Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանի ՖԲ էջից, –
Իր վերջին ելույթում ՀՀ վարչապետը հետևողականորեն այն թեզն է առաջ քաշում, թե հայերի և թուրքերի թշնամանքի հարցում «…ԴԺՎԱՐ Է ՊԱՐԶԵԼ, ԹԵ ՈՎ Է ՃԻՇՏ, ՈՎ՝ ՍԽԱԼ», երբ բառացիորեն ասվում է. «…նույնիսկ շատ դժվար ա գտնել էն ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԵՏԸ, որից էս պրոցեսը (նկատի ունի՝ հայ-թուրքական թշնամանքը) սկսվել ա…»։
Մեկնարկային կետ…
Գուցե մեկնարկային կետ եղավ այն, երբ Հայկական բանակը 1064 թ-ին Ալթայի կողմերում գտնվող Կաշագարյան հովտում ավերեց Կաշի քաղա՞քը, երբ արյունը գետի նման հոսում էր քաղաքի փողոցներում: Իսկ մեկ այլ տարբերակում՝ գուցե մեկնարկային կետ էր 1915 թ-ի թուրքերի ցեղասպանությո՞ւնը, որը հայերն իրականացրին թուրքերի նկատմամբ Ստամբուլում…
Չէ՞, չեն անցնո՞ւմ որպես մեկնարկային կետեր, պարոն վարչապետ, ՉԵՆ ԱՆՑՆՈՒՄ, ՉԷ՞, քանի որ պատմական նույնիսկ սակավագույն գիտելիքներ ունեցող մեկի նույն այդ գիտելիքները ակնհայտորեն կհերիքեն հետևության գալու համար, որ նման փաստեր ՈՒՂՂԱԿԻ ՉԵՆ ԵՂԵԼ: Իսկ գիտե՞ք արդեն իսկ հիշատակված 1064 թ-ին ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ մեր մայրաքաղաք հրաշագեղ Անիում, Հազար ու մեկ եկեղեցիների այդ քաղաքում իրականում ինչ է եղել թուրքերի և հայերի մեջ: Գիտե՞ք: Եթե չգիտեք, ապա խոսեցնենք ժամանակակից ականատեսին.
– Այնտեղ պետք էր տեսնել բոլոր հասակի մարդկանց ՏԱՆՋԱՆՔՆ ՈՒ ՀՈԳԵՎԱՐՔԸ, մանուկները մայրերի գրկերից հափշտակվելով ՔԱՐԵՐԻՆ ԷԻՆ ԽՓՎՈՒՄ, իսկ մայրերը իրենց արցունքով ու արյամբ էին թրջում նրանց, հորը և որդուն նույն սուրն էր խողխողում, ծերերն ու երիտասարդները, քահանաներն և սարկավագները միևնույն ՍՐՈՎ ՄԱՀ ՃԱՇԱԿԵՑԻՆ, այնպես որ ՈՂՋ ՔԱՂԱՔԸ ԾԱՅՐԵԾԱՅՐ ԼՑՎԵՑ ԴԻԱԿՆԵՐՈՎ: Սպանվածների մարմինները վերածվեցին ճանապարհի, կոտորվածների բազմությունից ու անթիվ դիակներից այն մեծ վտակը, որ անցնում էր քաղաքի մոտով, ներկված էր արյամբ, իսկ վայրի ու ընտանի գազաններն էլ եղան դիակների գերեզմաններ, որովհետև ՈՉ ՈՔ ՉԿԱՐ, որ թաղեր և անհրաժեշտ հողով ծածկեր խողխողվածներին,- տեսած արհավիրքից գրեթե ԽԵԼԱԳԱՐՎԱԾ պատմում է դժբախտ Արիստակես Լաստիվրեցին:
Իսկ գուցե միջանկյալ կե՞տ է պետք: 1915 թվական՝ Մեծ եղեռն…
Հետագա կետեր և՞ս ուզում եք, հարգելիներս՝ հիշեցնեմ թվականները և վայրերը՝ 1920-Շուշի, 1988-Սումգայիթ, 1988-Կիրովաբադ, 1990-Բաքու, 1992-Մարաղա…
Կետեր, մեկնարկային կետեր…
Հանուն քաղաքական րոպեական շահի վտանգվում է հայ ժողովրդի անվտանգային իմունիտետը՝ զգուշանալը թուրքից, և հանուն քաղաքական նույն այդ րոպեական շահի հայ ժողովրդին դարձնում են ապագա զոհ՝ զրկելով իրեն այնքան պետքական ինքնապաշտպանական մի տարրից, ինչպիսին է թուրքից զգուշանալը:
ՄԻ ԱՐԵՔ ՆՄԱՆ ԲԱՆ: