Հիմա, երբ անդրադառնում ենք 44-օրյա պատերազմին և դրանից հետո կապիտուլյացիոն պայմանագրի կնքմանը նախորդած գործընթացներին, երբ դիտարկում ենք մեր ռազմական և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների և գործիչների բարձրաձայնած սուղ մտքերը, ակնհայտ է դառնում , որ այս երկու մակարդակներում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք հանուն մեր պետության և մեր ազգային շահերի չէ, որ գործել են։
Ցանկացած դեպքում, առանց լուրջ վերլուծության, առանց աղբյուրագիտական ուսումնասիրությունների՝ զուտ որպես վերադասից ստացված հրաման ու հանձնարարություն կատարող են եղել մեր սպաներն էլ, դիվանագետներն էլ։ Ընդամենը։
Եվ այն տպավորությունը, թե ԼՂՀ բանակցային պրոցեսի ողջ փաթեթին չի տիրապետել նաև երկրի թիվ մեկ պաշտոնյան և չի էլ ցանկացել տիրապետել, բնավ էլ հիպոթետիկ չէ։ Ինչպես հիպոթետիկ չէ, որ ի սկզբանե մեր իշխանություններին հենց թշնամու կողմից ցույց են տրվել ինչ-որ քարտեզներ, որոնք բոլոր դեպքերում Ադրբեջանի շահն են առաջ տանում։
Այսօր ասուլիսի ժամանակ ԱԳ փոխնախարարի միտքը, թե՝ «այս պահին Արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտություն կա և մեր ջանքերն ուղղված են այդ նպատակին հասնելուն, իսկ մնացած բոլոր հարցերը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը, քննարկվում են և քննարկվելու են խաղաղ գործընթացի շրջանակներում»՝ ոչնչի մասին են:
Հարց է ծագում, եթե դեռ նոր պիտի վերսկսվի մի գործընթաց, որին հասնելու համար էլ ջանքեր պիտի գործադրվեն, ուրեմն այդ ի՞նչ գործընթացներ և ի՞նչ իրավունքով կամ ու՞մ թույլտվությամբ էին սկսվել և տեղի ունենում դեռ անցյալ տարվա նոյեմբերից Սոթքում, հետո՝ մայիսից՝ Սյունիքում։
Այդ ո՞նց ստացվեց, որ դեռ անցյալ տարի անդրադառնալով Սոթքի հանքի տարածք ադրբեջանցիների մուտք գործելու մասին լուրերին՝ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը մի կողմից հայտարարում էր, թե՝ «այո, մտել են հանքի տարածք, երեք դիրք են տեղադրել տարածքում, որոնցից մեկը հանքի եզրագծով», մյուս կողմից էլ, թե՝ «նման բան չի եղել» և որ «մեր զորքերը սահմանի պաշտպանությունն իրականացնում են մեր պետական սահմանի նախկինում գոյություն ունեցող եզրագծով, թե՝ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր»։
Մինչդեռ, թե Սոթքում, թե՛ Սյունիքում ադրբեջանցիները քայլ առ քայլ առաջ գալով ուղղակի նվաճեցին մեր ջրային ավազանները , մեր ստրատեգիական բոլոր բարձունքները։ ՈՒ հիմա մեր բոլոր բնակավայրերը նրանց ափի մեջ են։ Այս ամենը ո՞նց, ինչի՞ հիման վրա տեղի ունեցավ։
«Անվտանգային սպառնալիքի դեպքում մեր միջամտությունը կլինի»՝ ասող Տիրան Խաչատրյանը հիշու՞մ է արդյոք իր այս խոսքերը։ Իսկ գիտի՞, թե՞ անվտանգային ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած սահմանային գյուղերում ապրող մեր քաղաքացիները՝ Սյունիքում և Գեղարքունիքում։ Եթե գիտի, հապա ու՞ր մնաց «անվտանգային սպառնալիքի դեպքում» նրա հիշատակած միջամտությունը։ Հիշենք, թե դեռ 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին հրատապության ի՜նչ ռեժիմով էր երկրի վարչապետ համարվող անձը ադրբեջանցիների կամքին հլու՝ GPS համակարգը «Սուրբ գիրք» դարձրած՝ անձամբ սկսել Հայաստանի մասնատումը։ Իսկ այն բազմակողմանի էր տեղի ունենում՝ Սոթքից Երասխ, Երասխից՝ Սյունիք․․․
Այսօր, երբ հարց տվեցին ԱԳ փոխնախարարին՝ թե՞ Հայաստան-ադրբեջան սահմանագծում-սահմանազատման շուրջ բանակցությունների ժամանակ կողմերն ի՞նչ քարտեզներով են առաջնորդվելու, վերջինս շատ տարօրինակ կերպով ասաց, թե՝ «քանի դեռ չկան այդ բանակցությունները, վաղաժամ է խոսել՝ թե ի՞նչ քարտեզներով և ի՞նչ փաստաթղթերով ենք առաջնորդվելու։ Երբ դրանք լինեն, նոր այդ հարցերին կանդրադառնանք»
Այդ դեպքում, ի՞նչ են անում ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքներում, ի՞նչ հիմքով են նրանք մեր սահմանը խախտելով՝ ներս խուժել և ինչու՞ մեր պաշտպանության ոլորտի պատասխանատուների, մեր ԶՈՒ կողմից համապատասխան հակահարված չեն ստացել և չեն ստանում։ Կա՞ արդյոք աշխարհում երկրորդ մի պետության ՊՆ և ԱԳՆ, որտեղ ձեռքերը ծալած նստում են և սպասում, թե թշնամին ե՞րբ պիտի իր ուզածի չափ առաջ գա, ամրաշինական աշխատանքներ կատարի, դիրքավորվի։ Չկա, Հայաստանն է միայն, որտեղ բարձրաստիճան սպաներն իրենց անգործությամբ և լռությամբ օգնում են, որ ադրբեջանական զինուժը մեր սահմանից կիլոմետրեր ներս տեղակայվի զորքով ու զենքով, որ հետո սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսվի։ Իսկ չե՞ն հասկանում վերը նշված գերատեսչությունների պատասխանատուները, որ այդ ժամանակ արդեն բանը բանից անցած կլինի, իսկ «դելիմիտացիա-դեմարկացիա» աբսուրդի թատրոնն՝ իրականացված։ Այսինքն, ադրբեջան կոչվող պետության շահերին և թշնամու բերած քարտեզներին համահունչ և համապատասխան։ Իսկ, ի՞նչ է, հայ դիվանագետներն ու ռազմական ոլորտի պատասխանատուները չգիտե՞ն, ինչ ասել է՝ թուրքական քաղաքականություն, չգիտե՞ն, որ թուրքին միայն մի ոտնաչափ տեղ թողնես առաջ գա, մնացածին՝ ինքը կհասնի։ Ի վերջո՝ ներկա իշխանության պատասխանատուները չգիտե՞ն, որ էլի քարտեզներ կան, որոնք գծված են նույն՝ ԽՍՀՄ-ի օրոք։ Սակայն դրանք պահվում են, մեջտեղ չեն բերվում։ Ամեն աստծո օր այդ մասին ասում է լոնդոնաբնակ քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը։ Այդ քարտեզների մասին գրքեր է գրել, որոնք տարբեր լեզուներով թարգմանված են և բացահայտում են իսկությունը։ Լավ, ՀՀ ներկա իշխանության մեջ գեթ մեկ պաշտոնյա չկա՞, որ Հայաստանի շահը կարևորի, այլ ոչ թե՝ հակահայ հրամաններ կատարի, որոնք թուրքադրբեջանական տանդեմի շահն են սպասարկում։
Եթե չկա, ուրեմն, ստացվում է, որ ոչ միայն կապիտուլյացիոն փաստաթուղթն ստորագրած անձը, այլև ՀՀ ՊՆ-ն և ՀՀ ԱԳՆ-ն ամբողջովին մասնակից են և իրականացնողը Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ կատարվող սոսկալի հանցագործության։
Քանզի երբ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը Հայաստանի գյուղերը թուրքական անուններով է կոչում և JPS համակարգով ի շահ ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը մաս-մաս անում և դրանից հետո ՝ Ալիևի վկայակոչած քարտեզների մասին հիշատակում, իսկ ՀՀ բարձրաստիճան սպաները լռում են, իսկ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչները «տավտալոգիաներ» են դուրս տալիս, ուրեմն իրենք էլ նույնքան մեղավոր են կատարված հանցագործության մեջ։
Աղբյուր` Փաստինֆո