Եվրասիական փորձագիտական ակումբը տասներորդ անգամ անընդմեջ ամենամյա տնտեսագիտական հետազոտություն է իրականացրել Հայաստանի տնտեսության վիճակի մասին՝ ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամության համատեքստում: Այդ հետազոտությունը, ձեւավորված ավանդույթի համաձայն, անց են կացրել մեր ճանաչված տնտեսագետներ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի եւ դոցենտ Աղասի Թավադյանի գլխավորած աշխատանքային խմբերը:
Ինչպես քաջ հայտնի է, 2024թ. լրանում է Եվրասիական տնտեսական միության հիմնադրման տասնամյակը: Այս տարի նաեւ Հայաստանը նախագահում է այդ ինտեգրացիոն միավորումում եւ հասարակությունը (ինչպես հասարակական-քաղաքական դաշտը, այնպես էլ մեդիա տարածքը) հետաքրքրությամբ հետեւում են վերոհիշյալ կառույցում մեր երկրի անդամությանը:
Միանգամից նշենք, որ մեր առաջատար մասնագետների կանխատեսումները տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի մասին վերջին երկու տարում արդարացել են ամբողջովին, եւ դա օգնում է մեզ շարունակել մեր հետազոտությունները, կանխատեսումներ անել մեր երկրի օգուտների եւ շահի մասին եվրասիական ինտեգրացիոն գործընթացին մասնակցությունից:
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում մեր ամենամյա տնտեսագիտական հետազոտության համառոտ բովանդակությունն ու որոշ արդիական եզրակացություններ:
2023թ. տնտեսական աճի վերլուծություն
2023թ. Հայաստանի տնտեսությունը ցույց է տվել զարգացման շատ բարձր տեմպեր: Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ ԵԱՏՄ-ում առաջատարն է տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշների գծով: Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության աճ 9,4%-ով: Համախառն ներքին արդյունքն աճել է 8,5%-ով: Հայաստանը դարձել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մեծ տարածաշրջանում բացարձակ առաջատար՝ վենչուրային ներդրումների ներգրավվման գծով: Տարվա ընթացքում արդյունաբերական արտադրության ծավալը աճել է 4,1%-ով, շինարարության ծավալները մեծացել են 14,8%-ով: Ներքին առեւտրի շրջանառությունը աճել է 25,7%: Ծառայությունների ոլորտի ծավալը աճել է 10,3%: Կարեւոր է նշել, որ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը կրճատվել է 0,3%-ով, եւ դա այն դեպքում, երբ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները շարունակում են աճել: Ակնհայտ է, որ հարկավոր են պետության աջակցության լրացուցիչ միջոցներ, որպեսզի Հայաստանի գյուղատնտեսությունը դրվի կայուն, առաջանցիկ զարգացման ուղու վրա:
Նշանակալից ծավալներով մեծացել են մեր երկրի արտահանումն ու ներկրումը: Նշանակալից չափերով մեծացել է Հայաստանի արտաքին առեւտրական շրջանառությունը: Արտահանումը աճել է 55,3%-ով: Ներկրումն աճել է 40,2%-ով: Վերջին երկու տարում Հայաստանի արտահանումն աճել է 2,8 անգամ, իսկ ներկրումն աճել է 2,3 անգամ:
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը: ԵԱՏՄ-ն հստակորեն առաջատարի դերում է մեր երկրի արտաքին առեւտրական գործընկերների ցուցակում: Ռուսաստանին է բաժին ընկնում հայկական արտահանման 40,6%: Եթե մինչեւ 2020թ. մեր երկրի արտահանման գլխավոր ապրանքը կոնյակն էր, ապա այժմ արտահանումը շատ ավելի դիվերսիֆիկացված է: Հետաքրքիր է, որ Հայաստանի արտահանման 34,4% այս տարի բաժին է ընկել Արաբական միացյալ էմիրություններին եւ Հոնկոնգին: Վերջին երկու տարում տեղի է ունեցել այդ երկու ուղղությամբ արտահանման 35-անգամյա աճ: Սա հնարավոր է դարձել Ռուսաստանից ոսկու եւ թանկարժեք քարերի՝ այդ հասցեներով վերաարտահանման հաշվին: Դեպի Ռուսաստան արտահանվում է գլխավորապես պատրաստի արտադրանք, որը արտադրված է մեր երկրում: Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանում կառավարության եւ բիզնես հատվածի համատեղ ջանքերով իրականացվեն միջոցառումներ արդյունաբերական ներուժի հզորացման ուղղությամբ, ինչը կողմնորոշված կլինի դեպի արտահանում, առաջին հերթին ԵԱՏՄ ուղղությամբ: Անցյալ տնտեսական տարին ցույց տվեց, որ արտաքին առեւտրական շրջանառության տպավորիչ աճը մեծապես պայմանավորված է դեպի Ռուսաստան հեռախոսների, ավտոմեքենաների, տեխնիկայի եւ սարքավորումների վերաարտահանմամբ, հետո միայն քիմիական արտադրանքի, պլասմասաների, ապակու, ագրոարդյունաբերական արտադրանքի եւ հայկական արտադրության այլ ապրանքների արտահանմամբ: Հասկանալի է, որ սա արդյունք է գլոբալ անկայուն քաղաքական-տնտեսական վիճակի, եւ սրա հետ հույս կապել երկարաժամկետ կտրվածքով չարժե: Սակայն կան ռուսական եւ արեւմտյան փորձագիտական եզրակացություններ այն մասին, որ միջնաժամկետ հեռանկարում գլոբալ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները չեն փոխվելու, եւ մոտակա 2-3 տարին առկա իրավիճակը կպահպանվի: Դա մի ժամանակ է, որ հայկական բիզնեսը մի կողմից հարմարվի առկա գլոբալ եւ տարածաշրջանային իրողություններին, իսկ մյուս կողմից՝ օգտագործի այդ հնարավորությունը սեփական արտահանման ներուժի մեծացման համար, առաջին հերթին՝ պատրաստի արտադրանքի արտադրության:
Տնտեսական աճի իրական շարժիչների եւ նոր մարտահրավերների մասին
2023թ. Ռուսաստանը ցույց է տվել տնտեսական ակտիվության 3,5%-անոց աճ: Սա շատ լավ ցուցանիշ է: Աշխարհի առաջատար վարկանիշային գործակալությունների կանխատեսմամբ Ռուսաստանի տնտեսությունը 2024թ. կաճի եւս 2,5%-ով: Սա նշանակում է, որ ռուսաստանյան շուկան շարունակելու է մնալ չափազանց գրավիչ՝ բարեկամ երկրների բիզնեսի համար: Հայկական տնտեսությունը, հույս դնելով սեփական արտահանման ներուժը զարգացնելու վրա, մեծացնելով զբոսաշրջությունը եւ այլ ոլորտներ ու գործոններ, կարող է արձանագրել 2024թ. 7% եւ ավելի աճ: Մեր՝ Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար տնտեսագետները անում են զգույշ, բայց հիմնավորված հաշվարկ, որ եթե բարեհաճ միտումները մեր տնտեսության համար պահպանվեն տարվա ընթացքում, ապա տնտեսական ակտիվության եւ համախառն ներքին արդյունքի աճը կշարունակի ցույց տալ դինամիկ զարգացում:
Հայաստան ուղարկվող ուղիղ տրանսֆերտների 67% 2023թ. եղել է Ռուսաստանից եւ միայն 12%՝ ԱՄՆ-ից: Միաժամանակ կարեւոր է հասկանալ, որ անցած տարվա երկրորդ կիսամյակում մուտք գործող տրանսֆերտների ծավալը շեշտակիորեն պակասել է, եւ դա թույլ է տալիս կանխատեսում անել այն մասին, որ 2024թ. տրանսֆերտների ծավալը կարող է նվազել մինչեւ 15%:
Շատ դինամիկ զարգացում է ապրում Հայաստանի զբոսաշրջային ոլորտը: 2,3 մլն. արտասահմանյան զբոսաշրջիկների 50% Ռուսաստանի քաղաքացիներ են: Պետք է նշել, որ 2024թ. զբոսաշրջության ծավալները կարող են էլ ավելի մեծանալ: Զբոսաշրջիկների զանգվածային հոսքի նոր ուղղություններ են յուրացվում Հնդկաստանից, Չինաստանից, Ֆիլիպիններից, Հարավային Կորեայից եւ Մեծ Եվրասիայի որոշ այլ երկրներից:
Տարվա ընթացքում նկատվել է արտահանման եւ ներկրման կառուցվածքի վատթարացում: Պետք է ուշադիր լինել, որ մեր բիզնեսի այժմեական հաջողությունների հետեւում չկորցնենք տնտեսական զարգացման առաջատար ուղղությունների իրական կարիքների տեսանելիությունը եւ դրանց աջակցենք 2024 եւ 2025թթ.:
ԵԱՏՄ երկրների փորձագիտական մշակումները թույլ են տալիս հաստատել, որ եվրասիական հնգյակի երկրների արտաքին առեւտրական շրջանառությունը կշարունակի աճել 2025թ. առաջին կեսին: Այնուհետեւ կանխատեսվում է այդ ցուցանիշների որոշակի անկում:
Այս ամենից ակնհայտ է դառնում, որ 2023թ. հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացումն անվիճելիորեն եւ ակնհայտորեն փաստարկ է՝ բոլոր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացման համար: Հայկական արտահանման հետագա դիվերսիֆիկացումը, այդ գործընթացում նոր գործընկերների ընդգրկումը չի կարող փոխարինել տեսանելի հեռանկարում Ռուսաստանի եւ ԵԱՏՄ մյուս անդամ գործընկերների հետ համագործակցությանը:
Հարկ է կրճատ կանգ առնել որոշ մարտահրավերների վրա: Դեպի Ռուսաստան մեքենաների եւ սարքավորումների վերաարտահանման մեծացումը նշանակալից չափով նպաստել է, ընդհանուր առմամբ, արտահանման մեծացմանը: Ա.Թավադյանը կարծում է, որ 2023թ. օգոստոսին Վրաստանի եւ Ռուսաստանի կողմից մտցված ավտոմեքենաների վերարտահանման վրա սահմանափակումները շատ մեծ չափով կսահմանափակեն Ռուսաստանի ուղղությամբ ավտոմեքենաների վերաարտահանումը: Այսպիսով, 2024թ. ավտոմեքենաների վերաարտահանում այլեւս չի սպասվելու:
Այն պայմաններում, երբ վերաարտահանվում են գլխավորապես ոսկի եւ տանկարժեք քարեր (ինչը տեղ ուներ անցյալ տարի), իսկ բանկերում տոկոսադրույքները բարձր են, զարգացնել արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը շատ բարդ է:
Մեր փորձագետները համոզված են, որ Հայաստանը պետք է ակտիվորեն զարգացնի այն ճյուղերը, որտեղ բարձր ավելացված արժեք է ստեղծվում, որը ունի նաեւ արտահանվելու հեռանկար: Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը խրախուսում է տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածը հարկային արտոնությունների օգտագործմամբ, ինչպես նաեւ աջակցում է բանկային համակարգին կառուցապատողից նոր բնակարան գնելու պարագայում եկամտահարկը վերադարձնելու միջոցով: ՏՏ կազմակերպությունների առաջխաղացումը եւ եկամտահարկի վերադարձի մասին օրենքը հիմնականում նպաստում են աշխատավարձերի ստեղծմանն ու մեծացմանը ՏՏ ոլորտի, շինարարության, ծառայությունների եւ ֆինանսների հատվածներում, որոնք հիմնականում կենտրոնացած են Երեւանում: Այս միտումը խորացնում է ճեղքվածքը Երեւանի եւ մարզերի զարգացման մակարդակի միջեւ, քանի որ նոր աշխատատեղերը ստեղծվում են հիմնականում մայրաքաղաքում: Պարզ է դառնում նաեւ, որ վերջին տարիների տնտեսական աճի արդյունքում Հայաստանում մեծանում է հարուստների եւ աղքատների միջեւ շերտավորումը: Պրոֆ. Մանասերյանը կարծում է, որ աղքատությունը Հայաստանում տնտեսական զարգացման պայմաններում չի կրճատվում եւ սա լուրջ սոցիալական հիմնախնդիր է: Ակնհայտ է, որ պետական համակարգը հայացքը պետք է ուղղի դեպի այս հիմնախնդիրը:
Քանի որ ԵԱՏՄ-ն արտահանման տեսանկյունից հանդիսանում է Հայաստանի ամենադիվերսիֆիկացված ուղղությունը, հարկ է ակտիվորեն ներգրավվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի նախագծերին: Նոր, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ պատրաստի արտադրանք թողարկելու հնարավորությամբ անվիճելիորեն կհանգեցնի նոր աշխատատեղերի թվի մեծացմանը:
Պրոֆ. Մանասերյանը կարծում է նաեւ, որ տնտեսական աճը 2024թ. մեծապես պայմանավորված կլինի ժամանակավոր եւ աշխարհաքաղաքական գործոններով, որոնք կարող են չեզոքացվել, տնտեսությունը թողնելով առանց աճի շարժիչների:
Տնտեսական զարգացմանը կարող է նպաստել նաեւ ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ ազատ տնտեսական գոտին: Այդ մասին համաձայնագիր է ստորագրվել 2023թ. դեկտեմբերի 25-ին Սանկտ-Պետերբուրգում: Հայաստանի տնտեսությունը մեծ չափով կարող է տուժել հայ-թուրքական սահմանի արագ բացման հնարավորության դեպքում, քանի որ կարող է տեղի ունենալ թուրքական ավելի էժան արտադրանքի լայնամասշտաբ էքսպանսիա:
Միեւնույն ժամանակ կարեւոր նշանակություն է ձեռք բերում տնտեսության արդյունավետ կառավարումը, ինչպես նաեւ հայկական Սփյուռքի մասնագիտական ներուժի օգտագործումը: Այս ուղղությամբ հնարավոր դրական տեղաշարժերի արդյունքում կարելի է կանխատեսել, որ գործարար ակտիվության գործակիցը կաճի 7%-ից ավելի չափով:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Երեւանի պետական համալսարանի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող