Ընդդիմությունը բլից- կրիգի էր սպասում. չեղավ: Հատկապես Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքներն ու հանդիպումները մարդաշատ էին, էներգետիկա կար, ամբիոնի ու լսարանի միջեւ հոգեհուզական, բնական ու բանական կապ կար:
Չնայած լսարանից ամբիոնին ուղղված սիրո ու նվիրումի ՙ «կողքիդ կանգնած ենք, սիրելի՜ս», կամ «մեռնեմ ոտիդ տակի հողին, Նիկոլ» խելակորույս վանկարկումներին ու ամբիոնից լսարանին ուղղված «ես սիրում եմ ձե՜զ, հպարտ եմ ձեզնո՜վ, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես դուք եք ուզո՜ւմ» ճղճղան «սիրո խոստովանություններին», Փաշինյանի հանրահավքաները բերնեբերան լցված էին ագրեսիայով, սպառնալիքներով ու հայհոյանքներով:
Գիտակից հանրությունը վստահ էր, որ Փաշինյանի աջակիցները շատ են հատկապես մարզերում: Այնտեղ պատերազմի, գերիների, զոհերի, անհետ կորածների մասին մի պատասխան կա. «Էդ լրիվ Քոչարյանի սարքածն է, Նիկոլը ոչ մի մեղք չունի, նախկինները խեղճ Նիկոլի գլխին են ջարդել ամեն ինչ, պատերազմն էլ են նախկինները սարքել, 30 տարի առաջ են Արցախը հանձնել, բայց ստիպեցին, որ Նիկոլը ստորագրի»:
Հայաստանյան իրականության ու իշխանությունների գործունեության մասին մեծ մասամբ Հանրային հեռուստատեսության «Լուրերից» ու «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներից կարծիք կազմող մարզաբնակները, պարզ է, որ նման հռետորաբանություն կունենան: Քանի որ պատերազմից հետո քաղաքական իրադարձություններում կարող էին բեկումներ լինել, նիկոլական աղանդը ինտենսիվ աշխատանքներ էր տարել հատկապես մարզերում: Աղանդը ֆեյքաֆաբրիկայի ու ընդդիմության հանրահավաքների միջոցով ամիսներ շարունակ մոնիտորինգի էր ենթարկել հանրային տրամադրությունները:
Ընդդիմության հանրահավաքները նոր գործիքակազմ, նոր մեթոդներ ու միջոցներ չընդգրկելու պատճառով հետզհետե մարեցին: Թեեւ Նիկոլի համար պարզ էր, որ ինչքան էլ այդ հանրահավաքները տարրալուծվեցին, միեւնույն է, Երեւանն իրեն դեմ է ու դեմ է լինելու: Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքում ինտելեկտուալ, մտածող, վերլուծող, փաստերով ու ապացույցներով առաջնորդվող հանրությունն ավելի մեծ տոկոս է կազմում, քան մարզերում: Բոլոր երկրների մայրաքաղաքների համար է սա օրինաչափություն: Ուրեմն, մայրաքաղաքում նիկոլական սեկտայի մանիպուլյացիաներն ու ստերը, կեղծ օրակարգերը, բնականաբար, չէին անցնելու: Մինչ Նիկոլի ձեւակերպմամբՙ էլիտան, մայրաքաղաքում նստած, սոցցանցային գրառումներով անօգուտ պայքարում էր իշխանափոխության համար, այդ ընթացքում գյուղապետերն ու տեղական ինքնակառավարման մյուս մարմինները տեղում հասցեական աշխատանք էին տանում մարզաբնակ մեր հայրենակիցների, ավելի ճիշտՙ ընտրազանգվածի հետ:
Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսերի նկուղում զոհված տղաների մասունքները, տոպրակների մեջ լցված, ամիսներ շարունակ նեխում են գետնի վրա: Մարզաբնակ մեր հայրենակիցներն արդեն գտել էին մեղավորինՙ «Քոչարյանն է տարել-պահել մարմինները, որ Նիկոլի անունը ժողովրդի մոտ գցի»:
Քոչարյանը, ոչ թե Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ մեկ այլ «նախկին», որովհետեւ նիկոլական սեկտան հենց Քոչարյանի՛ ձեռքով էր իշխանությունը վերցնելու վտանգը տեսնում, եւ ոչ մեկ այլ ընդդիմադիր գործչի: Լրագրողները տարբեր մարզերում հարցազրույցներ են արել, եւ բոլոր մարզաբնակները վերոնշյալ պատասխանն են հնչեցրել, բոլորը միաբերան միայն Քոչարյանին են մատնանշել որպես «նախկինների» վերադարձի նյութականացված վտանգ:
Այդչափ արագ ու անվրեպ է աշխատում նիկոլական աղանդի քարոզչամեքենան: Իսկ այդ ընթացքում դասական ընդդիմությունը պատրաստվում էր քարոզարշավին ու իշխանությունների դեմ պայքարի ավանդական մեթոդներ էր մշակումՙ տնտեսության զարգացման, երկիրը ճգնաժամից, քաղաքական անպատվաբեր իրավիճակից հանելու ծրագրային դրույթներ, Արցախի որոշ տարածքների վերադարձի, Սյունիքից ու Գեղարքունիքից ադրբեջանցիներին վռնդելու ելքեր, որոնք, պարզվեց, ՀՀ մի քանի հարյուր հազար քաղաքացու չեն էլ հետաքրքրում: Նրանք պատերազմի, գերիների, Արցախը կորցնելու մասին տեղեկացված են այնքան, որքան հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը, այնքան, որքան ուզում են տեղեկացված լինել: Իսկ հնդկական ու հայկական սերիալներում, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարում դրանց մասին առհասարակ չի խոսվում:
Ընտրությունները պարզեցին, որ կես միլիոնից ավելի մարդ մեր երկրում աչք է փակում Հայաստանի խորտակված հեղինակության, բզկտված սահմանների, թուրք-ադրբեջանական վերահաս վտանգների, Հայաստանը թուրքացնելու, Արցախն ամբողջությամբ կորցնելու, Մեղրիից միջանցք տրամադրելու, Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում Ադրբեջանին անկլավներ հանձնելու, տնտեսական մոտալուտ կոլապսի, ապազգային քաղաքականության, գերիների, անհետ կորածների խնդիրների վրա: Աչք են փակում, որովհետեւ նրանց այս հարցերը չեն էլ հուզում, նրանց առօրյայում այս մտահոգություններն իսպառ բացակայում են, նրանց համար դեռեւս նախաքովիդային ու նախապատերազմյան Հայաստանն է, որտեղ Նիկոլը դատական «բարեփոխումների» համար դատարանների դռներն էր փակում, ԱԺ ամբիոնից հոխորտում էր, թե «նախկինների» թալանածը լումա առ լումա հետ է բերելու եւ այլն, եւ այլն:
Դժվար չէ պատկերացնել, թե Գարեգին Նժդեհի նման նվիրյալը, ազգի համար անհնարինն անելով, սրտի ինչ մեծ ցավով է խոսել այդ նույն ազգի տականքի մասին: Իսկ ազգի տականքին սատարող հասարակություն միշտ էլ եղել է: Հասարակություն, որի կրթական ցածր ցենզից, մանիպուլացվելու, մոլորության մեջ ընկնելու հատկություններից անմիջապես օգտվում է ազգի տականքը:
Մինչ Նիկոլի մուրճի, ժողովրդի կամքին հակառակվողներին ասֆալտին փռելու, պողպատե մանդատներ ճոճելու քարոզների վրա ինտելեկտուալ հանրությունը ծիծաղում էր ու այն համարում հերթական պոպուլիզմը, որը պետք է որ վիժեցվեր, արի ու տես, որ քաղտեխնոլոգիական զավեշտալի թվացող հնարքը հիանալի արդյունք տվեց: Էյֆորիայի մեջ գտնվող ընտրազանգվածին ի՞նչ է պետքՙ շոու եւ գոռգոռոց, սպառնալիքներ: Եվ ընտրություններից ժամեր առաջ ընտրազանգվածն իր ուզածն ստացավ:
Ռոբերտ Քոչարյանը սխալվեցՙ կարծելով, թե ընտրություններից առաջ սոցհարցումների ինստիտուտն իր կառավարման տարիների պես է աշխատում: Տեխնոլոգիաները փոխվել են: Հիմա մանիպուլյացիան է մոդայիկ: Սոցհարցումներն այեւս հնացած մեթոդ են, թեեւ ժամանակին հոգեբանական ազդեցություն էին գործում հանրությանՙ հատկապես չկողմնորոշված հատվածի վրա:
Ըստ Գեբելսիՙ զանգվածներին կառավարելու 10 կանոններիՙ ինտելեկտուալիզմը պրոպագանդայի ամենամեծ թշնամին է, պրոպագանդայի ուղերձները պետք է հասկանալի ու պարզ լինեն, ազդեն ոչ թե մարդկանց գիտակցության, այլ էմոցիաների վրա: Մայրաքաղաքի բնակիչներին ուղղված պատգամները պետք է տարբերվեն գավառներում ապրողներից:
Գեբելսի կանոններին նիկոլական աղանդը հրաշալի կերպով է տիրապետում: Արդյունքըՙ ընտրությունների արդյունքը:
Ըստ այդ արդյունքիՙ պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքն է Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրի» մրցակիցը, ինչը ընտրապայքարի ժամանակ ենթադրելի էր, բայց ոչ վերջնականապես հստակ: Ակնհայտ է, որ ընդդիմության համար այս արդյունքը շոկային էր: Ըստ էության, բացի Փաշինյանից, ընդդիմադիր քաղաքական ուժերից եւ ոչ մեկը չօգտագործեց ամբոխին իշխելու գեբելսյան ոսկե կանոնները: Բոլորն էլ քարոզարշավը վարեցին հին, դասական մեթոդներովՙ փաստեր, ապացույցներ, ծրագրեր: Իսկ Փաշինյանը, բացի «նախկիններին» մրոտելուց, մուրճ ճոճելուց ու հաշվեհարդարի կոչերից, որեւէ ծրագիր չի ներկայացրել, անգամ չի խոսել սահմանային խնդիրներից, գերիների վերադարձից: Ելույթների ժամանակ ոչ մի կառուցողական, ծրագրային ելք չի ներկայացրելՙ ինչպես է ղեկավարելու երկիրը: Սա հասկանում էր ինտելեկտուալ հատվածը ու տարակուսած նայում նրանց, որոնց վրա առաջինն են անդրադառնալու Փաշինյանի վատ կառավարման հետեւանքները, բայց որոնք, էյֆորիայի մեջ, ֆետիշացնում ու Մեսիայի տեղ էին ընդունում անծրագիր, անհեռանկար, ռեսուրսազուրկ, գաղափարազուրկ, քաղաքական իմիջը կորցրած Փաշինյանին:
Փաշինյանը 3 տարի ասում էՙ ես ձեզանից մեկն եմ, դուք եք այս երկրի վարչապետը. ականջահաճո խոսքեր, էյֆորիա ծնող կոչեր, ոչ ավելին, բայց այսքանն է պետք հանրության մի ստվար զանգվածին: Ընդամենը 3000 դրամ թոշակի բարձրացում, ասֆալտապատ ճանապարհ ու վերջ:
Այս ձեւաչափով ու տեխնոլոգիայով, այսինքնՙ նիկոլավարի, ոչ մի ընդդիմադիր գործիչ չխոսեց ընտրազանգվածի հետ: Չէ՞ր կարող. կարո՛ղ էր, չէ՞ր ուզում. թերեւս: Որովհետեւ տեսակի, էության, մտածելակերպի, ԴՆԹ-ի, հոգեկերտվածքի տարբերության հարցեր կան: Շաբաթների ընթացքում հանրությանը կրթել հնարավոր չէր, ինչպես հնարավոր չէր քաղաքական կեցվածքը, ոճն ու կշիռը վերափոխելն ու հանուն քվեիՙ դառնալ Նիկոլ:
ՆԱԻՐ ՅԱՆ