Նարեկ Գալստյանի ՖԲ էջից, –
Հեղափոխությունը հասարակական-քաղաքական համակարգի ամենազազրելի երևույթն է, որ իր հետ բերում է ավեր, արյուն, ցնցումներ ու պատերազմներ: Բայց որքան էլ որ պարադոքսալ է, հեղափոխության կնքահայրերը ոչ թե փողոց իջածների առաջնորդներն են, այլ օրվա էլիտան, որի լճացումը, կոռումպացվածությունը, բաժանվածությունն ու միմյանց ատելը հենց հանգեցնում է հեղափոխական կրքերի բարձրացմանն ու սնուցմանը: Հեղափոխությունը միշտ քամու պես վեր է բարձրացնում ամեն գետին ընկածին, հանում վերև, բայց երբ քամին անցնում է, վերևում պտտվողը զմփում է գետնին՝ այսինքն այնտեղ, որտեղ իր սկբնական հանգրվանն էր: Ու հեղափոխություններից որոշ ժամանակ անց ի հայտ են գալիս այն առաջնորդները, որոնք նետում են ներքև աղբն ու պետությանը դուրս հանում պերմանենտ ցնցումների ոչնչացնող շրջանից՝ օգտագործելով դրա համար ամենատարբեր մեթոդներ:
Համաշխարհային պատմության երկու ամենաարյունոտ հեղափոխությունները՝ Ֆրանսիայինն ու Հոկտեմբերյանը, ունեցան հենց այդ վերջաբանը: Մի տեղ հեղափոխական քաոսին վերջ տվեց նույն հեղափոխության պաշտպան Մեծն Բոնապարտը, մյուսում էլ բոլշևիկյան ցար Կոբան (մեթոդները, կրկնում եմ, տարբեր են, վերջինի դեպքում՝ սարսափելի):
Ու միշտ, միշտ ու միշտ հեղափոխական ցնցումների ենթարկված երկրներում գտնվում են հին էլիտայի ներկայացուցիչներ, որոնք մտածում են, թե հեղափոխականները հաշվի կառնեն իրենց երբեմնի ծառայությունները: Ինչ խոսք, նաիվ մոտեցում: Հեղափոխությունը թքած ունի նման պայմանականությունների վրա, որովհետև այս զազրելի գործընթացի ամբողջ իմաստն էլ հենց այն է, որ երբեմնի ջորեպանը նախարար դառնա, իսկ երբեմնի նախարարն էլ երանի տա գոնե ազատ ջորեպանին:
Իհարկե, մանկական միամտություն կլինի մեր երկիրը համեմատել ֆրանսիական կամ բոլշևիկյան հեղափոխությունների հետ: Մեր «հավասարը» ղրղզական, վրացական կամ ուկրաինական օրինակներ են, որտեղ տասնամյակներ անկայունություն է ու տեսանելի ապագայում շարունակվելու է: Ու մեզ մոտ պետականակործան այս ընթացքն անշեղորեն շարունակվելու է, եթե երկրում փոփոխությունների հայտ չներկայացնի նախկին ու ներկա պայմանականություններից հեռու, ամբիցիոզ, հայրենասեր (սա շատ կարևոր է), ուժեղ պետության ու պրագմատիզմի կրող նոր էլիտան, որը դեռ չկա ու առաջիկայում շատ դժվար էլ ստեղծվի:




