Վանաձորի պետական համալսարանի Գրականության ամբիոնի դասախոս, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Քանի որ բարձրագույն կրթության օրենքի նախագծի քննարկման ժամանակ արտահայտել էի իմ հստակ դիրքորոշումը, որը սակայն անտեսվեց, ուստի նպատակահարմար չէի համարում այս անգամ էլ անդրադառնալ սույն նախագծին, սակայն արտահայտել էի մերժողական դիրքորոշում ապազգային նախագծի մասին: Այնուամենայնիվ, հոգիս խաղաղ լինելու համար այս անգամ էլ ներկայացնում եմ հայ հանրությանը իմ դիտարկումները սույն խնդրահարույց, սակայն չափազանց կարևոր, ազգային մեծ նշանակություն ունեցող հարցի շուրջ:
Հանրությունը խոսում է հայ գրականության հեղինակներին դուրս թողնելու մասին, որն աղաղակող խայտառակություն էր, իսկ դեռ չգիտի, թե էլ ինչեր կան:
Այսպես` գրականության ուսումնասիրությունը առաջարկվում է կառուցել հետևյալ սկզբունքներով.
«Ժողովրդավարական. սովորողը մասնակցում է ուսումնառության պլանավորմանը և դրա իրականացման գործընթացին, նրա կարծիքի և հետաքրքրությունների հիման վրա են ծրագրվում նյութի բովանդակությունը, մշակվում ընթացիկ աշխատանքները: Անձնակենտրոն կամ սովորողակենտրոն ուսումնառություն. սովորողն ինքնուրույն է, աշխատում է հիմնականում դասարանում՝ ուսուցչի և ընկերների հետ համագործակցելով: Ուսումնառության գործընթացում շեշտադրվում են սովորողի անհատականությունը, անձնային ներդաշնակ զարգացումը, սովորելու ոճը, հետաքրքրությունների և կարիքների շրջանակը: Սովորողը նախագծում և իրականացնում է տարաբնույթ հետազոտություններ: Տարբերակված ուսուցում. ուսումնառության բովանդակությունը, կրթական միջավայրը, տրվող առաջադրանքները»:
Սա ի՞նչ է, եթե ոչ կամայականություն: Սա նշանակում է, որ ով ինչ ուզի, այն էլ սովորելու է կամ սովորեցնելու: Սա նաև ուսուցման սխալ մեթոդաբանություն է: Ավելին` եթե բուհում չենք անցնելու հայ գրականություն, ապա սա այն չէ, ինչ պետք է սովորեցնենք դպրոցում: Բացի այդ` բոլոր աշակերտները պետք է ստանան միանման գիտելիք, հակառակ դեպքում ո՞նց են քննություն հանձնելու այդ առարկայից: Պետք է ունենալ ազգային-պետական դպրոց, որն ունենա կայուն չափանիշներ` ուսուցման և դաստիարակության նպատակով:
Մեր դպրոցի հիմքում եղել է և պետք է շարունակի մնալ անհատի ձևավորումը` որպես հայ մարդ և քաղաքացի:
Միջին դասարաններում մեր խնդիրն է ձևավորել անհատականություն, որն ունենա լայն աշխարհայացք, հարուստ բառապաշար, կարողանա սահուն և գրագետ խոսել հայերեն, տեսածը և լսածը ճիշտ ընկալել ու վերարտադրել, ապա նաև ձևավորել անհատի ներքին հուզական աշխարհը, մեծ հաշվով` անհատականությունը: Աշակերտի մեջ պետք է դաստիարակել սեր հայրենիքի, կյանքի, ծնողների ու ընկերների, առահասարակ մարդու հանդեպ, հասունացմանը զուգընթաց գաղափար տալ ազգային ու համամարդկային արժեքների` սիրո և հրապուրանքի, գեղեցիկի, ընտանիքի, բարոյականության մասին և այլն:
Ծրագրի նախագծում ընդունելի են նպատակների ձևակերպումները (տառասխալների և որոշ մասնագիտական սխալների բացառմամբ): Այս բաժնում պետք է ավելացնել ամենակարևորը, որը դուրս է մնացել. այն է` միջին դասարաններում գրականության ուսուցչի նպատակն է սովորեցնել աշակերտին տեսածը և լսածը ճիշտ ընկալելը և ճիշտ վերարտադրելը, ինչին հասնելուն էլ միտված է գրական երկի ուսուցումը, ինչի համար էլ հարկ է նախատեսել ստեղծագործական և վերարտադրողական շարադրություններ:
Այսպես կոչված վերջնարդյունքները թերի են և կազմված են սխալ մեթոդաբանությամբ:
Անընդունելի է նաև ավագ դպրոցի համար ընտրված հետևյալ սկզբունքը. «Ավագ դպրոցում նորությունը գրական երկերի ընտրության հնարավորությունն է ոչ թե ըստ գրականագիտական ժամանակագրության, այլ ըստ գրական սեռերի և ժանրերի, աշակերտի տարիքային առանձնահատկությունների և հետաքրքրությունների»:
Անընդունելի է ավագ դպրոցի ուսուցման ամբողջ սկզբունքը: Առաջարկում եմ ավագ դպրոցում ակնարկային դասաժամերով գաղափար տալ հայ գրականության պատմության մասին, իսկ մենագրական թեմաներով անցնել բացառապես հայ գրականություն` համաշխարհային գրականությունից երկեր դնելով միայն միջին դասարաններում` դաստիարակելու նպատակով, ավագ դպրոցի նպատակը համարելով բացառապես հայ գրականությունը և նրա պատմությունը, քանի որ բուհերում հիմնականում չեն անցնելու հայ գրականության պատմություն:
Գրական երկի նպատակը ծրագրի հեղինակները ներկայացրել են ոչ թե բովանդակության, այլ ձևի տակ, որը մասնագիտական անտեղյակություն է:
Ստացվում է, որ աշակերտը 7-րդ դասարանում սովորում է բանաստեղծություն, պատմվածք, վեպ, 8-րդ դասարանում` բալլադ, պոեմ, նորավեպ, վիպակ, 9-ում` էպոս, էլի բանաստեղծություն, վեպ, ապա ողբերգություն, դրամա: Տպավորություն է, որ ուսուցչի հիմնական նպատակն է գրական ժանրերին ծանոթացնելը, մինչդեռ աշակերտը գրականագետ չէ, որ այսպես գրականություն սովորի: Գրականությունը միջին դասարաններում ունի մի հիմնական նպատակ` ձևավորել անհատի աշխարհայացքը և դաստիարակել, ուստի պետք է թեմաներն ունենան ոչ թե գրական ժանրերի անվանումներ, այլ լինեն գաղափարներ` հայրենասիրություն, մարդասիրություն, ազգային արժեքներ, բարոյական արժեքներ, պետականություն և այլ համամարդկային գաղափարներ:
Գրական-տեսական գիտելիքների համակարգը դպրոցում պետք է ունենա ածանցյալ նշանակություն, քանի որ դա գրականագետ մասնագետին անհրաժեշտ գիտելիք է:
Ո՞ւմ է պետք այն շրջանավարտ քաղաքացին, որը գիտի` ինչ է պատմվածքը, պոեմը, բալլադը, սակայն չունի ազգային և պետական մտածողություն, մարդասիրություն, ունի անհարգալից վերաբերմունք շրջապատի ու մարդկանց նկատմամբ, ասենք` նյութական կամ հոգևոր աղբ է շաղ տալիս իր շուրջը և այլն:
Գրականությունը դպրոցում անհատին բարոյակրթելու և դաստիարակելու առաքելություն ունի, մինչդեռ ծրագրում ընտրված է գիտելիք տալու (այն էլ ոչ ազգային արժեհամակարգին հարիր), ոչ թե բարոյակրթելու սկզբունքը, որն անընդունելի է:
Ինչ վերաբերում է հայ գրականության ժառանգորդական կապին, ապա այդ խնդիրը պետք է լուծել ավագ դպրոցում` բացառապես հայ գրականություն դասավանդելով:
Միջին դասարաններում է, որ պետք է համաշխարհային գրականության գոհարների միջոցով աշակերտին դաստիարակել համամարդկային և ազգային արժեքներով: Այսպես` հայրենասիրություն թեմայի տակ պետք է դնել ոչ միայն հայ գրականությունից բարձրաժեք հայրենասիրական երկեր, այլև այլ ժողովուրդների գրականություններից, ասենք օրինակ` ռուսական կամ գերմանական հայրենասիրական պոեզիայից` ցույց տալով, որ ամեն մի ժողովուրդ ունի իր հայրենիքը, ինչը թանկ է իր համար:
Ինչ վերաբերում է արդի գրականությանը, ապա ոչ միան պետք է, այլև անհրաժեշտ է ներառել արդի երևելի բոլոր գրողների ստեղծագործություններից, սակայն նրանց այն գործերը, որոնք ունեն դաստիարակչական նպատակ և պատշաճում են դպրոցական ծրագրին:
Իսկ հայ հին և միջնադարյան գրականությունը մեր ազգային ակունքն է, մեր ազնվականության վկայականը աշխարհի առաջ: Առանց Խորենացու և մյուս պատմիչների, առանց Նարեկացու, Գոշի, Այգեկցու, Շնորհալու, Ֆրիկի, Կոստանդին Երզնկացու, Հովհաննես Թլկուրանցու, Քուչակյան կոչված հայրենների, Հովնաթանի, անզուգական Սայաթ-Նովայի` անհնար է պատկերացնել հայ գրականությունը: Ավելին` դպրոցական ծրագրերից տարբեր տարիների հանիրավի դուրս են մղվել շատ արժանի գրողներ ու նրանց անչափ կարևոր գործերը, որոնք ևս վերադարձնելու ժամանակն է: Մեզ մեր արմատներից օտարելը դավաճանություն է: Դա այլ անուն չունի:
Իսկ դա, ցավոք, նկատելի էր դեռ բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ»: