ՀՀ ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովը նոր նախագիծ է բերել, որով նախատեսվում է բացառել արտարժույթով հիպոթեքային վարկավորումը, այսինքն՝ հիպոթեքը վարկառուներին պետք է տրամադրվի միայն դրամով։
Azg.am-ը ներկայացնում է տնտեսագետ, «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանի նոր հոդվածը, որը բացահայտում է հիպոթեքային վարկավորման նոր նախագծի հնարավոր ռիսկերը, մատնանշում է, թե ովքեր են դրանից օգտվելու, շահույթ ստանալու, ովքեր՝ վնաս կրելու։
Ստորև ներկայացնում ենք հոդված-վերլուծությունը։
Նախագծի հեղինակներն իբր մտահոգված են քաղաքացիների համար և այսկերպ ցանկանում են նրանց ապահովագրել արտարժույթի փոխարժեքի տատանումների հետևանքով վնասներ կրելուց։
Քննարկվող նախագիծը ՀՀ բանկային միությունը քննադատել է, առաջարկվել են մի շարք կետեր, որոնք, ըստ երևույթին, կչեզոքացնեն բերված նախագծի հնարավոր ռիսկերը։
Բանկերում անխելք մարդիկ չեն աշխատում և հստակ գիտակցել են նոր սահմանափակումների ռիսկերը։
Իսկ ինչպիսի՞ վտանգներ է ենթադրում նախագիծը:
Փորձենք համալիր քննության ենթարկել այն՝ ըստ մասնակիցների խմբերի։
Հիպոթեքային վարկավորման գործընթացը մի հանգույց է, որտեղ առկա է չորս շահառու։
1.հիպոթեք ստացող քաղաքացիներ
2.հիպոթեքային վարկ տրամադրող բանկեր
3.հիպոթեքի առարկա շենքերի կառուցապատողներ
4.նշված երկրորդ և երրորդ սուբյեկտներից հարկային եկամուտներ ստացող պետական բյուջե
Վճարման ձևի հնարավոր ռիսկերը հասկանալու համար մոդելավորենք երկու սցենար։
Ա) ԱՄՆ դոլարի փոխարժեքի շարժ 400 դրամից մինչև 800 դրամ
Բ) ԱՄՆ դոլարի փոխարժեքի շարժ 400 դրամից մինչև 200 դրամ։
1.Հիպոթեքային վարկ ստացող ՀՀ քաղաքացիներ։
Պայմանականորեն քաղաքացիները բաժանվում են երկու խմբի՝ դրամական եկամուտներ և արտարժութային եկամուտներ ստացող։
Դրամական եկամուտներ ունեցող քաղաքացիների մասով առաջարկվող փոփոխությունը զգալի ռիսկեր չի պարունակում։ Տնտեսական իմաստով առաջարկվող փոփոխության հնարավոր ուղղակի ռիսկերն առաջանալու են միայն արտարժութային եկամուտներ ստացող քաղաքացիների համար։ Փաստացի, մարդկանց արգելվելու է իրենց եկամուտները սեփական հայեցողությամբ օգտագործել, և այդ խմբի քաղաքացիները հարկադրված են լինելու ՀՀ բանկերում ահռելի մարժայով կոնվերտացնել իրենց միջոցները, կատարել չնախատեսված միջնորդավճարներ, որոնք անընդհատ աճելու միտում ունեն։
Երկարատև վճարումների պարագայում հիշյալ խմբի քաղաքացիները Ա) սցենարի դեպքում կարող են շահել, իսկ Բ)սցենարի դեպքում ձեռք բերվող գույքը դառնալու է ոչ համադրելի՝ շուկայում առկա գների հետ համեմատած։ Այսինքն՝ ձեռք բերվող բնակարանը թանկանալու է, որի հետևանքով քաղաքացին կորցնելու է բնակարանը։
2. Հիպոթեք տրամադրող բանկեր։
Բանկերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ արտերկրի բանկերից արտարժութային ռեսուրս ներկրող և ՀՀ դրամով երկրի ներսում ավանդ րգրավող։
Արտարժութային միջոցներ արտերկրից փոխառնող բանկերը Ա) սցենարի դեպքում կրելու են աննկարագրելի վնասներ՝ մինչև իսկ սնանկանալը։ Բ)սցենարի դեպքում բանկերի մոտ գոյանալու է վերագնահատման գերշահույթ, որի արդյունքում շահելու է պետական բյուջեն։
ՀՀ ավանդատուներին ներգրավված միջոցների օգտագործման պարագայում Ա) սցենարի դեպքում բանկերը ստիպված են լինելու արտերկրից ներգրավել արտարժութային վարկեր՝ օպերացիոն լիկվիդայնություն ապահովելու և ցպահանջ ավանդների վերադարձն սպասարկելու համար։
3.Կառուցապատողներ։
Վերլուծության համար պետք արձանագրենք, որ կառուցապատողների կողմից ներգրավվող ֆինանսական միջոցները լինելու են երկու աղբյուրից՝ ներհայաստանյան դրամային և արտերկրի արտարժութային, որը ՀՀ-ում պետք է փոխարկվի դրամի։ Ա)սցենարի դեպքում կառուցապատողը արտերկրից ներգրավված արտարժութային պարտքի սպասարկման համար ծախսելու է ավելի շատ դրամ, որն էլ գոյացնելու է վնասներ, որոնք կխաթարեն արտերկրից հնարավոր ներդրումները։
Բ) սցենարի դեպքում կառուցապատողները ստանալու են գերշահույթ, որն էլ ապահովելու է ՀՀ բյուջե հարկային մուտքեր։
4.ՀՀ պետական բյուջեն առաջարկվող փոփոխությունների արդյունքում հարաբերական շահեկան դիրքում է հայտնվելու՝ գոյանալու են ռեզիդենտ կառուցապատողների և բանկերի մոտ վերագնահատման արդյունքում ձևավորվող շահույթներ, բայց դրանք տոքսիկ բնույթի շահույթներ են, որոնք գործողության երկարատև ընթացքի իմաստով կարող են կտրուկ վերափոխվել կորուստների։
Մեր կողմից քննարկված սցենարների դեպքում բոլոր մասնակիցների մոտ կան հնարավոր լրջագույն ռիսկեր և հարաբերական օգուտներ, ընդ որում՝ փորձաքննության համար բավականին խճճված իրադրություն է ստեղծվում, որը կարող է կտրուկ տատանվել դոլարի փոխարժեքի տատանման աշխարհաքաղաքական պատճառների արդյունքում։
Տեսականորեն հարցի հնարավոր շահառուները կարող են և՛ օգտվել, և՛ տուժել։
Իսկ ո՞վ կարող է այս փոփոխության արդյունքում բացարձակ հաջողել, օգտվել, ստանալ գերշահույթներ։ Այդ հաջողակները կարող են լինել արտերկրի շինարարական կազմակերպությունները, որոնք ունեն զարգացած ենթակառուցվածք, շինարարության միավորի ցածր ինքնարժեք, շինարարության իրականացման արագություն, նախագծային փաստաթղթերի պատրաստման հմուտ կադրեր, պետական դոտացիոն օժանդակություն, բանկային էժան ռեսուրսներ, անընդհատ արժեզրկվող ազգային արժույթ, եվրոպական շինարարական տեխնիկա, էժան վառելիք և քսուքային միջոցներ, էժան արտահագուստ արտադրող տեքստիլ ճյուղ։
Իսկ ո՞ր երկրի կազմակերպություններն են համապատասխանում վերը նկարագրված չափանիշներին: Իհարկե, Թուրքիան։ Կարծում եմ՝ ավելացնելու բան չկա։
ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովը փաստացի բերել է մի նախագիծ, որի հիմնական շահառուն կարող է և կլինի թուրքական շինարարական ինդուստրիան։
Որպես վերջաբան։
Հասկանալի է, որ ՀՀ ԱԺ հանձնաժողովն այս վիճելի նախագիծը չի ենթարկել մասնագիտական համարժեք փորձաքննության, և պատահաբար, միգուցե նախաձեռնել է բազմաբնույթ ռիսկերով լի օրինագիծ։
Ուստի գտնում ենք, որ այս նախաձեռնությունը չպետք է ընդունվի, քանի որ այն հեղինակած հանձնաժողովի կազմը և այդ կազմի կողմից անընդհատ կրկնվող ծեծկռտուքները չեն կարող երաշխավորել դրա տնտեսապես շահավետ լինելը։