորի փոխարեն պիտի պատասխան տա։ Էլի խեղճի գրապանն են ուզում գցել։